Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ հենարանը հոգեւոր տիրույթն է, լույսի ճանապարհը` մեր ակունքներից բխողը». Վահան Արծրունի

Ապրիլ 21,2021 21:33

Ապրիլի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Լույս հավիտենական» խորագրով բացառիկ համերգ, որին մասնակցում են երգիչ, ստեղծագործող Վահան Արծրունին, երգչուհի Աննա Մայիլյանը, ազգային փողային նվագարանների կատարող Նորայր Քարտաշյանը, հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանը, «Սաղմոսերգու» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Վահե Բեգոյան) եւ «Շողակաթ» (խմբավար՝ Կարինե Եզեկյան) երգչախմբերը, ինչպես նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյյանի ղեկավարությամբ:

Համերգին կհնչեն Վահան Արծրունու մեկնությամբ Մաշտոցի շարականները եւ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված երգաշարը:

Aravot.am-ի հետ զրույցում Վահան Արծրունին հայտնեց, որ համերգի գաղափարը ծնվել էր Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիներին կից բաց տարածքում կայացավ  բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը` 6,5 մլն դրամ, ուղղվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Հենց այդ համերգից հետո, որին մասնակցում էր «Հովեր» երգչախումբը եւ Ֆիլհարմոնիկի երաժիշտները, պայմանավորվեցին շարունակական դարձնել նման նախագծերը:

«Լույս հավիտենական» խորագրով համերգային ծրագիրը հունվար ամսին պետք է կայանար, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց մինչեւ ապրիլի 28-ը: «Եվ երբ հայտարարվեց համերգի մասին, պատրաստ էր ամեն ինչ. ամբողջ փաթեթը` դիզայնից մինչեւ հղկված ծրագիր ու կազմ»,-նշեց Վահան Արծրունին:

Երաժիշտի խոսքով, մեր մշակույթի մեջ ամենակարեւոր գաղափարը երկու տիրույթներն են` հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտություն:Համերգը հոգեւոր երաժշտության ակունքում կանգնած Մեսրոպ Մաշտոցի ու Կոմիտասի ստեղծագործական էության բացահայտման յուրօրինակ դրսեւորում է, որը փշրելու է այն կարծրատիպը, ըստ որի, Մաշտոցը զուտ հայ գրերի ստեղծողն է: «Մեսրոպ Մաշտոցի ստեղծագործական էությունը դեռեւս բացահայտված չէ, մինչդեռ մեսրոպյան շարականները կատարվում են մինչ օրս` ժամերգություններում, այսինք հավատավոր մարդիկ քաջատեղյակ են»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է «Լույս հավիտենականի» գաղափարին, Արծրունու խոսքերով. «Մեզ համար հիմնական նյութը եւ հենարանը այս երկու տիրույթներն են, և, իհարկե, դրանք միավորող Մաշտոցի եւ Կոմիտասի կերպարները: Եվ իմ ստեղծագործական առնչությունը պայմանավորված է նրանով, որ մշակել եմ Մաշտոցի շարականները եւ գրել եմ երաժշտություն` Կոմիտասի բանաստեղծությունների համար»:

Երաժիշտն ասում է, որ ամեն դետալ հաշվի է առնված ու մտածված է այս նախագծում՝ սկսած պաստառից, որի տեքստային մասը ձեւավորված է որպես Սուրբ Գավաթ, այսինքն` հավիտենական կյանքի ու բացարձակ սիրո խորհրդանիշ, որտեղից բխում է խավարը ճեղքող լույսը: «Ցավոք, այդ լույսը տեսնելու առարկայական եւ պատմական հենարաններ չեն մնացել, եւ միակ հենարանը հոգեւոր տիրույթն է, ու լույսի միակ ճանապարհը այն է, որը բխում է մեր ակունքներից: Եվ ընդամենը մեր ինքնադրսեւորման խնդիրն է այստեղ, մեր առնչության չափը այս արժեքների հետ եւ մեր ունակությունը` փոխանցելու եւ հաղորդակից դարձնելու արժեքների հետ: Սրանք գաղափարային հիմքերն են այս ծրագրի»,-հավելում է նա:

Խոսելով կազմի բացառիկության մասին` Վահան Արծրունին հիշեցնում է, որ Աննա Մայիլյանը 20 եւ ավելի տարիներ առաջ առաջին կատարողն է եղել « Կոմիտաս. Տասը հայտնության» եւ տասնամյակների ընդմիջումից հետո նորից մեկ բեմի վրա են լինելու:

«Երկու հրավիրյալի մենակատարներ կան՝ Գրիգոր Առաքելյանը, որը կոմպոզիտոր է եւ հայկական վիոլայի կատարող, իսկ երկրորդ մենակատարը ազգային փողայինների վարպետ է Նորայր Քարտաշյանը: Խորհրդանշական է, որ երկուսն էլ նվագում են աուտենտիկ նվագարանների վրա, որոնք իրենք են նախագծել: Եզակի է եւ այն սրինգը, որի վրա նվագելու է Նորայր Քարտաշյանը, եւ հայկական վիոլան, որը ծնունդ է Գրիգոր Առաքելյանի երեւակայությունից: Երկուսն էլ միակ վարպետներն են, որոնք տիրապետում են այդ նվագարաններին: Բացի նրանցից երգու երգչախումբ է մասնակցում համերգին: «Սաղմոսերգու» խումբը ներկայացնելու է մաշտոցյան շարականների բաժինը, իսկ երկրորդ բաժնում ավանդաբար իր մասնակցությունն է բերելու «Շողակաթ» մանկական երգչախումբը, ինչպես նաեւ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարայինների ու փողայինների մասնակցությունը կլինի: Թոփչյանի հետ միասին մենք բեմի վրա ենք եղել 6 տարի առաջ՝ իմ հիսնամյակի եզրափակիչ համերգին, նաեւ Ապրիլյան պատերազմնի ժամանակ կազմակերպված բարեգործական համերգին: Բոլոր իմ առնչությունները ֆիլհարմոնիկի հետ՝ սկսված են 2000 թվականից՝ տարբեր ժանրերի երաժշտություն ներկայացնելով եւ ի վերջո հանգել ենք այս կետին՝ ինձ համար առավել կարեւոր այս երկու շարքերը ներկայացնելու առումով»,-հայտնեց երաժիշտը:

Aravot.am-ի հարցին` այսօր, երբ արժեքները գլխիվայր են շրջված, իր կարծիքով ինչպես պետք է ունկնդրին բերել հոգեւոր դաշտ, Վահան Արծրունին պատասխանեց. «Վերջին 30 տարիների ընթացքում պետության կողմից որդեգրած սպառողական մշակույթի եզրույթը տվեց իր պտուղները: Մենք տեսնում ենք, որ թեկուզ տարրական երաժշտական ճաշակի դրսեւորումների եւ նախընտրությունների առումով հանրությունը բարձր դրսեւորումներ չի ցուցաբերում: Այսինքն այն, ինչ հեշտ է մարսել, ինչ հեշտ է ընդունել, որդեգրվում է հանրության կողմից: Մենք պետք է հասկանանք, որ այն հոգեւոր տարածքը, որը լցվում է այդ աղբով, արդեն չի էլ ենթադրում որեւէ այլ բաղադրիչ:
Այսինքն, ճեղքել դա եւ մտնել՝ մշակութային կամ հոգեւոր արժեքներ քարոզելով, գրեթե հնարավոր չէ, հատկապես այն պարագայում, երբ մշակույթի արժեւորման ողջ պետական մեխանիզմը հակառակ ուղենիշով է աշխատում: Հիշենք, թեկուզ, բազմաթիվ վաստակավորների կոչումների ու պետական պարգեւների շռայլությունը: Այս ամենը ճեղքելու եւ հավասարակշռվելու համար մի միջոց կա՝ ոչ թե փակվել 4 պատի մեջ եւ ինքնագոհությամբ եւ ինքնահմայությամբ զբաղվել, ինչը հատկանշական է շատ արվեստագետների համար, այլ մտնել այս իրականության մեջ եւ հաստատել սեփական արժեհամակարգը, այն գաղափարները, որոնց ինքդ ես դավանում: Եվ այդ առումով այս համատեքստում պետք է ընկալել այս համերգը, որովհետեւ այն ուղղված է այս անճաշակության, անիմացության ու տգիտության խավարը ճեղքելուն այն բովանդակային լույսով, որը հորինվածք չէ, դա մեր մշակույթն է, մեր ինքնության բանաձեւումն է որպես այդպիսին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Վահան Արծրունու եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930