Սյունիք կատարած այցը Նիկոլ Փաշինյանի համար հերթական անգամ ցանկալի արդյունքը չունեցավ: Մեղմ ասած, ականատես եղանք սյունեցիների դիմադրությանը և անհանդուրժողական վերաբերմունքին՝ մարզ այցելած Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրուցել ենք նշվածի ուղերձների մասին, անդրադարձել նաև առհասարակ Սյունիքի շուրջ առկա ակտիվությանը՝ նաև ԱՄՆ դեսպանի այցի տեսքով:
«Ես կարծում եմ, որ հիմնական ուղերձը, որը մենք տեսանք Սյունիքում, այն էր, թե ինչ իրական պահանջ ունի ժողովուրդը քաղաքական դաշտից ու քաղաքական առաջնորդներից: Ըստ էության, մարդիկ ցույց տվեցին, որ ոչ թե պետք է դավաճան, կապիտուլյանտ իշխանության հետ ինչ-որ բաներ համագործակցելու, պայմանավորվելու և ինչ-որ համատեղ քաղաքական գործընթացներ կազմակերպելու շուրջ համախմբվել, այլ դավաճանին ու այդ կապիտուլյացիոն ակտը ստորագրածին ուղղակի պետք է դուրս շպրտել իշխանությունից: Սա է այն իրական օրակարգը, որն այսօր կա ժողովրդի մոտ, բայց, ցավոք, քաղաքական ուժերի բացարձակ մեծամասնության կողմից պարզապես չի սպասարկվում: Մարդիկ ընտրությունների են պատրաստվում, մինչդեռ ժողովուրդը միանգամայն այլ պահանջ ու այլ ձգտումներ ունի: Երկրորդ կարևոր ուղերձը հետևյալն է. հանրային ճնշման միջոցով դավաճանին հեռացնելու մարտավարությունը կենսունակ է, այն կարող է արդյունավետ իրականացվել և պարզապես պետք է այդ ճանապարհով գնալ: Այն քաղաքական ուժերը, որոնք ասում են՝ հանրային ճնշմամբ հեռացնել չի ստացվի, թող տեսնեն, օրինակ՝ Ագարակի, Մեղրիի կադրերը: Հանրային ճնշման միջոցը չի սպառվում, ավելի հեռանկարային և արդյունքի հասնելու ավելի կարճ ճանապարհ է, պարզապես ճիշտ կազմակերպելու և ժողովրդին առաջնորդելու խնդիր կա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նա շեշտեց՝ այսօր Նիկոլ Փաշինյանին աղ ու հացով դիմավորող հասարակություն իրապես չկա:
Հաշվի առնելով մի կողմից՝ Սյունիքի բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական սադրանքները, Բաքվի հռետորաբանությունն ու թշնամանքը, մյուս կողմից՝ թշնամու հետ հարաբերություններ կառուցելու մասին ՀՀ իշխանությունների հետևողական թեզերը՝ քաղաքագետը նշեց. «Երկուսն էլ նույն օրակարգն են սպասարկում: Ե՛վ Ալիևը, և՛ Փաշինյանը, ըստ էության, լուծում են տարածաշրջանում թուրք-ադրբեջանական դաշինքի ուժեղացման խնդիրը: Նիկոլն այստեղ սպասարկում է թշնամու շահը: Իրականում մի բանի համար էր Սյունիք գնացել: Նպատակն էր նաև Ալիևին ցույց տալ, որ ինքն այստեղ վերահսկողություն ունի: Դրա համար եկել էին կադրեր հավաքելու ու աշխարհին ցույց տալու, թե իբր Նիկոլը Սյունիքում վերահսկողություն ունի, և կարողանալու է սպասարկել այն պահանջները, որոնք դրված են իր առջև թշնամու կողմից: Բայց մենք տեսնում ենք, որ ժողովուրդը թշնամու այդ օրակարգը ի չիք է դարձնում: Ժողովուրդն այս պահին թելադրում է իր քաղաքականությունը և՛ թշնամուն, և՛ դավաճան իշխանությանը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։