Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձում եմ չչարանալ ու միակ սփոփանքս` երեխաներս են, որոնց մեջ Վրույրին եմ փորձում գտնել»

Ապրիլ 22,2021 14:30

«Պատերազմը մեզանից տարավ մի ազնիվ, բարի ու մաքուր մարդու, որն ատում էր սուտն ու արհեստականությունը»,-«Առավոտ»-ի հետ զրույցում այսպես է ասում զոհված զինծառայող Վրույր Ղուկասյանի կինը` Արմինե Աֆյանը։ Զինվորական օրենսդրության համաձայն` Վրույրին, որպես 4 անչափահաս երեխաների հոր, պատերազմի դաշտ չպետք է տանեին, սակայն առանց ճշտումներ կատարելու զորակոչի թուղթ են ուղարկել։

«Վրույրը միանշանակ չէր դասվում մեր հայ դավաճանների շարքին եւ իր մասնակցությունն ունեցավ հայոց սուրբ գործին։ Չեմ ուզում անդրադառնալ մեր տագնապային օրերին, որոնք հօդս ցնդեցին եւ ոչինչ չեմ ուզում քաղաքականացնել, բայց մի բան հստակ կարող եմ ասել` մեր պայքարն այլ ավարտ կունենար, եթե չլինեին ներքին դավաճանները։ Ես փորձում եմ չչարանալ ու միակ սփոփանքս` երեխաներս են, որոնց մեջ իրեն եմ փորձում գտնել»,- ասում է Արմինե Աֆյանը։

Կինն ասում է՝ Վրույրը տան սյունն ու ապավենն էր, օրինակելի հայր ու լավ ամուսին։ Զավակները մեծ գորովանքով ու կարոտով են հիշում հորը: Աղջկա` Մարիամի խոսքով` հոր օրը սկսվում եւ ավարտվում էր ընտանիքով։ Ընկերասեր եւ մարդկային բարձր արժեքների տեր մարդ էր։

«Ամեն առիթ բաց չէր թողնում ու հպարտանում էր իր պապերով, որոնք նույնպես մասնակցել էին պատերազմների եւ մեդալներով վերադարձել։ Երբ սկսվեց արցախա-ադրբեջանական պատերազմը` անմասն չմնաց ու շատերի պես սկսեց օգնություն հավաքել կռվող տղաների համար։ Հոկտեմբերի 11-ին աշխատանքից հետո եկավ տուն ու իրեն բնորոշ քմծիծաղով ասաց, որ զորակոչի նամակ է եկել։ Չհավատացի` մտածելով, որ կատակում է։ Հետո, երբ հարցրի` լո՞ւրջ էր ասում, ասաց` այո։ Չնայած այս ամենին՝ ողջ ընտանիքով հավատում էինք, որ սխալված կլինեն, որովհետեւ օրենքով հայրս ազատված էր պատերազմին մասնակցելուց»,- ասում է Մարիամը։ Զինկոմիսարիատի զանգից հետո հավաքել է տաք հագուստն ու գնացել։ Տնեցիներին ասել է, որ ուղղակի երեք օրով զինպատրաստության են տանում։

«Հաջորդ օրը մայրս գնաց զինկոմիսարիատ, որ ասեր սխալմունքի մասին։ Դիմում գրեց հորս հետ բերելու համար։ Այնտեղ մորս հավատացրել էին, որ իրավունք չունեին բազմազավակ մարդուն սահման տանել ու կամավորներից մեկին պետք է ուղարկեին, որ նրան հետ բերեր։ Երկուշաբթի երեկոյան զանգ եկավ օտար համարից. հայրս էր։ Ասում էր, որ Հոկտեմբերյանում վարժանքների են ու ծանոթ տղաներ կան։ Մայրս շատ խնդրեց, որ, եթե իր դիմումի համաձայն նրան շարքից հանեն ու տուն ուղարկեն` գա։ Բայց հայրս ասաց` ոչ ու անջատեց հեռախոսը։ Մեր վերջին զանգն էր։ Կցկտուր տեղեկություններով իմացանք, որ վերջին անգամ իրեն Գորիսում են տեսել։ Մտածեցինք, որ այնտեղ էլ են վարժանքների, բայց պարզվեց, որ այդ հատվածում 90 հոգանոց վաշտից բոլորը փախել են, այդ թվում` դավաճան հրամանատարը, իսկ հայրս ու եւս 11 հոգի հասել սահման»,-պատմում է Մարիամը։ Վրույրը եղել է Հադրութ-Ջրական հատվածում։

Հոկտեմբերի 15-ին տնեցիներն արցախյան համարից զանգ են ստացել, ուրախացել` մտածելով, որ Վրույրն է, դրանից հետո անընդհատ զանգել են, բայց հեռախոսն անհասանելի է եղել։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը ավագ որդուն զանգ է եկել, ասել են մարմին են գտել ու ծոցագրպանում այդ հեռախոսահամարը։ Խնդրել են նկար ուղարկել, որպեսզի հասկանան մարմինը ճիշտ են գտել, թե ոչ։

Նկարն ուղարկելուց հետո կրկին զանգել են, Մարիամի խոսքով` եղբոր արցունքներից հասկացել են, որ եղել է ամենավատը. «Արարողությունների ժամանակ իր հետ ծառայած վիրավոր տղաներն էին եկել ու հորիցս էին պատմում։ Ասում էին, որ իրենց միջի մեծն է եղել ու ռազմի դաշտում չնայած, որ կրակել չի իմացել` առաջ է գնացել ու սկսել հավաքել դաշտում թողած զենքերը։ Երբ տղաները հարցրել են` ինչի՞ն է պետք, եթե կրակել չգիտի, պատասխանել է` ինքը չգիտի, բայց տղաները գիտեն, իրենց պետք կգա։ Լուսաբացին դիպուկահարը կրակել էր հորս գլխին։ Մենք ավելի ուշ ծառայակից ընկերներից տեղեկացանք, որ շարքից նրան հանել են ու ասել, որ ըստ մեր դիմումի տուն են ուղարկում, բայց հենց այդտեղ կամավորագրվել է ու գնացել կռվելու։ Գնալուց առաջ գիտակցել է, թե ուր է գնում։ Հայրական խորհուրդներ է տվել եղբայրներիս, մեզնից թաքուն մուծել բոլոր բանկային հաշիվներն ու գնացել»,- ասում է Մարիամն ու պատմում մեդալներով ու զինվորականների նկարներով նկարի պատմությունը. «Մայիսի ինն էր, հորս համար ամենակարեւոր օրերից մեկը։ Ինձ ասաց իրեն օգնեմ նկարել իր պապերի մեդալներն ու նկարները։ Հետո ենք նկատել, որ մահացած հերոսների հետ ինքն իր նկարն էլ էր դրել։ Սա վերջին նկարն էր, որ տեղադրել էր իր էջում»։ Վերջերս էլ Վրույր Ղուկասյանին հետմահու պարգեւատրել են մարտական ծառայության մեդալով։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել