Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանական կառավարությունը պատերազմի տարիներին գրաքննությամբ ճնշեց մամուլը, որը հաղորդում էր հայերի կոտորածների մասին

Ապրիլ 22,2021 14:00

«Ապրիլի 20-ը՝ ճարտարապետության եւ ինժեներության դոկտոր, գրող, գերմանահայ նշանավոր գործիչ ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆԻ ծննդյան օրն է

«Ապրիլի 20-ը՝ ամուսնուս` ճարտարապետության եւ ինժեներության դոկտոր, գրող, գերմանահայ նշանավոր գործիչ ԱՐԱ Յ. ԲԵՐՔՅԱՆԻ ծննդյան օրն է: Օրհնանք ծնունդիդ, Արա, կյանքդ հարատեւ աշխատանք էր ի սեր հայության… Ներիր, հոգիս, անտիպ գիրքդ` «Հայաստանի բերդեր եւ ամրացված վանքեր» դեռ չի տպագրվել, իսկ արխիվդ դեռ չի հասել Հայաստան». Լիզա Բերքյան-Աբրահամյան

Նշանավոր հայի կինը՝ Գերմանիայում բնակվող թարգմանչուհի, հրապարակագիր Լիզա Բերքյան-Աբրահամյանը «Առավոտ»-ին է տրամադրել «Հայկական հարցի օսմանյան ,վերջնական լուծումը» եւ գերմանական կայսրությունը (1915–1918 թթ.)» հատվածը իր թարգմանությամբ (Էննո Մեյերի եւ Արա Յ. Բերքյանի «Հռենոսի եւ Արաքսի միջեւ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գրքից):

…1914 թ., երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Թուրքիայում իշխում էր՝ Էնվեր (ռազմական նախարար), Թալեաթ (ներքին գործերի նախարար), Ջեմալ (ծովային նախարար) եռամիասնությունը: Էնվերն ու Թալեաթը սարսափում էին, որ Արեւմտյան տերությունները եւ Ռուսաստանը նեղուցին տիրելուց հետո, կձգտեն դեպի Կոստանդնուպոլիս: Դա կդառնար Օսմանյան կայսրության վախճանը: Այդ պատճառով փնտրեցին հենարան եւ միացան կենտրոնական ուժերին՝ Գերմանիային եւ Ավստրիային: Գերմանական ղեկավարության համար դժվար չէր Թուրքիան ամբողջությամբ իր կողմը ներքաշել եւ դրդել Անտանտի երկրների դեմ ինչ որ ձեւով պրովակացիա կազմակերպել եւ հոկտեմբերի 29-ին (նոյեմբերին 3-ին) պատերազմ հայտարարել: Թուրքական կառավարության պահվածքը հարկադրեց շատ հայ ղեկավարների, այդ թվում՝ փոստի հայազգի նախարար Օսկան Էֆենդիին, հրաժարվելու զբաղեցրած պաշտոնից:

Դեռ 1914 թ. նոյեմբերին արեւմտյան տերությունների ծովային նավատորմը հարձակվեց Դարդանելի ուղղությամբ, իսկ ռուսները Անդրկովկասից ներխուժեցին Թուրքահայաստան: Թուրքիան հարկադրված էր երկու ճակատով կռվել, թուրքական առաջնորդները սարսափում էին, որ հայերի ապստամբությունը, ինչպես թուրքական Հայաստանում, այնպես էլ Կոստանդնուպոլսում, թիկունքից կվտանգի ռազմաճակատներին: 1915 թ. գերմանացիների օգնությամբ, Դարդանելի պաշտպանության հաջողությունը, վստահություն ներշնչեց երիտթուրքերի ղեկավարներին: Էնվերն ու Թալեաթը նկատեցին, որ եկել է ժամանակը իրականացնելու իրենց պլանները, ստեղծելու «պանթուրքական» կայսրություն, այսինքն՝ ռուսական թուրքաբնակ Ադրբեջանը շահելու:

Թուրքական տարածքների եւ կովկասյան թաթարների միջեւ կանգնեցին հայերը, որոնք ցրված ապրում էին նաեւ Թուրքիայի շատ վայրերում: Ըստ երեւույթին, Էնվերի եւ Թալեաթի համար սա մեծ արգելք կլիներ միայն թուրքերով բնակեցված մեծ թուրքական կայսրություն ստեղծելու ճանապարհին: Հայերը պետք է անհետանային, այսինքն՝ բնաջնջվեին: Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը սեւեռված էր եվրոպական պատերազմական թատերաբեմին, կարող էր այդ բնաջնջումը աննկատ տեղի ունենալ (այդպես էին մտածում), այնպես, ինչպես Հիտլերը 25 տարի հետո հավատում էր, որ հրեաների հոլոքոստը կարող է պատերազմական թոհուբոհի մեջ, ռազմաճակատներում՝ համաշխարհային հասարակությունից աննկատ ի կատար ածել:

Թուրքական կառավարության հրամանով հայերի զանգվածային կոտորածները սկսեցին իրականացվել 1915 թ. ապրիլի 24-ին՝ մի վիլայեթից մյուսն անցնելով, նպատակ ունենալով՝ մինչեւ 1915 թվականի վերջն ավարտին հասցնել իրենց ծրագրերը: Որոշ չափով բացառություն էին Կոստանդնուպոլիսը եւ դրա շրջակայքը, ինչպես նաեւ Զմյուռնիան, Հալեպը, Մոսուլը, այսպես ասած, բոլոր այն վայրերը, որտեղ Թուրքիայի դաշնակից գերմանացիները որոշակի ներկայություն ունեին եւ կարող էին հանդես գալ հայերի օգտին:

Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որին զոհ գնաց նվազագույնը 1,3 մլն հայ: Կոտորածները, աքսորը, տառապալի տեղահանությունը՝ սովյալներով դեպի Եփրատի ափին գտնվող Դեյր Զորի (ներկայիս Սիրիայի տարածքում) անապատի ոչնչացման ճամբարները, տեղի ունեցան նաեւ գերմանական հյուպատոսի, սպաների, ինժեներների, բժիշկների եւ բուժքույրերի աչքերի առաջ, որոնք այն տարիներին մեծ թիվ էին կազմում Թուրքիայում:

Ջարդերի սկզբում, 1915 թ. մայիսի 31-ին, թուրքական կառավարությունը իրազեկում է Թուրքիայում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Ֆրայհեր ֆոն Վանգենհայմին. «Խուսափելով հայերի լրտեսությունից եւ հայկական նոր զանգվածային ելույթները կանխելու» նպատակով անհրաժեշտ է «ապստամբած հայկական կենտրոնների բոլոր կասկածելի ընտանիքները վերաբնակեցնել Միջագետքում»: Իրենց հյուպատոսների եւ այլ գերմանացիների հղած հաղորդումներից, որոնք այդ ժամանակ գտնվում էին Թուրքիայի կողմից զավթած Պարսկաստանի հյուսիս արեւմուտքում, դեսպանն արագ տեղեկացավ «վերաբնակեցման» բռնի նպատակին եւ այդ մասին Թուրքիայում Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուին հակառակ՝ հայտարարեց. «Հայերն այս կռվում հաստատեցին իրենց թուրքերի թշնամի լինելը: Ակնհայտ է, որ այս երկու ժողովուրդները չեն կարող նույն երկրում տեւական ապրել: Ամերիկացիները պետք է մի մասին տեղափոխեն Ամերիկա, մենք՝ գերմանացիներս, կարող ենք մի մասին Լեհաստան փոխադրել, իսկ դրա փոխարեն լեհական հրեաներին ուղարկել հայկական մարզեր, եթե վերջիններս խոստանան հրաժարվել իրենց սիոնիստական գաղափարներից»։

Այնուամենայնիվ, 1915 թ. հուլիսի 4-ին, սա Վագենհայմին առիթ տվեց՝ Թուրքիայի մեծ վեզիր Խալիլին (փոքր իշխանություն ունեցող) բողոքելու հայերի նկատմամբ թուրքական ձեռնարկների մասին, ի դեպ, առանց շեշտադրման եւ առանց հաջողության: Այն ժամանակ դեսպանը արդեն ծանր հիվանդ էր եւ վախճանվեց 1915թ. հոկտեմբերին:

Նրան փոխարինեց էռնստ իշխան ցու Հոհենլոհե-Լանգեբուրգը, որը վճռական դիրք բռնեց հայերի հարցում եւ, արդեն 1915 թ. օգոստոսի 9-ին, թուրքական կառավարությանը բողոք ներկայացրեց, որում շեշտադրեց նրանց մահաբեր գործողությունների մասին, սակայն, դարձյալ ապարդյուն: 1915 թ. օգոստոսի 12-ին նա այդ մասին հաղորդեց Գերմանիայի ռայխսկանցլեր ֆոն Բետհման Հոլվեգին. «Իրենց բնակավայրերից բռնագաղթվող, անապատներ քշվող հայ բնակչության համակարգված կոտորածները վերջին շաբաթում այնպիսի մեծ չափերի են հասել, որ դրանց դեմ մեր կողմից առարկություն եղավ, որ կառավարությունը ոչ միայն հանդուրժում, այլեւ՝ բացահայտորեն խթանում, թվում է, թե պահանջում է: Տարբեր վայրերում մյուս քրիստոնյաներին, ռասաներին ու աղանդներին նույնպես չեն խնայում»:

Բայց գերմանական ռայխի ղեկավարությունը չէր ցանկանում կորցնել իր թուրք դաշնակիցներին եւ, բացի այդ, մի մասը հավատում էր գերմանական եւ ավստրիական դիվանագետների այն խոսքին, թե հայերի ապստամբությունից վտանգ կա, որը Թուրքիայի համար աղետալի հետեւանք կունենա: Այդ պատճառով Կենտրոնական ուժերը պատրաստ չէին Թուրքիայի կառավարության վրա ճնշում գործադրելու՝ ի նպաստ հայերի: Դրան ավելացրած, գերմանացի եւ ավստրիացի հյուպատոսները հաղորդում էին, որ հայերն անկեղծ համակրում են Արեւմտյան տերություններին եւ ցարական կայսրությանը:

Ուստի, գերմանական կառավարությունը, ուսերը մասամբ թոթվելով, հանդուրժեց, որ շարունակվի ողբերգությունը, պատերազմի տարիներին գրաքննությամբ ճնշեց մամուլը, որը հաղորդում էր հայերի կոտորածների մասին…

Չնայած դրան, ճշմարտությունը թաքցնել հնարավոր չէր: Երբ Գերմանահայկական ընկերության հիմնադիր անդամներից բեռլինաբնակ հայ բժիշկ Հեյրանյանը 1915 թ. Թուրքիա կատարած ուղեւորությունից չվերադարձավ, Գերմանահայկական ընկերության նախագահ Յոհաննես Լեփսիուսը հասավ մինչեւ Էնվեր Փաշային: Վերջինս խոստացավ հետաքրքրվել, բայց Հեյրանյանն անհետացավ:

Գերմանիա վերադառնալուց հետո, Լեփսիուսը ներկայացավ արտաքին գործոց նախարարություն, որտեղ փոխնախարար Ա. Ցիմերմանը բացատրեց նրան. «Ի՞նչ կարող ենք անել: Մեր դաշնակցությունը Թուրքիայի հետ կանգնած է Թալեաթի, Էնվերի եւ Խալիլի (Մեծ վեզիր) վեց աչքերի առաջ: Եթե երեքը մեզ չեն լսում, մնում է հրաժարվել դաշնակցությունից, իսկ դա մենք չենք կարող»…

«Առավոտ» օրաթերթ
21.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930