Ապրիլի 21-ի ուշ երեկոյան «Հայրենիքի փրկության շարժման» անդամների ու համակիրների՝ կառավարական առանձնատան մոտ բողոքի ցույցի ժամանակ, ինչպես հայտնել էինք, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներ էին եղել, կային բերման ենթարկվածներ։
Միջադեպի տեսագրություններից մեկում մեկ տասնյակից ավելի «կարմիր բերետավորներ» ուժ են կիրառում արցախյան առաջին եւ 2020թ․ պատերազմի մասնակից, ՀՅԴ անդամ Թաթուլ Հարությունյանի նկատմամբ։
Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը, որը եւս միջադեպի վայրում էր, որոշ մանրամասներ պատմեց։
«Միջադեպի տեսագրությունները կան։ Ապօրինի կերպով բերման էին ենթարկում մեր որոշ ընկերներին, իսկ Թաթուլ Հարությունյանը փորձել էր կանխել, սակայն ոստիկանները հարձակվել են նրա վրա, քաշքշել, ծեծել»,-ասաց Սարգիս Հարությունյանը։
Կարդացեք նաև
Նրա փոխանցմամբ՝ ոստիկանական բաժանմունք տարվելուց հետո Թաթուլ Հարությունյանը դիմել է բուժկենտրոն՝ զննության համար․ «Վիճակը նորմալ է։ Ինքը շատ վիրավորումներ ուներ, խնդիրը դրանց հետ է կապված եղել։ Ցավեր ուներ։ Բեկորային վնասվածքները շատ էին, որոշները դեռ հեռացված չեն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ