Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա վախ, չկա նաեւ հարգանք

Ապրիլ 22,2021 10:00

Վերջերս կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ինձ հետ զրույցում ուշագրավ մի միտք հայտնեց, որի իմաստը հետեւյալն է. առաջ Երեւանի պետական համալսարանի վերնախավի զգալի մասը (բազմաթիվ դեկաններ եւ ամբիոնների վարիչներ) վախենում էր իշխանությունից, հիմա չի վախենում, եւ դա լավ է: Բայց հիմա իշխանությունից թեեւ չեն վախենում, սակայն չեն էլ հարգում, իսկ դա վատ է:

Այդ օրինաչափությունը կարելի է, հավանաբար, տարածել ամբողջ հանրապետության վրա: Իհարկե, կան Փաշինյանի անդրդվելի երկրպագուներ, որոնք շարունակում եմ հիանալ նրա ամեն մի քայլով՝ հավանաբար, նաեւ զորավարի անզուգական տաղանդով: Բայց նրա հիմնական ընտրազանգվածի տրամադրությունն այլ է. «Նախկինները երկիրը թալանեցին, բանակը քանդեցին, խաբեցին՝ տվին Նիկոլի ձեռը, էդ խեղճ տղան ի՞նչ աներ»: Այստեղ կա համակրանք, բայց չկա հարգանք. թեեւ այդպես մտածողներն, ըստ ամենայնի, ձայն կտան «Իմ քայլին», բայց, նրանց վրա հիմնվելով, դժվար կլինի վերածնել մեր պետությունը, որովհետեւ այդ մարդիկ չգիտեն, թե ինչպես պետք է գործեն պետության մեխանիզմները, չեն պատկերացնում, թե ինչով պետք է զբաղվի պետության ղեկավարը: Եթե նման քաղաքացիները մեծամասնություն են կազմում, դա ուղղակի վտանգ է պետության համար:

Մինչեւ 2018 թվականը շատ մարդիկ Սյունիքի մարզում ահաբեկված էին Լիսկայից, քանի որ նրա եւ նրա ընտանիքի անդամների արարքները անպատիժ էին մնում (ի դեպ, մինչեւ հիմա էլ անպատիժ մնացին): Հիմա, բարեբախտաբար, վախ չկա, բայց չկա նաեւ հարգանք:

Արդյո՞ք սյունեցիներն իրավունք ունեն երկրի վարչապետին չհարգելու: Ինձ թվում է՝ այո. պատերազմում նվաստացուցիչ պարտությունը տասնապատիկ նվաստացուցիչ էր այս մարզի բնակիչների համար, որոնց սահմանին հայտնվել է թշնամին, իսկ թշնամական երկրի ղեկավարը սպառնում է ամբողջությամբ «վերադառնալ» Զանգեզուր չարաբաստիկ «միջանցքի» միջոցով: Հայաստանի իշխանական այն քարոզիչները, որոնք ասում են, որ Փաշինյանի դեմ ցույցերը Սյունիքում «սարքած են մութ ուժերի կողմից», պարզապես նրբանկատ չեն մարզի բնակիչների զգացմունքների հանդեպ: Ուրիշ հարց, որ այդ ցույցերն ուղեկցվում էին հայհոյանքներով եւ խուլիգանական արարքներով, որոնք ինձ համար անընդունելի են:

Մի կարեւոր հանգամանք եւս: Փաշինյանը իր (այսպես ասենք) ոչ այնքան հասուն բնավորության համաձայն, շտապում է ընտրություններից առաջ կոտրել ցանկացած դիմադրություն եւ ինքնահաստատվել այն տարածքներում, որտեղ վերաբերմունքն իր նկատմամբ բարյացակամ չէ՝ զոռով գնալ Եռաբլուր, զոռով «կզացնել» Գլխավոր շտաբի գեներալներին, զոռով «նվաճել» Սյունիքը: Բացի պետական մտածողության բացակայությունից՝ այս տղայական կեցվածքը սրում է հակասություններն առանց այդ էլ պառակտված հասարակության մեջ:

Ինչ մնում է բուն ընտրություններին, ապա պայքարն առնվազն շատ կարծր է լինելու:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այդ ամէնը, որ ամփոփում էք «տղայական կեցվածք» արտայայտութեամբ, հար եւ նման նոյնն է, որ՝ էր, տեւաբար, Ապրիլ 2018-էն մինչեւ 10 Նոյեմբեր 2020-ը:

    Ինք, չի հասկանում որ կացութիւնը բնաւ նոյնը չէ հիմա: Դա, այս հանգրուանին, հիմնականօրէն իր խնդիրն է: Այստեղ մէկդի դնենք նաեւ ներկայի իր այլազան համակիրների մնացորդացը:

    Բուն խնդիրը՝ անոնք ենք, որոնք Ապրիլ 2018-էն մինչեւ 10 Նոյեմբեր 2020-ը, այդ «տղայական կեցվածք»ով… մասնաւորապէս մտահոգ չէին: Զայն ընդունելի, տանելի, տնօրինելի համարեցին: Ու վերջին մի քանի ամիսներին է միայն, որ նկատում եւ գիտակցում են, թէ որքան վտանգաւոր եւ վնասակար է՝ հենց այդ կեցուածքը, երկրին համար:

    Այս հայերուն յանցանքը այն է որ, Աղէտը՝ իրականութիւն դառնալէն առաջ, չհասկացան որ այդ կեցուածքը ուղղակի տանում էր՝ Աղէտին: Մինչդեռ, ակնյայտ էր այդ գործընթացը:

    Այդ «կեցուածքով» իշխանութեան տիրացած, այդպիսի անձ մը, այդ տեսակի եւ որակի խմբակով մը, յատկապէս Հայաստանի նման երկրի մը մէջ, արդէն իսկ շատ շանսեր չունէր, որ կարենար իր ծրագիրները իրականութիւն դարձնել:

    Սակայն երբ որ, իշխանութեան տիրանալէ ետք իսկ, շարունակեց իր այդ կեցուածքը, նա արդէն տառացիօրէն անկարելի դարձուց իր ծրագիրների իրագործումը: Քանզի որպէսզի յաջողէր մի բան անել, նկատի առնելով իր շրջապատի, իր քաղաքական խմբակի, ասենք… սահմանափակումները, բացարձակապէս անհրաժե՛շտ էր՝ որ իրեն միանային բազմաթիւ եւ այլազան այլ քաղաքական ուժեր, քաղաքական անձնաւորութիւններ:Մինչ ինք, ուղղակի իր այդ կեցուածքով, անկարելի դարձուց որեւէ այդպիսի, տարրական իսկ չափով՝ միացում, համախմբում, իր շուրջ, իր ծրագրին շուրջ:

    Այս էական յանցանքը, բացառապէս՝ իրն է: Անհնար է որ կարենայ զայն ոեւէ մէկին, ուրիշին վերագրել, նոյնիսկ որպէս վարկած կամ հնարք:

    • Հ.Շ. says:

      Սյունիքի այժմու կացութեան հետ ուղղակի զուգահեռը՝ Ապրիլ 1921-ին, Լեռնահայաստանի Հանրապետութեան հիմնադրութիւնն է: Որու շնորհիւ է, միայն, որ՝
      ա. Սիւնիքը մաս կազմեց Հայաստանի Հանրապետութեան
      բ. Արցախը, գոնէ լրիւ չյանձնուեցաւ Ադրբեջանին (ինչպէս որ Ջավախքը՝ Վրաստանին), այլ դարձաւ Ինքնավար Մարզ:

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Սիւնիքի վերաբեալ այժմու իրադարձութիւններու հետ ուղղակի զուգահեռը՝ Ապրիլ 1921-ին, Լեռնահայաստանի Հանրապետութեան հիմնադրութիւնն է:

      Որու շնորհիւ է, միայն, որ՝
      ա. Սիւնիքը մաս կազմեց Հայաստանի Հանրապետութեան
      բ. Արցախը, գոնէ լրիւ չյանձնուեցաւ Ադրբեջանին (ինչպէս որ Ջավախքը՝ Վրաստանին), այլ դարձաւ Ինքնավար Մարզ:

  2. Armen says:

    Բազմադարյա պատմության բազմաթիվ դրվագներ ունենք երբ Հայաստան աշխարհի տարբեր տարածքների «մելիքներ» և տարատեսակ «իշխանիկներ» կամ չեն միավորվել թագավորի հետ կամ դուրս են եկել նրա դեմ – արդյունքում պարտվել ենք արտաքին թշնամուն և կորցրել պետականությունը: Չեմ հավատում, որ որևէ իրատես մեր հայրենակից զուգահեռներ չի անցկացնում Սյունիքում կատարվողը վերոհիշյալ մեր պատմության հետ: Հուսով եմ շատերը կհամաձայնեն, որ նշված երևույթի առկայությունը բոլորովին կապ չունի, թե ով է ներկա իշխանության ղեկավարը՝ Նիկոլը, Պողոսը թե՞ Պետրոսը: Իսկ Սյունիքում գեներացվողը շատ քիչ է առնչվում Սյունիքի այսօրվա բնակչի հետ՝ սրանց մասնակիցների ետևում ակնհայտ երևում են ականջներ Երևանից: Ասեմ որ ինքս Սյունեցի եմ, հիմա ել ապրում եմ հայրենիքում և տեսնում այստեղ կատարվողը ավելի լավ, քան շատերը՝ Երևանից:

    • Ջորդանո Գալիլյան says:

      Զուգահեռներ եթե անցկացնենք, ձեր սիրելի նիկոլչիբեյը կհայտնվի մելիք Ֆրանգյուլի ու Մերուժան Արծրունու կողքին: Էդ որկրամոլ ստախոս ոչնչությունից ի՞նչ «թագավոր». դրա հետ միայն թուրքերն ու իր ապազգային քայլարածները կարող են միավորվել…

      “Ասեմ որ ինքս Սյունեցի եմ, հիմա ել ապրում եմ հայրենիքում և տեսնում այստեղ կատարվողը ավելի լավ, քան շատերը՝ Երևանից:”

      Իսկ Կապանի վրա նստած թուրքին չե՞ս տեսնում, «սյունեցի» Արմեն: Ասեմ իմանաս, որ Նիկոլչիբեյը իր ղարդաշ ալիեւի հետ միասին ուզում է հայաթափել քո հայրենի Սյունիքը: Գիտե՞ս, որ դու ապրում ես հինավուրց «ադրբեջանական» հողի վրա ու շուտով պիտի դառնաս կամ թուրքի ճորտ կամ թափառական…

  3. Armen says:

    Ընդամենը մեկ հարց՝ Սյունիքում կատարվածը տեսնելով, թուրքը կամ ադրբեջանցին կհրճվի՞, թե՞ կտխրի….

    • Հ.Շ. says:

      Կը մտահոգուին: Նկատելով որ Հայաստանի մէջ, ազգային ոգին՝ զարթօնք կ’ապրի:

      Սակայն բաւակա՜ն հրճուեցան՝ Ապրիլ 2018ին: Ու իրենց այդ հրճուանքի գագաթնակէտին հասան՝ 10 Նոյեմբեր 2020ին:

  4. դիանա says:

    Ընդամենը մեկ պատասխան Սյունեցի Արմեն՝ 90-ականներին Կապանում տատիս գիշերով թաքուն մի քանի հոգով թաղեցին, քանի որ դիմացի սարից “մեր բարեկամները” թիրախի տակ էին պահում գերեզմանոցը։ Հիմա մտածում եմ, որ լավ մտապահեմ այն հեռախոսահամարները, որոնցով պետք է զանգահարեմ, եթե որոշեմ այցելել Սյունիք։

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Գերագույն գլխավոր սադրիչը գաղտագողի գնացել էր Սյունիք՝ թուրքերի համար միջանցք բացելու, բայց ստացավ ողջույն: Աննախադեպ ողջույն՝ պարզ, հակիրճ ու հույժ դիպուկ: Ստացավ ու ծլկեց՝ ոստիկաններին քսի տալով ժողջանի վրա ու ձեւեր թափելով, թե իրեն իբր վիրավորել են, ֆլան-ֆստան: Էն, որ ասում են դավաճան, կապիտուլյանտ, ստախոս, թրքամետ, հողատու՝ լրիվ նորմալ է, վիրավորական չէ: Որ ալիեւը ծաղրում է իրեն, վերջին բառերով նվաստեցնում՝ էլի ոչինչ. ոչ մի պատասխան, կարելի է հանգիստ շարունակել լիզել դրա կիրթ ու կառուցողական սմբակները…

    Կեղծ բարեպաշտությունը ընդհանրապես բնորոշ է բոլոր բռնապետերին. անվերջ ճամարտակելով սիրո եւ համերաշխության մասին՝ զբաղվել միայն մանր վրեժխնդրությամբ ու վենդետտաներով: Ուրիշ էլ ի՞նչ կարող է անել այս վախկոտ, եսապաշտ եւ փոքրոգի քաջնազարը՝ հպարտ քաղաքացիներին բերման ենթարկելուց բացի: Ողջու՛յն, նիկոլչիբեյ…

  6. Ruben says:

    Զարմանալի է աշխարհի բոլոր ազգերի համար, բայց փաստ, որ արաբական խալիֆաթի ոստիկանների այսօրվա ցեղատեսակը պահպանվել է Երեւան գյուղաքաղաքում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930