Հիմա էլ՝ «ճանապարհ՝ ճանապարհի դիմաց»
Այն, որ պաշտոնական Երեւանը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը ամենայն լրջությամբ, արդեն անհերքելի փաստ է: Չնայած այն բանին, որ Ադրբեջանի իշխանությունները հստակ հայտարարում են, իրենց երկրում պահվող հայ ռազմագերիներին համարում են ահաբեկիչ եւ չեն վերադարձնելու, Հայաստանի իշխանությունները նախընտրում են բարձրաձայնել հայ ռազմագերիների թեմայով, սակայն միեւնույն ժամանակ բանակցում են Ադրբեջանի հետ նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարության այլ դրույթների շուրջ:
«Աշխատանքներն ընթանում են, հիմա հիմնական աշխատանքն անում են փորձագիտական ենթախմբերը։ Դետալ առ դետալ խնդիրները պետք է ուսումնասիրվեն»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անցյալ շաբաթ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացը, ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Լրագրողները հետաքրքրվել էին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետը, երբ օրերս ասում էր, թե Ադրբեջանը կխոչընդոտի կոմունիկացիաների բացմանը։ «Չեմ բացառում նման ռիսկերը եւ չեմ կարող բացառել։ Նման քննարկումներ եղել են, բայց սա սկիզբն է։ Որ պահին ինչ տեղի կունենա՝ դժվար է կանխորոշել։ Այն ռիսկերը, որոնց մասին խոսում է վարչապետը, գոյություն ունեն, պետք է աշխատել ինտենսիվ։ Որքան աշխատանքը լինի ինտենսիվ, այնքան հստակ կլինեն անելիքները եւ լուծվելիք խնդիրները»,-նշեց Մհեր Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե իբրեւ իրենք վերադառնում են «Զանգեզուրի միջանցք», Մհեր Գրիգորյանն ասել էր. «Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց այդ համատեքստում։ Այո, ընդունված է միջանցք բառն օգտագործել, բայց անգամ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որեւէ հարց։ Մենք քննարկում ենք ուղիներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ երկրների իրավական բազայով, միջազգային պայմանագրերով եւ կոնվենցիաներով։ Որեւէ այլ ձեւաչափով քննարկում չկա այդ հարթակում»։
Վերոնշյալ հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «Զանգեզուրի միջանցքի» թեմայով: Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում Փաշինյանը նախ նշել է, թե 44-օրյա պատերազմն անխուսափելի էր, որովհետեւ 2018թ. դրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով զիջումների իմաստով, ըստ էության, հասել էր իր կարմիր գծերին եւ հատել էր այդ կարմիր գծերը. «Այլընտրանք չկար, քան փորձել կանգնել եւ պաշտպանել մեր իրավունքը եւ պաշտպանել հայ ժողովրդի ու Արցախի ժողովրդի շահը: Բայց ձեզ ավելին ասեմ՝ նույնիսկ եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, կրկին լինելու էր պատերազմ: Ինչո՞ւ, որովհետեւ միջնորդական շրջանակների միջեւ եւ տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որեւէ լուծում, եթե նույնիսկ Հայաստանն իր շահերին ոչ համապատասխան որեւէ լուծման համաձայնվեր: Չէր լինելու որեւէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ: Եվ, հետեւաբար, այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն»: Փաշինյանը նախընտրական քարոզարշավը, փաստորեն, օգտագործելու է՝ հանրությանը պատերազմի բռնկումն անխուսափելի ներկայացնելով, փորձելով իր պատասխանատվության դաշտից այն հեռացնել:
Կարդացեք նաև
Ապա նա կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին համատեղ հայտարարությունը: Ինչո՞վ է այն կարեւոր՝ ըստ Փաշինյանի. «Նրանով, որ Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Ղարաբաղի հարցը լուծված է այլեւս, որ Ղարաբաղի հարց չկա: Բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի, ընդ որում՝ կողմերին հայտնի սկզբունքների եւ էլեմենտների հիման վրա: Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ էլեմենտներից կարեւորագույնն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Եվ կարող ենք արձանագրել, որ միջազգայնորեն պահպանվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ու դա նաեւ մեր տղաների կյանքի եւ հերոսության գնով»:
Այսինքն, 2018-ին իշխանության գալով, երբ ԵԱՀԿ ՄԽ-ում կար միասնական տեսակետ Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վերաբերյալ, դա բավարար չէ՞ր Հայաստանի իշխանության համար, որպեսզի երկու տարի նրանք էլ ավելի ամրացնեին հայկական կողմի դիրքերը՝ բանակցային գործընթացում: Ադրբեջանից Արցախի ինքնորոշման իրավունքի ընդունում ստանալու համար պատերա՞զմ ու այսքան զոհե՞ր էին անհրաժեշտ: Կամ՝ հիմա պատերազմից հետո Ալիեւի համար ընդունելի՞ է դարձել Արցախի ինքնորոշման իրավունքը…
Ինչեւէ, ըստ Փաշինյանի` հիմա գլխավոր հարցն այն է, թե ինչպես հաղթահարել պարտությունը: Եվ ահա, Փաշինյանը խոսել է տնտեսությունից ու այս համատեքստում անդրադարձել ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին միջանցքի վերաբերյալ. «Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»: Մենք հարց ենք տալիս, ընդգծելով՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտություն կա: Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջեւանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն, ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց: Պատկերացրեք, Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ Ռուսաստանի Դաշնության հետ: Սա մեր կարեւորագույն խնդիրն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կստանա օգտվելու իր ամենամեծ հարստությունից»:
Կարելի՞ է Փաշինյանի վերոնշյալ մտքերից եզրակացնել, որ թեեւ եռակողմ հայտարարությունում չկա Սյունիքի, Զանգեզուրի, Մեղրի մասին որեւէ հիշատակում, սակայն հայկական կողմը ադրբեջանական կողմի հետ լծվել է այնպիսի բանակցությունների, որոնց հիմքում արդեն «ճանապարհ՝ ճանապարհի դիմաց» բանաձեւեր էլ են քննարկում:
Մի քանի ամիս է՝ Հայաստանում եռում է այս թեման, սակայն ՀՀ իշխանությունից որեւէ մեկը չի հնչեցնում պարզ մի միտք, որ՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին չեն կարող տրանսպորտային ուղիներ ապաշրջափակվել, կամ գործել այնպիսի ուղիներ, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը չունենա վերահսկողություն:
Հետպատերազմյան ֆաշիզմն Ադրբեջանում շարունակվում է
Երկու տասնամյակ հայատյացությունը պետական քարոզչություն դարձրած Ալիեւը, մինչդեռ, շարունակում է իր քաղաքականությունը՝ չնայած այն բանին, որ գրեթե ամեն շաբաթ հայտարարում է, թե ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է: Ապրիլի 12-ին Բաքվում՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմին նվիրված «պուրակի» բացումը դրա վառ ապացույցն է:
Աշխարհի հեղինակավոր պարբերականներն անդրադարձան այս սարսափելի իրադարձությանն այնպես, ինչպես տարիներ շարունակ ներկայացնում էին ալիեւյան կլանի հարստացման, փողերի լվացման, երկրում ընդդիմադիրներին կտտանքների ենթարկելու եւ այլ աղաղակող փաստեր, զեկույցներ ու հետաքննություններ:
Գերմանական եւ եվրոպական լսարանում ամենատարածված «Bild» թերթն, օրինակ, անդրադարձել էր հանրահայտ «պուրակի» բացմանը՝ գրելով. «…Բռնապետ Իլհամ Ալիեւը, որն Ադրբեջանի նախագահն է 2003-ից, բացում է «Ռազմավարի պուրակ» ցուցահանդես` իր հաղթանակով պարծենալու համար: Իրականում այս «այգին» միայն մեկ անճաշակ նպատակ ունի՝ ծաղրուծանակի ենթարկել պատերազմի հայ զոհերին: Տեղեկատվություն վեճի պատմության մասի՞ն: Հակամարտության դասակարգո՞ւմ: Իհարկե` ո՛չ: Ալիեւն արդեն այցելել է ցուցահանդես. զոհված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված պողոտայում նա ամբողջապես ռազմական համազգեստով զազրելի տեսք ուներ: Ցավալի փաստ. դպրոցականները նույնպես պետք է այցելեն այս նողկալի ցուցադրությունը…»:
Բաքվի «թանգարանի» տեսարանները, որոնք հայատյացության ցցուն օրինակ էին, քննադատության ալիք բարձրացրեցին: Ալիեւին միջազգային մի շարք լրատվամիջոցներ, իրավապաշտպան կառույցներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ «բռնապետից» մինչեւ՝ «ռազմական հանցագործ» անվանեցին: Բայց կարեւորն այն է, որ Ադրբեջանում փորձագիտական, լրագրողական շրջանակներից չհնչեց կարծիք, թե ինչպե՞ս է այս մթնոլորտում «Կովկասում խաղաղություն կառուցելու», որի մասին երբեմն խոսում են Էրդողանն ու Ալիեւը: Եթե եղան էլ նման հարցադրում անողներ, ապա՝ հատուկենտ, ֆեյսբուքյան մեկնաբանություններով:
Իսկ պաշտոնապես ամեն ինչ՝ ինչպես նախկինում… Ադրբեջանի ԱԳՆ-ն, օրինակ, արձագանքեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի մեկնաբանությանը՝ Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացման վերաբերյալ։ Դեսպան Լաքոթը, որը վերջերս այցելել էր Եռաբլուր եւ գրառում կատարել ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես նշել էր, թե պատերազմը չպետք է ներկայացում բեմադրելու առարկա դառնա։ Նա ընդգծել էր, որ այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է, գերիների վերադարձը, երկխոսության վերսկսումը։ Պաշտոնական Բաքուն, որը Ֆրանսիային համարում է ԵԱՀԿ Մինսկի խմբում «ոչ անկողմնակալ երկիր», առիթը բաց չթողեց Ֆրանսիային քննադատելու՝ մատնանշելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի նշյալ գնահատականը։ «Ինչ-որ հարց մեկնաբանելուց առաջ լավ կլիներ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նայեր իր երկրին եւ ուշադրություն դարձներ, թե ինչպես են հարցերը լուծվում այնտեղ»,- նշել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան՝ հավելելով, որ միջնորդ հանդիսացող երկրի ներկայացուցիչը պետք է առավել պատասխանատու վերաբերվի մեկնաբանություններին։
Այնպես որ, ալիեւյան ռեժիմի համար խնդիր չէ, որ Բաքվում «թանգարանի» ստեղծմամբ ադրբեջանական իշխանությունը համալրեց Ադոլֆ Հիտլերի, Սադդամ Հուսեյնի շարքերը, որոնք եւս աչքի են ընկել նման «ստեղծարար» նախաձեռնություններով:
Կառուցողականություն ակնկալելու հիմք չկա
Պաշտոնական Երեւանը՝ ԱԳՆ-ի մակարդակով օրերս Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշման եւ վարքագծի առիթով արձանագրեց, որ դրանք հիմք չեն տալիս կառուցողականություն ակնկալելու: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանելով «Արմենպրեսի» հարցին՝ «Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որեւէ արձագանք չի եղել, եւ այս համատեքստում եւ ընդհանրապես առաջիկայում սպասվո՞ւմ են հանդիպումներ ադրբեջանական կողմի հետ», նշել էր. «Նման հանդիպում նախատեսված չէ: Ավելին, Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը եւ վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները եւ ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով եւ զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսեւորումներով»:
«Այս ամենը, ինչպես նաեւ ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից, գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության եւ հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից։ Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին»,- ասել էր Աննա Նաղդալյանը:
Նկատենք, որ Ալիեւը նույն համաժողովում հայտարարել էր, թե Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է, եւ հերթական անգամ Երեւանի եւ Սեւանի նկատմամբ էր տարածքային պահանջներ ներկայացրել։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակն ընդգծել էր. «Զավեշտալի է, երբ Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական եւ թե՛ անգամ աշխարհագրական առումներով: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում վերջին հարյուր տարում ընթացել եւ ընթանում է նոր ինքնության ձեւավորման գործընթաց, սակայն հարկ ենք համարում վերստին ընդգծել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ»: Նմանօրինակ սադրիչ հայտարարությունները, Նաղդալյանի խոսքով՝ խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, որը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 21.04.2021