Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցը Մեղրիում եւ Քաջարանում քաղաքացիները բողոքի ցույցով ուղեկցեցին, ավելի կոնկրետ՝ փորձ էին անում խոչընդոտել վարչապետի շրջայցն այդ մարզում տապալել։
Մի խումբ քաղաքացիներ անդադար սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցնում վարչապետի եւ ոստիկանների հասցեին։
Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող ցույցերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը։ Այս մասին մարզպետարանում վարչապետին հայտնել է մարզի դատախազը։
Այսօր փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ֆեյսբուքի իր էջում գրել էր․«Հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այսօր Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այցելության ժամանակ տեղի ունեցածի կապակացությամբ իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին և իր կնոջը»:
Կարդացեք նաև
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը տեղի ունեցածի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ թեեւ ամբողջական չի դիտել ուղիղ հեռարձակվող ցույցը, սակայն, այն՝ ինչ դիտել է, տպավորություն է ստացել, թե ցույցերն ուղղորդված էին․ «Միասնական, խմբով ինչ-որ գործողություն իրականացնելու կազմակերպվածության միտում կար։ Չեմ ուզում բողոքի ցույցի, անհնազանդության ցույցի բոլոր մասնակիցներին մեղադրանք նետել, որովհետեւ, իրականում դժգոհողներ կան, իրենց անվտանգության համար անհանգստացողներ կային, եւ պիտի լինեին, այլ տարբերակ չկար։ Բայց անկեղծ ասած, այդ վարքագիծը, որը դրսեւորվեց, ինձ համար ոչ հասկանալի է, եւ ոչ էլ ընդունելի։ Դու քո բողոքի խոսքը կարող ես ասել, այո, կարող է մեղադրանքի բնույթի ինչ-որ բաներ հնչեն, բայց կներեք, սեռական բնույթի հայհոյանքներ մի քանի ժամ հնչեն, դա բողոքի ցույցի ձեւ չէ, եւ դա եթեր է գնում, նայում են հազարավոր քաղաքացիներ, կողքով անցնող պատահական մարդիկ։ Ես կարծում եմ՝ որոշակի ուղղորդվածություն կար, դրա համար իրավապահ մարմինները թող պարզեն»։
Հարցին՝ լուրեր կան, որ Մեղրի, Քաջարան, Գորիս համայնքների ղեկավարներին պետք է ձերբակալեն, արդյոք սա քաղաքական հետապնդում կդիտարկվի՞, տիկին Կարապետյանցը պատասխանեց․ «Նրանք, ովքեր գնահատական են տվել, որ դա քաղաքական հետապնդում է, շտապել են։ Մի քանի ժամ նման հայհոյանքները տալը, հասարակական կարգը խախտելը, դա խուլիգանություն է, խմբակային մեղադրանք չի կարելի ներկայացնել, յուրաքանչյուրին իր գործողություններին համարժեք գնահատական հուսամ կտրվի։ Թեեւ, մեծ հույսեր չեմ կապում մեր իրավապահների հետ, ինչպես սրանից տասը տարի առաջ են աշխատել, նույն ոճով էլ հիմա են աշխատում, առանձնապես փոփոխություն չկա»։
Իրավապաշտպանի կարծիքով՝ տեղում, մի քանի ժամ հնչած հայհոյանքը չի կարող անպատիժ մնալ, անկախ նրանից, թե դա ինչ պատճառով է տեղի ունեցել․ «Նրանք, ովքեր ասում են՝ հայրենիք են կորցրել, զավակ, եղբայր են կորցրել, այո, հասկանում եմ, բայց շատ ներողություն, գերեվարվածների եւ զոհվածների հարազատները այսքան պայքարից հետո ոչ մի անգամ չենք լսել, որ հայհոյեն, գուցե պահի տակ մի բան ասեն, բայց որ ժամեր շարունակ սեռական բնույթի հայհոյանք հնչեցնեն, նրանք երբեք նման բան թույլ չեն տվել։ Սյունիքի ցույցի մասնակիցներից շատերը հստակ ագրեսիվ տրամադրվածություն ունեին։ Անգամ, եթե հիմք ունեն այդ ագրեսիվ տրամադրվածությունն ունենալու, այսօրվա վարքագիծն անթույլատրելի է։ Հասարակական կարգը վերաբերում է բոլորին։ Վաղը ես դուրս գամ փողոց ու նման վարքագիծ դրսեւորեմ, ինձ էլ պետք է բերման ենթարկեն»։
Դիտարկմանը, որ այս այցն ու ցույցերը նախընտրական տրամադրությունների եւ տրամադրվածությունների ցուցադրում էր, ընդ որում, կարծիքներ կան, որ «Սյունիքը Նիկոլինը չէ, Սյունիքը Նիկոլին չի ենթարկվում», տիկին Կարապետյանցն այսպես արձագանքեց․«Սյունիքը ոչ մեկի տարածքը չէ, Սյունիքը Հայաստանի մարզն է, ոչ մեկի անձնական օգտագործման տարածքը չի կարող համարվել, ոչ ոք չի կարող ֆեոդալական կարգեր հաստատել, ինչպես եղել է ժամանակին՝ էջմիածինը սրան էր, Սյունիքը նրանն էր, այստեղի պուճուր աստվածը սա է, այնտեղինը՝ նա։ Դրանք բոլորը ՀՀ տարածքներ են եւ ՀՀ պատասխանատվության ներքո են, մենք պիտի դնենք դրա պաշտպանելու հարցը։ Այնպես չէ, որ Սյունիքի խնդիրը միայն սյունեցիներինն է, Արցախի խնդիրը՝ միայն արցախցիներինը։ Չկա իմ ու քո տարածք, հենց մենք այդ ֆեոդալական կարգերից դուրս գանք, կհասկանանք ինչով ենք զբաղված, ինչ ենք անում։ Վարչապետի գործողությունները չեմ քննարկում, որովհետեւ տրամաբանությունը չեմ հասկանում, անգամ այն տեղերում, որտեղ նվազագույն, չնչին ցանկություն ես ունենում արդարացում գտնելու նրա գործողություներում, անգամ այդ հնարավորությունը չի տալիս։ Բայց իմ ու քոնի բաժանել տարածքները՝ ես այստեղից ավելի շատ ձայն կտանեմ, որովհետեւ սա իմն է, խաղի բոլոր մասնակիցները գլուխները քարովն են տվել, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը բոլորինս է, ու ովքեր փորձելու են Հայաստանը բաժանել սեգմենտների ու տիրանան, նրանք բոլորը պետք է մերժելի լինեն ժողովրդի կողմից»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ