Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերը հասանելի կլինեն նաև արաբերեն

Ապրիլ 22,2021 13:20

Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հայտարարեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ լայնորեն կիրառվող իր կայքէջի արաբերեն տարբերակի գործարկման մասին, որը կշարունակի ընդլայնվել առաջիկա ամիսների ընթացքում:

Կայքէջ հնարավոր է մուտք գործել arabic.armenian-genocide.org հղումով կամ ANI-ի հիմնական կայքէջի միջոցով՝ https://www.armenian-genocide.org/:

ANI-ի կայքէջը պարունակում է ծավալուն արձանագրություններ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության պատմության և հաստատման վերաբերյալ, երբ 1,5 միլիոն հայեր զոհ գնացին երիտթուրքական կառավարության զանգվածային տեղահանության և բնաջնջման քաղաքականությանը: Արաբերեն լեզվով կայքէջի նախնական թողարկումը ներառում է ցեղասպանության ժամանակագրությունը, հաճախ տրվող հարցեր, բնօրինակ փաստաթղթերով հիմնավորում, արխիվային նյութեր, հղումներ միջազգային հաստատմանը և ժամանակակից լուսանկարչական ապացույցներ, ինչպես նաև հղումներ Ամերիկայի Հայոց ցեղասպանության առցանց թանգարանին, իրավական փաստաթղթեր, հատուկ ցուցահանդեսներ, կրթական ռեսուրսներ և ավելին:

«Այս ռեսուրսները նախկինում հասանելի չեն եղել արաբախոսներին: Սակայն, առավել քան երբևէ արդիական է այն դերը, որը շատ արաբական պետություններ խաղացել են՝ նվազեցնելու Հայոց ցեղասպանության հետևանքները և այդ պատմությունը ժխտելու ու վերաշարադրելու Թուրքիայի կառավարության կողմից առաջադրված վտանգները: Մենք գիտենք Թուրքիայի գրաքննության հետևանքներն իր իսկ պատմության վրա և ուրախ ենք տրամադրել այս ռեսուրսները արաբերեն ընթերցող գիտնականներին, ուսուցիչներին և հասարակությանը»,– ասաց ANI-ի խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը:

«Ցեղասպանության ընթացքում, իհարկե, Օսմանյան Թուրքիայի կառավարությունը արաբական գիր էր օգտագործում, այդ թվում՝ արձանագրելու համար կառավարության սեփական հետպատերազմյան դատավարությունները, որտեղ թուրք առաջնորդները դատապարտվում էին հայ ազգի բնաջնջման պլանավորման և իրականացման համար: Ժամանակի ընթացքում մենք նաև կավելացնենք արաբատառ բնօրինակ փաստաթղթեր: Ամենից շատ մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս ծրագրի մշակման գործում և անհամբեր սպասում ենք դրա ընդլայնմանը»,– նշեց Գրիգորյանը:

Հայոց ցեղասպանությունից հետո արաբական աշխարհում ստեղծվեցին սփյուռքի խոշոր համայնքներ: Ի տարբերություն Օսմանյան Թուրքիայի տարածքում հինավուրց հայկական կենտրոնների ոչնչացմանը, վերապրածների ու փախստականների կողմից հիմնված Մերձավոր Արևելքի նորաստեղծ համայնքները վերականգնվեցին ու ծաղկեցին հաջորդ տասնամյակների ընթացքում, և խոշոր հայկական համայնքներ շարունակում են գոյություն ունենալ ողջ տարածաշրջանում: Լիբանանի ու Սիրիայի պես երկրները նույնպես այն 30 երկրների ցանկում են, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Երիտթուրքերի ցեղասպանության քաղաքականության ամենավաղ քննադատների շարքում էր Մեքքայի շարիֆ Ալ-Հուսեյն իբն ‘Ալին, որը կոչ էր անում մահմեդական եղբայրներին պաշտպանել, օգնել և պաշտպանել տեղահանված հայերին: Իսլամի սուրբ վայրերի պահապանի կողմից այս հատկանշական հայտարարությունը մեծ ուշադրության արժանացավ և խիստ հակադրվեց Օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում կրոնական ղեկավարության կողմից ջիհադի հռչակմանը:

ANI-ի կայքէջը պարունակում է նաև հղումներ ամբողջ աշխարհի հուշահամալիրներին, այդ թվում՝ Սիրիայի Դեր Զոր քաղաքում գտնվող «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եկեղեցի»-ին, որը կանխամտածված ոչնչացվեց 2014թ.-ին ահաբեկչական ուժերի կողմից, որոնք իրենց գործողությունները համակարգում էին Թուրքիայում Էրդողանի ռեժիմի հետ:

Եվս մեկ անգամ աջակիցների ու կամավորների առաջնակարգ մի թիմ օգնեց ANI-ի մասնագիտական անձնակազմին իրականացնել ANI-ի կայքէջի արաբերեն լեզվով տարբերակի թողարկումը: Ջենի Չեքերջյանը ստանձնեց կայքէջում տեղադրված մեծ քանակությամբ տեղեկատվության զգալի մասերի թարգմանությունը: Հակոբ Վարդիվարյանը խմբագրական աջակցություն ցուցաբերեց, իսկ Վաչէ Սարգսյանը սերտ համագործակցեց Չեքերջյանի հետ՝ կարևորագույն արձանագրությունների հնարավորինս ճշգրիտ թարգմանություն ապահովելու համար, ինչպես նաև համակարգված աշխատեց ANI-ի երկարամյա կայքէջի վարիչ Մարկ Մալքասյանի հետ՝ կայքէջը արաբատառ վերբեռնելու համար:

«ANI կայքէջի ու դրա թարգմանությունների շարունակական ընդլայնումը եղել է համագործակցային նախագիծ՝ հայկական սփյուռքի բազմաթիվ աջակիցների և մեր ոչ հայ ընկերների մասնակցությամբ, ովքեր գնահատում են Հայոց ցեղասպանությունը հաստատող վճռորոշ գրառումները հեշտ հասանելի դարձնելու կարևորությունը»,– հայտարարեց ANI-ի տնօրեն, դոկտոր Ռուբեն Ադալյան: «Տարբեր մայրցամաքներից նրանք կիսել են մեզ հետ իրենց ժամանակը, տաղանդը և քաջալերանքը: Արաբերեն տարբերակը ընթացքի մեջ գտնվող աշխատանք է, և մենք ողջունում ենք կառուցողական մեկնաբանություններ գիտնականներից ու մտահոգ անհատների համայնքից, որոնք աշխարհում ամենուրեք աշխատում են մարդու իրավունքները պաշտպանելու և մարդկային կյանքը պահպանելու համար»:

ANI-ն պահպանում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ առցանց ռեսուրսների մի մեծ շարք: Առցանց թանգարանը ինտերակտիվ մի վայր է, որը թույլ է տալիս այցելուներին ընթանալ իրենց սեփական արագությամբ և ներառում է մի շատ հայտնի ներածական տեսանյութ: Հայոց ցեղասպանության հարյուրամյակից ի վեր ANI-ի կողմից թողարկված մի շարք թվային ցուցահանդեսները վերաբերում են 1915թ.-ից սկսած հայ ժողովրդի փորձությունների բազմաթիվ դրվագներին: ANI-ի թվային ցուցահանդեսները հիմնված են ԱՄՆ արխիվային պահեստների լուսանկարչական հավաքածուների վրա և փաստագրում են ամերիկացի կամավորների լայնածավալ մարդասիրական միջամտությունը. կամավորները ժամանեցին Հայաստան և ողջ Մերձավոր Արևելք անմիջապես ցեղասպանությունից հետո:

24 տարի առաջ իր սկզբնավորման օրվանից Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջատար ինստիտուցիոնալ կայքէջը՝ ANI-ի կայքէջը, ամեն տարի գրանցում է միլիոնավոր այցելուներ: Մանկավարժների և ուսանողների կողմից լայնորեն կիրառվող կայքէջը նաև լրագրողների, պետական պաշտոնյաների և հասարակության կողմից ակտիվորեն կիրառվող տեղեկատվության հիմնական աղբյուրն է՝ ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումներին նախապատրաստվելու համար: Արաբերեն լեզվով ANI-ի կայքէջի ստեղծումը հաջորդում է ավելի վաղ կայքէջի թուրքերեն և իսպաներեն լեզուներով տարբերակների հաջող գործարկմանը: Հայոց ցեղասպանության մասին ավելի շատ տեղեկություններ կարելի է բացահայտել նաև ANI-ի Թվիթերյան հղման միջոցով:

Հայկական ազգային ինստիտուտը (ANI) հիմնադրվել է 1997 թվականին: Այն 501(c)(3) ուսուցողական բարեգործական կազմակերպություն է Վաշինգտոնում, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության ուսումնասիրմանը, հետազոտմանն ու հաստատմանը:

Հայկական ազգային ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930