Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյանը՝ արվեստի, գրքերի ու իր հեքիաթի հիման վրա ստեղծվող բալետի մասին

Ապրիլ 22,2021 13:30

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը վերջերս Թբիլիսիի Art Palace արվեստի թանգարան էր այցելել՝ նախագահի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց, թե ինչ տպավորված է 300 000 ցուցանմուշներ ամփոփող թանգարանում՝ հատկապես իր այցելության առիթով բացված հայկական անկյունից:

«Հայկական հրաշալի նմուշները շատ լավ վիճակում էին: Հատուկ իմ այցելության առիթով պատրաստված էր մի մեծ ստենդ, որտեղ ներկայացված էին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի հին խաղացանկերն ու ծրագրերը, Սերգեյ Փարաջանովի ֆիլմերում օգտագործված արքունական տարազները, ինչպես նաեւ ախալցխացի արծաթագործների պատրաստած զարդերը, որոնք գեղեցիկ ժանյակներ էին հիշեցնում»,-ասաց տիկին Սարգսյանը:

Նրա ձեւակերպմամբ, ընդհանուր թանգարանի մթնոլորտն էր տպավորիչ, հաստատությունը տեղակայված էր մի շենքում, որը ժամանակին վրացի մեծահարուստներից մեկին է պատկանել: Art Palace արվեստի թանգարանի շենքը վերանորոգված էր ու խնամված:
Տիկին Նունեն ասաց, որ շատ է գնահատում վրացիների՝ իրենց քաղաքի ճարտարապետական կառույցների հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքը

Նունե Սարգսյանից պարզեցինք, որ Հայաստանում իր ամենասիրելի թանգարաններն են հատկապես Փարաջանովի ու Պատմության թանգարանները: «Պատմության թանգարանը շատ կարեւոր է: Իմ կարծիքով, Հայաստան այցելող օտարազգիները իրենց շրջայցը պետք է սկսեն հենց այս թանգարանից, որտեղ ժամանակագրորեն ներկայացված է մեր պատմությունը»,-ասաց նա:

Հավելեց, որ թոռնիկներն անհամբեր սպասում են ամառային արձակուրդներին, որպեսզի այցելեն Հայաստան, քանի որ հայերենի ուսուցչուհու հետ հեռավորությունից շփվում են համացանցի միջոցով: Նրանց հետ նախագահի տիկինը պատրաստվում է այցելել իր սիրելի թանգարանները:

Նունե Սարգսյանը հավելեց նաեւ, որ առաջիկայում «Զանգակ» գրատանը կներկայացվեն իր 3 նոր գրքերը, նշեց, որ եւս 2 գիրք խմբագրական փուլում են: Գրքերից մեկը կոչվում է «Մրջնակերներ», որի նկարազարդումները հենց ինքն է արել: «Գիրքը նկարազարդելն ինձ անսահման ուժ եւ էներգիա էր տալիս»,-ասաց մեր զրուցակիցը: Նշեց, որ մյուս գիրքը «Կախարդական կոճակների» երկրորդ հատորն է, որը կոչվում է «Զմրուխտյա մկրատը»: «Դա փոքրիկ հերոսուհու՝ Սադափի կյանքի շարունակությունն է՝ արկածային, հրաշագործ: Հուսով եմ, որ երեխաները կհավանեն այն»,-ասաց նախագահի տիկինը:

Պարզեցինք նաեւ, որ Խամաճիկների թատրոնը փորձում է բեմադրել Նունե Սարգսյանի «Թզուկ-մզուկ» գործը, այս պահին ներկայացումը, որի երաժշտական ձեւավորման մեջ օգտագործված է Գրիգի երաժշտությունը, աշխատանքային փուլում է: «Հուսով եմ, որ լավ ներկայացում կստացվի»,-ասաց Նունե Սարգսյանը:

Հավելեց, որ Պարարվեստի քոլեջի հետ աշխատում է մի բալետային ներկայացման վրա՝ որը ստեղծվել է ըստ իր «Քաչալ ոզնին» հեքիաթի: «Բեմադրությունը պատրաստ է, երաժշտությունը գրել է Գրիգոր Բալասանյան անունով երիտասարդ մի կոմպոզիտոր, ձայնագրել է Սերգեյ Սմբատյանն՝ իր նվագախմբով, ներկայացման մեջ պարարվեստի քոլեջի սաներն են պարելու: Դեռ աշխատանքը գնում է: Արդեն պետք է կոստյումները պատրաստենք՝ աղվեսների ու ոզնիների: Շատ ուրախ եմ, որ հայ մանուկները կունենան հայկական բալետային ներկայացում»,-ասաց Նունե Սարգսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ president.am կայքից. Նունե Սարգսյանը և թանգարանի գլխավոր տնօրեն Գիորգի Կալանդիան:

«Առավոտ» օրաթերթ
21.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930