Լրահոս
Օրվա լրահոսը

«Կներեք, պատճառն այն չէր, որ չէի ուզում պատասխանել Ձեր հարցին. հարցերը շատ էին». Դունյա Միյատովիչը՝ Ռուբեն Ռուբինյանին

Ապրիլ 21,2021 23:09

«Ամբողջ Եվրոպայի տարածքում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը սարսափելի ճնշումների ներքո են»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ահազանգեց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը:

Իր ելույթում ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես են տուժել մարդու իրավունքները և ժողովրդավարությունը COVID-19 համավարակի պատճառով: Նա կարևոր քայլ համարեց Քովիդ-19-ի դեմ պատվաստումները թեստավորմանը և բուժմանը զուգահեռ: Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը նա «սարսափելի ազդանշան» համարեց և կարծիք հայտնեց, որ այն կանանց իրավունքների պաշտպանության հարցում հսկայական հետընթաց է: Դունյա Միյատովիչը նաև անդրադարձավ Ղրիմի խնդրին ու նշեց՝ արդեն պարզ է, որ իր՝ Ղրիմ մուտքը հնարավոր չի լինի մոտ ապագայում:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ Դունյա Միյատովիչն ինչպե՞ս կգնահատի իր աշխատանքը և ուրիշ ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի նա պատշաճ և արդյունավետ կերպով կատարի իր առաքելությունը: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն արձագանքեց՝ այդ հարցին իրենք՝ պատվիրակները, պիտի պատասխանեն: Միքայել Մելքումյանի մյուս հարցն այսպես կոչված գորշ գոտիներ այցելության մասին էր: Դունյա Միյատովիչը պատասխանեց. «Իհարկե, որպես մարդու իրավունքների հանձնակատար ես պետք է մուտքի իրավունք ունենամ բոլոր ռեգիոններ, բայց դա իդեալական աշխարհում կլիներ: Իրականում սա սարսափելի դժվար է. ես փորձում եմ օգտագործել իմ մանդատը, որպեսզի կարողանամ կատարել իմ՝ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատանքը: Հանձնակատարի դերը չպետք է քաղաքականացվի, երբ հարցը վերաբերում է այսպես կոչված գորշ գոտիներ մուտք գործելուն, բայց դա իրականում սարսափելի բարդ գործ է»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Դունյա Միյատովիչին հարցրեց՝ ի՞նչն է նրան հետ պահում Լեռնային Ղարաբաղ այցելելուց և տեղում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին ծանոթանալուց:

ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դամսը մի քանի հարցեր էր լսում պատվիրակներից, որոնց միանգամից պատասխանում էր մարդու իրավունքների հանձնակատարը: Սակայն այդ շարքում նա չպատասխանեց Ռուբեն Ռուբինյանի հարցին: Հետո Ռուբեն Ռուբինյանը նրան հիշեցրեց իր հարցի մասին: Դունյա Միյատովիչը ներողություն խնդրեց ու ասաց, թե հարցին չպատասխանեց ոչ թե նրա համար, որ չէր ուզում, այլ պատճառն այն էր, որ հարցերը շատ էին: Այնուհետև անդրադառնալով հարցին՝ ասաց. «Խնդիրն այն է, որ ես հիմա չեմ կարող գնալ Լեռնային Ղարաբաղ, և այս պահին, ցավոք, ոչ ոք չի կարող գնալ: Մինչդեռ կարծում եմ՝ մենք՝ բոլորս, նկատի ունեմ միջազգային կազմակերպություններին, պետք է այդ հնարավորությունն ունենանք: Ես հետևում եմ բոլոր զարգացումներին՝ կապված եռակողմ հայտարարության հետ: Մենք աշխատում ենք գործընկերների հետ և փորձում ենք ամեն ինչ անել, ինչ հնարավոր է, ոչ միայն կապված Լեռնային Ղարաբաղ այցի հետ, այլև ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված: Եվ կարող եմ ասել՝ երկու երկրներում հռետորաբանությունը խանգարում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930