Լրահոս
Օրվա լրահոսը

Մգեր Արմենիա. «Դե պատկերացրեք` ինչքան վատ վիճակ է, որ ես հիմա զբաղված եմ քաղաքականությամբ»

Ապրիլ 21,2021 19:56

Այսօր Մհեր Մեսրոպյանի հիմնադրած, կամ, այլ կերպ ասած, Մգեր Արմենիայի «Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր համագումարն էր, որի ընթացքում պետք է ընտրեին կուսակցության վարչության 7 անդամների: Դահլիճում մի քանի հոգի էին, թե ինչպես էին ընտրելու, պարզ չեղավ, որովհետեւ Մհեր Մեսրոպյանը տեղեկացրեց, որ որոշել են «արարողությունը» անցկացնել դռնփակ:

Կուսակցությունը ծրագրային մի քանի դրույթ է ներկայացրել, ըստ որի,  Ռուսաստանի հետ պատրաստվում են հարաբերությունները վերսկսել նոր մակարդակով՝ Հայաստանը ՌԴ-ի հետ միութենական պետություն ձեւավորելով:

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Մենք իշխանության գալուց հետո պատրաստվում ենք Ռուսաստանին անել առաջարկ, որ ստեղծենք միութենական պետություն: Հայաստանն այս դեպքում չի կորցնում իր ինքնիշխանությունը, պարզապես նոր մակարդակ ենք ունենում հարաբերությունների: Ի՞նչ ենք շահելու: Մեզ համար հիմա այն հարաբերությունները, որ կան ՌԴ-ի հետ, ոտնահարված են լիովին: Դուք տեսաք, թե ինչպես վարվեցին ՀԱՊԿ քարտուղար Խաչատուրովի հետ: Իշխանությունները իրավունք չունեին այդպիսի ձեւով հետ կանչել Խաչատուրովին: Եթե նա շարունակեր իր աշխատանքը, ապա այս պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը կունենար լրիվ այլ աջակցություն»:

«Ազգի ձայնը», իշխանության գալու դեպքում, պատրաստվում է նոր ուղղափառ եկեղեցիներ բացել Հայաստանում, ռուսական ուսումնական հաստատություններ բացել, ռուսաց լեզվի եւ ռուս գրականության դասերի քանակն ավելացնել:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքե՞ր են ֆինանսավորում նրան, ովքե՞ր են կանգնած իր հետեւում: Մհեր Մեսրոպյանն անուններ այդպես էլ չտվեց. «Անունները միշտ բոլորն ուզում են լսել: Ես չեմ կարող ասել: Մենք ունենք հնարավորությունները եւ ռեսուրսները, որպեսզի Հայաստանը այս տնտեսական վատ վիճակից հանենք: Թե ինչպես կանենք, դա ոչ միայն անհատների, բիզնեսների ներգրավելն է: Մենք կկարողանանք դա իրականացնել, երբ որ մենք գանք իշխանության: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ֆինանսավորումը, ոչ մեկը անուններ չի տալիս, ինչո՞ւ պետք է ես անուններ տամ: Այդ միջոցները մեր նպատակներին հասնելու միջոցներ են: Թե ում կողմից են, ում կողմից չեն՝ դա հարցի երրորդ, չորրորդ կողմն է: Մենք ունենք ծրագիր՝ պարզ եւ թափանցիկ»:

Հարցին՝ դուք հավակնո՞ւմ եք դառնալ իշխանություն, Մգեր Արմենիան պատասխանեց. «Ըհը»: Նա վստահեցրեց, որ թույլ չեն տա, որ գործող իշխանությունը վերարտադրվի:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ եք գտնում, որ քաղաքական դաշտը հենց ձեր կարիքն ունի՝ Մգեր Արմենիան պատասխանեց. «Քաղաքական դաշտն այսօր սպառված է հանրության կողմից, վստահությունը քաղաքական գործիչների հանդեպ: Մենք մտցնում ենք նոր մշակույթ: Հասկանում ենք, բոլորս էլ հուսահատված ենք, հիասթափված ենք, մարդիկ չեն ուզում հետեւել քաղաքական իրադարձություններին, բայց չի կարելի դա թողնել՝ ինչ կլինի` կլինի, ով կգա՝ կգա, ինձ մեկ է: Սխալ է դա»:

Ովքե՞ր են լինելու «Ազգի ձայնի» ցուցակում՝ նա չմանրամասնեց, ասաց՝ ժամանակը կգա՝ կներկայացնեն: Իսկ թե ինչու է որոշել ընտրությունների մասնակցել ու երգիչ լինելով՝ քաղաքականություն մտնել, նա պատասխանեց. «Դե պատկերացրեք ինչքան վատ է վիճակը, որ ես՝ շոու բիզնեսի ներկայացուցիչ, թողել եմ իմ գործը, որով կարող էի շատ հանգիստ վաստակել գումար, անգամ գնալ Հայաստանից դուրս, ունեմ այդ հնարավորությունները, բայց ես չեմ ուզում լքել: Ուզում եմ այստեղ ծառայել իմ հայրենիքին ու ազգին: Դե պատկերացրեք ինչքան վատ վիճակ է, որ ես հիմա զբաղված եմ քաղաքականությամբ»:

Հարցին՝ եթե հաղթեք ընտրություններում, կշարունակե՞ք երգել, նա պատասխանեց կուսակցության կարգախոսով. «Աստված առաջ, հաղթենք, որ չգաղթենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930