«Մհեր Արմենիան իր ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանն ու արվեստին, երգել է կարծես թե իր երազանքի բոլոր երգերը եւ երգեր, որտեղ պարունակվում է հայրենասիրությունը, ընտանիքը, կարեւոր ինստիտուտները: Իսկ հիմա ժամանակն է եկել, որպեսզի այն իշխանությունները եւ այն մարդիկ, որոնք տարան այս երկիրը կործանման, իրե՛նք երգեն: Մենք ուզում ենք լսել իրենց երգերը՝ ինչպե՞ս ստացվեց, որ 30 տարի անց կործանեցիք այս երկիրը: Իրենց երգելու ժամանակը միանշանակ եկել է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Մգեր Արմենիան:
Ինչպես հայտնել ենք, այսօր նրա՝ Մհեր Մեսրոպյանի հիմնադրած «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր համագումարն էր:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ձեզ կապում են նախկին իշխանությունների հետ, հատկապես նկատի ունեն երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի հետ հարաբերությունները, ինչքանո՞վ ունեք կապ նախկինների հետ ու ինչքանո՞վ են նրանք ձեր թիկունքում՝ Մհեր Մեսրոպյանը պատասխանեց. «Ցավոք, լուսահոգի Ռիտա Ալեքսանդրովնան էլ չկա: Ես կուզենայի, որ նա լիներ, հիմար լուրեր են պտտվում, իրականում ես կուզենայի, որ նա ողջ լիներ, բայց այդպես չէ: Այո, ինձ կապում են, ես գիտակցել եմ, որ կապելու են: Ես այս ընթացքում այնքան տարբերակներ լսեցի, թե մենք ում պրոյեկտն ենք, ես չէի պատկերացնում, որ մի քանի շրջանակների կամ խմբերի պրոյեկտը կարող ենք հանդիսանալ: Ոչ մեկի պրոյեկտը չենք, մենք մեր ազգի հետ ենք: Մենք ունենք գաղափարախոսություն, ներկայացնում ենք դա»:
Իսկ թե ինչու են անպայման մեկի պրոյեկտը համարում՝ Մհեր Մեսրոպյանը պատասխանեց. «Արտիստը եւ քաղաքական գործիչը չի կարող իր կյանքում ունենալ իդեալական ռեպուտացիա: Կապում են: Օրինակ, ես երգեցի տիկին Ռիտայի մասին երգ՝ կապեցին: Ի դեպ, այդ երգը ես էի իմ կողմից նվիրել, ոչ թե ինքն էր ասել՝ երգի…Ես ՀՀԿ անդամ չեմ եղել»:
Հարցին՝ Աննա Հակոբյանի մասին երգ կերգե՞ք՝ նա պատասխանեց. «Իհարկե, ոչ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ