«Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված մտավախությունները Ադրբեջանի կողմից ենթադրաբար գերեվարված 188 հայերի վերաբերյալ, Մոնիտորինգի կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերեվարված անձանց և նրանց հանձնել Հայաստանի իշխանությունների խնամքի ներքո»,- ամրագրված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարության մեջ:
Քիչ առաջ ավարտվեց Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի արդյունքում ընդունված հայտարարության մեջ հանձնաժողովը վստահեցնում է՝ հանձնաժողովը ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողություններին, ինչպես նաև նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո ընթացող զարգացումներին:
Կոմիտեն վստահեցնում է՝ ազգային կառավարությունները վստահության մեխանիզմների ամրապնդման, հաշտեցման գործընթացի և բանակցությունների վերսկսման հարցում մեծ դերակատարություն ունեն:
Հայտարարությունում կարևորվում է նաև ռազմական գործողությունների ընթացքում հակամարտության և մարդու իրավունքների ու մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծման անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Բարձրացվում է նաև մշակութային ժառանգության պահպանության հարցը, ինչպես նաև՝ Կոմիտեն երկու կողմերին կոչ է անում կառուցողական համագործակցություն սկսել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու նպատակով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ