Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքում է, աջակիցներն էլ շենքի դիմաց են։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած երեկվա այցից հետո իրավապահները բերման են ենթարկում կամ հարցաքննության կանչում Սյունիքի մի շարք համայնքապետերի եւ քաղաքացիների։ Իշխանամետները երեկվանից լուրեր են տարածում, թե Մխիթար Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի կազմակերպիչներից է։
«Նախ, Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչակարգը դրդում, ստեղծում են հանրային տրամադրություններ, քրեածին իրավիճակներ, ներքաշում իրավապահ համակարգին»,-ՔԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ այն, ինչ երեկ տեղի ունեցավ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի հրահրմամբ, դրդմամբ, սադրանքով` փորձ էր քաղաքացիների անհնազանդությունը ներկայացնել որպես հանցագործություն, սերմանել վախի մթնոլորտ։ «Հիմա պետական ահաբեկչական ակտ է իրականացնում Նիկոլ Փաշինյանը, որին պետք է դիմադրի ողջ հայ ժողովուրդը։ Դավադիր ծրագիր է իրականացնում Նիկոլ Փաշինյանը, եւ բնական է, որ ընդվզում պետք է լինի։ Թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է՝ որպես սադրիչ»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Նրա բնորոշմամբ՝ այն, ինչ քննչական կոմիտեն կփորձի որպես կասկած առաջադրել պատերազմի մասնակիցներին, դա շարունակաբար կկոտրի հայի ոգին պահած մարդկանց․ «Դա իրենց չի հաջողվելու։ Իրավապահ մարմինները պարտավոր են գիտակցել, որ սա արժանապատիվ սյունեցու երկիրն է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ