«Մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել, և, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ 2021 թվականի մարտին մենք աշխատատեղերի եկամուտ եւ աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել»,-այսօր այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2018 թվականի համեմատ այս տարի կա 85 հազար 38 աշխատատեղի տարբերություն:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ տարվա մարտի համեմատությամբ այս տարվա մարտին հարկման բազա ունեցող աշխատատեղերն ավելացել են 2500-ով. «Հաշվի առնելով անցյալ տարվա մարտից համավարակի առկայությունը, եւ դրա հնարավոր ազդեցությունը, համեմատական վերլուծություն իրականացվել է նաեւ 2019-ի համեմատ: 2019-ի մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավել է 38 հազարով: Հարկման բազան կազմել է 131 միլիարդ դրամ եւ այդ ցուցանիշը 2020-ի համեմատ ավել է 7,5 մլրդ դրամով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 միլիարդով: Միջին աշխատավարձը, միջին հարկման բազան կազմել է 211 500 դրամ, որը 2020-ի նկատմամբ ավել է 12 հազարով, իսկ 2019-ի համեմատ ավել է շուրջ 28 հազարով»:
ՊԵԿ նախագահը հավելեց, որ այս ցուցանիշների հավաստիությանը կասկածելն «անմտություն» է: Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ այս տվյալները հիմնված են հենց հարկ վճարողների ներկայացրած հաշվետվությունների վրա, եւ այդ եկամուտներից նրանք հարկ են վճարել:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով, վերլուծությունները ցույց են տալիս, որ սա տնտեսական աճի հետեւանք է. «Այս տեմպերով, որ գնանք, կունենանք գրանցված աշխատատեղերի ռեկորդ Հայաստանի պատմության մեջ: Սա խոսում է այն մասին, որ աշխատատեղերի շուկան ամբողջությամբ վերականգնվել է: Անհամբերությամբ սպասում ենք վիճակագրության կոմիտեի տվյալներին, որ տեսնենք, թե ինչ տվյալներ ունենք ՀՆԱ-ի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով գնաճին, ասաց, որ առեւտրաշրջանառության մասով պետք է հաշվի առնել, որ գնաճ էլ կա: ՊԵԿ նախագահը նույնպես փաստեց, որ գնաճի գործոնը կա. «Ապրիլ ամսվա ցուցանիշները, սակայն, դեռ հրապարակված չեն, շատ ավելի ուշ է համապատասխան վերլուծությունը հնարավոր է իրականացնել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ