Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում գերիների հարցի քննարկումից ընդամենը մի քանի պատգամավոր դիվիդենտներ հավաքեցին. Նաիրա Կարապետյան

Ապրիլ 21,2021 20:43

«Առավոտի» հարցերին պատասխանում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ Նաիրա Կարապետյանը:

-ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության քվեարկությանը հայ ռազմագերիների հարցով՝ ի՞նչ անուն տալ: Ինչպե՞ս բացատրել՝ պատճառաբանությունները, թե քվեարկության արդյունքը պայմանավորված էին տեխնիկական պատճառներով, ինչպե՞ս վերաբերվել՝ հարցի քննության ընթացքում ռուս պատգամավորների լռությանը: Արդյո՞ք այս ամենը միայն Ադրբեջանին չնեղացնելու համար էր:

-Ռուսաստանի պատվիրակության քվեարկության մասին այս քննարկումները և այս աստիճան կարևորումը, ըստ իս, խիստ չափազանցված են: ԵԽԽՎ-ն նուրբ հարաբերությունների կազմակերպություն է, այստեղ հաճախ այս կամ այն պատվիրակության կամ առանձին պատվիրակի հետ աշխատանքը կարող է լինել նաև անձնավորված, նաև ԵԽԽՎ-ում գործում է փոխադարձության սկզբունքը, և երբ հայկական պատվիրակությունն իր ամբողջ կազմով կողմ է քվեարկում Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության հարցի ներառմանը մեծ օրակարգ, դժվար է Ռուսաստանի պատվիրակությունից ակնկալել լիակատար աջակցություն:

Ինչ վերաբերում է հարցի քննարկման ընթացքում ռուս պատվիրակների լռությանը, ապա դա խիստ տրամաբանված էր` մեր երկրի քաղաքական իշխանության ապիկարության պատճառով այնպես է ստացվել, որ ռազմագերիների վերադարձի հարցով այսօր զբաղվում է հենց Ռուսաստանը, և ցանկացած ելույթ կարող էր վնասել այս գործընթացին:

Ի դեպ 2019-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ, ռուսական պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցով քվեարկության ժամանակ հայաստանյան պատվիրակների մոտ նույն տեխնիկական խնդիրն առաջացավ, արդյունքում, պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի քվեն «դեմ» գրանցվեց, Հովհաննես Իգիթյանն էլ չմասնակցեց քվեարկությանը:

-Ես նշեցի, որ ԵԽԽՎ-ում գործում է փոխադարձության սկզբունքը և նուրբ հարաբերությունների քաղաքականությունը: Իհարկե, դժվար է հավատալ զուգադիպությունների և այս երկու «տեխնիկական» խնդիրները իրար հետ չկապել: Չի բացառվում, որ փոշիացված հարաբերությունների համատեքստում այսպիսի քվեարկության և հետագա պատճառաբանության համար 2019-ի անհասկանալի քվեարկությունը ևս դեր խաղացած լինի:

– Հայ ռազմագերիների հարցը քննարկվեց ԵԽԽՎ հարթակում՝ տարբեր ելույթներ եղան. ո՞վ եւ ի՞նչ շահեց դրանից, ի՞նչ շահեցին գերեվարվածները, նրանց ընտանիքները:

-Այս քննարկմանը մենք բացարձակապես պատրաստ չէինք` չկար նախապես կատարված աշխատանք` ազգային պատվիրակությունների հետ, չկար հարցի խորքային ընկալում: Անգամ հակամարտության բուն էությունը պարզ չէր մեր եվրոպացի գործընկերներին` բոլոր ելույթներում հնչում էր հակամարտություն Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Կոնֆլիկտն իբրև տարածքային վեճ ներկայացնելը Ադրբեջանի գիծն է, և այն փոխելու համար հայկական կողմը որևէ աշխատանք չէր արել:

Մենք որևէ բան չշահեցինք, քանի որ քննարկումը չէր ենթադրում որևէ փաստաթղթի ընդունում, և, ինչն ավելի կարևոր է, չնպաստեց այսպիսի փաստաթղթի հիման վրա եվրապատգամավորների փաստահավաք այցելության կազմակերպմանը Բաքու: Փոխարենը, այս նուրբ զգայական հարցը ծառայեց ԵԽԽՎ-ի պատվիրակներին` պատերազմի ընթացում իրենց չեզոքությունն ու Ադրբեջանին լուռ աջակցությունն արդարացնելու հարցում: Քաղաքական դիվիդենտներ հավաքելու հարցում շահեցին մի քանի պատգամավորներ` ինչպես եվրոպական երկրներից, այնպես էլ Հայաստանից: Հնչեցին տարբեր կարծիքներ, ընդամենը կարծիքներ:
Այսպիսի քննարկմանը պետք էր ավելի լուրջ պատրաստվել:

Զրույցը՝ Նելլի Գրիգորյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930