«Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ծախսերի համար կառավարությունը իրականացրել է շուրջ 120 միլիարդ դրամի հատկացում, դրանից 52 միլիարդ դրամն է, որ հատկացվել է հիմնադրամի կողմից»,-այսօր կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ 2020 թվականի բյուջեի հետ կապված կար, գուցե հիմա էլ կա շատ մեծ շահարկում, խոսքը, մասնավորապես՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից փոխանցված գումարների մասին է: Փաշինյանի խոսքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը վստահություն է հայտնել, որ գումարները նպատակային են օգտագործվել. «ԱԺ-ում 2020-ի բյուջեի հաշվետվության ժամանակ դռնփակ ռեժիմով մանրամասն, տող առ տող պետք է ներկայացվի, թե ինչի վրա է ծախսվել 120 մլրդ դրամը, որ այս թեման վերջնականապես փակվի, եթե դեռ փակված չի»:
Վարչապետը նշեց, որ որոշում են կայացրել 110 միլիարդ դրամ հատկացնել Արցախում ենթակառուցվածքային եւ բնակարանաշինության ծրագիր իրականացնելու համար՝ երեք տարվա ընթացքում. «Սա «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացրած բոլոր ծրագրերից ավելի մեծ ծրագիր կլինի: Այսինքն 3 տարում Արցախում ավելի մեծ ծրագիր կիրականացվի, քան «Հայաստան» հիմնադրամի ստեղծման օրից 29 տարվա ընթացքում»:
Փաշինյանն այս մասին հայտարարեց, երբ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստում տնտեսական որոշ ցուցանիշներ էր ներկայացնում: Ըստ պարոն Ջանջուղազյանի, Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված. «ՀՀ տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, սա հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման նպատակը»: Նրա խոսքով, 2019 թվականի վերելքը հնարավորություն տվեց ծախսային քաղաքականության համար նախատեսված միջոցները վերանայել:
Նաեւ ասաց, որ 2020 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել են ամենաարագ աջակցությունը՝ հաշվի առնելով տնտեսական անկման կանխատեսումը. «Ճգնաժամի ժամանակահատվածում թեպետ կանխատեսվել էր, որ ունենալու ենք տնտեսական անկում, բայց ստանձնված բոլոր պարտավորությունները կատարվել են»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ