«Կարծում եմ՝ ի տարբերություն մյուս շրջանների, Նիկոլի այցը Սյունիք նախընտրական չէր, այլ կապված էր Սյունիքի վերաբերյալ որոշ փոփոխությունների հետ, որ նա դեռ չի հասցրել իրականացնել հօգուտ Ադրբեջանի,- այսօր լրագրողներին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:- Նիկոլը ժողովրդին վախեցնում է պատերազմով, այն ժողովրդին, որը պատերազմի առաջին օրերից հերթ էր կանգնում զինկոմիսարիատներում, որ գնա պատերազմի հայրենիքը պաշտպանելու: Տպավորություն ունեմ, որ նա պատերազմը չկանգնեցրեց, շատ զոհ տվեց, որպեսզի ժողովրդի մեջ վախ առաջանա պատերազմի նկատմամբ: Քանի դեռ նա Հայաստանի ղեկավարն է Հայաստանը չունի ո´չ ներկա, ո´չ ապագա:
Եթե Արցախի տարածքները վերցնելը Ադրբեջանի համար պատվի հարց էր, ապա Սյունիքի հարցը ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող հարց է:
Այն ընդունելությունը, որ Նիկոլը ստացավ Սյունիքում՝ դա ժողովրդի բնական ցասումն էր և եթե ինքը փորձի ձերբակալել մարդկանց, ապա պատասխանը կստանա Երևանում:
Այս պետությունը կառուցվել է տասնյակ տարիների ընթացքում և այն նման է տանկի: Քո ձեռքի տակ է Ազգային անվտանգության ծառայությունը, բանակը. բոլոր կառույցները քո ձեռքերում են և ցանկացած միջակություն, ցանկացած մոծակ, որ նստում է այդ տանկի վրա, իրեն նույնացնում է տանկի հետ և իրեն թվում է, թե ինքը շատ հզոր է և երկիրը ավերելով այդ տանկը տանում է առաջ:
Կարդացեք նաև
Միակ ճանապարհը ամեն գնով այդ մարդուց ազատվելն է: Ես ընտրություններին չեմ հավատում: Եթե ուղղակի վատ ղեկավար լիներ՝ կարելի էր ընտրություններով փոխել վատ ղեկավարին, բայց դավաճանին հանում են զոռով: Այդ պատճառով մի կողմ թողեք ընտրությունները, պատրաստվեք ժողովրդի ցասման միջոցով դուրս շպրտել դավաճանին: