Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանն արեց իր անելիքը… Ռուսաստանն անելիք ունի, մենք էլ

Ապրիլ 21,2021 22:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը տեւական դադարից հետո ապրիլի 13-ին որոշեց հանդես գալ նոր հայտարարությամբ։

Նախ, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները կոչ են անում հուսալիորեն ականազերծել Լեռնային Ղարաբաղը եւ չեղարկել բոլոր խոչընդոտները՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ ապահովելու համար, ինչպես նաեւ՝ ապահովել կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումը եւ պաշտպանությունը, խթանել ուղղակի շփումները եւ համագործակցությունը հակամարտությունից տուժած համայնքների միջեւ։ Համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ եւ կայուն կարգավորման հաստատմանը՝ «հայտնի տարրերի եւ սկզբունքների հիման վրա», եւ այդ համատեքստում նրանք կոչ են արել կողմերին որքան հնարավոր է շուտ վերականգնել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների։ «Համանախագահները հաստատում են իրենց պատրաստակամությունը վերականգնելու աշխատանքային այցերը տարածաշրջան, Լեռնային Ղարաբաղը եւ հարակից շրջանները ներառյալ՝ միջնորդական դերը գնահատելու եւ իրականացնելու նպատակով», – հայտարարում են համանախագահները, նշելով, որ կողմերը պարտավոր են ապահովել անարգել հասանելիություն և համանախագահների տեղաշարժի առավելագույն ճկունություն՝ համաձայն մանդատի և նախկին պրակտիկայի:

Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հայտարարությունը չէր լինի, եթե երեք կողմերն էլ դրանում իրենց ուղղակի շահը չունենային։ Ամերիկյան շահն ուղղակի մակերեսին է. Հարավային Կովկասում Ռուսաստանը եւ Թուրքիան մեջ-մեջ անելու մի «ձեւաչափ» են թքել-կպցրել, ինչն Ամերիկայի համար ուղղակի անընդունելի է, եւ իրերի նման դրությունն անհրաժեշտ է փոխել։ Բացի դրանից, ԱՄՆ վարչակազմի վերաբերմունքն ավտորիտար ռեժիմների նկատմամբ, առանձին վերցրած Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի նկատմամբ՝ եւս աներկբա է։ ԱՄՆ-ը մտադիր է վերադառնալ տարածաշրջան, եւ դրա մասին խոսում են բացահայտ, եւ ոչ միայն մամուլում. Ռուսաստանի չարամիտ գործունեության զսպման նպատակով պատժամիջոցների նոր փաթեթ է գործի դրվել, իսկ Թուրքիայի հետ կապված նպատակ է դրված՝ բերել Անկարային, ըստ Վիկտորիա Նուլանդի՝ «ԱՄՆ-ի հետ նույն էջի վրա՝ Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում»։ Ֆրանսիան ի՛ր հաշիվներն ունի Թուրքիայի հետ, եւ այդ դիմակայությունը տարածվում է ընդհուպ մինչեւ Ֆրանսիայի ներսը, որտեղ Թուրքիայից ուղղակիորեն սնուցվող պսեւդո-իսլամիստական կազմակերպություններն ազդեցության ցանց են կառուցում։ Այդ ցանցի տարրերն արդեն այսօր սպառնալիք են հանդիսանում Ֆրանսիայի ներքին անվտանգության համար, եւ դժվար չէ կանխագուշակելը, թե ինչպիսի չարիքի նրանք կվերածվեն կոնսոլիդացումից հետո։ Իսկ Միջերկրական ծովում Թուրքիայի նկրտումներն ընդդեմ Հունաստանի՝ մարտահրավեր են նաեւ Ֆրանսիայի համար։ Եվ Փարիզի շահը եւս հասկանալի է՝ զսպել Թուրքիային այնտեղ, որտեղ պատեհ է, տվյալ դեպքում՝ Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանի անկարողությամբ եւ թողտվությամբ միաժամանակ՝ թուրքական ներկայությունը դարձել է իրականություն։

Ամենաերկիմաստը տվյալ դեպքում ռուսների շահագրգռվածությունն է. «եւ ցանկանում ես, եւ ծակում է, եւ մայրիկը թույլ չի տալիս»։ Հայ ժողովուրդը եւս մեկ անգամ պիտի «շնորհակալություն» հայտնի ռուս շովինիստ, «Կրեմլի ենթագիտակցություն» Դուգինին՝ բաց խաղաքարտերով հանդես գալու եւ իրերն իրենց անուններով կոչելու համար։ «Ռուսաստանը կատարել է իր խնդիրը, հերթը Բաքվինն է», – ասում է պարոն Դուգինը, այլ ոչ թե Ռուսաստանի «սարսափի» վերածված՝ պայմանական «Սորոսը», կամ մի «հայ ռուսոֆոբ», ով, ասենք, «սեպ է խրում հայ-ռուսական դարավոր բարեկամության» եւ մնացած բաների մեջ։ Ավելին, պարոն Դուգինը բաց տեքստով պահանջում է Բաքվից, որպեսզի որպես «հատուցում», Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը վերականգնելուց» հետո, եւ դրանում Ռուսաստանի «ջանքերի դիմաց»՝ Ալիեւը «բերման ենթարկի» իր երկիրը ռուսական «ինտեգրացիոն ձեւաչափեր»՝ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ։

Դա մի կողմից, իսկ մյուս կողմից, ռուս-թուրքական հարաբերություններում դիմակայության չափաբաժնի ակնհայտ մեծացման պայմաններում Մոսկվան փորձելու է հավասարակշռել իրավիճակը տարածաշրջանում։ Բաքու-Երեւան երթուղով ճամփա ընկած «Մուրադովի ինքնաթիռի» դատարկ լինելը պայմանավորված էր առնվազն Անկարայի հորդորով, ուղղված Բաքվին, ինչը ստիպեց Պուտինին զանգահարել Էրդողանին, իսկ հետո, նաեւ Ուկրաինայի հետ կապված պատճառներով՝ Թուրքիային «զրկել» ռուս զբոսաշրջիկներից։ Սակայն, պարզ է, որ դա հազիվ թե փոխի Թուրքիայի մոտեցումները։ Ի վերջո, ռուսական ներկայիս քաղաքական վերնախավի «հասկացություններով», Էրդողանը եւս «յուրային» է, նույն «բականցքի տղան», ի տարբերություն «բականցք չհարգող» եւ «կյանքից չհասկացող» Արեւմուտքի, հետեւաբար, «ռեալ տղա» է, որին կզսպեն միայն «ռեալ քայլերը»։

Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն առաջինը խոսեց ԵԱՀԿ ՄԽ ակտիվացման անհրաժեշտության մասին, եռանախագահների հայտարարությունից մի քանի օր առաջ, իսկ մինչ այդ ռուսական դիվանագիտությունն ուղղակի լռում էր։ Լռում էր նույնիսկ այն փաստի խորապատկերին, որ հայ ռազմագերիների հարցը Մոսկվան «չի կարողանում» լուծել, իսկ ռուս խաղաղապահներն ուղղակի խոչընդոտում են այլ երկրներից լրագրողների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքն Արցախ։
Այլեւս ակնհայտ է, որ ռուսները կարող են մնալ իրենց իսկ «հնարքի տակ», ինչպես ըմբշամարտում. 2008-ից ոչ մի երկիր այդքան ջանք չի թափել, որպեսզի խափանի Հայաստանի եւ Արցախի միջազգային դիրքերը, որպեսզի ի վնաս հայերի խախտի տարածաշրջանի ստատուս-քվոն, ինչպես Ռուսաստանը։ Մայենդորֆյան հռչակագիրը, որն ուղղակի «կախեցին» Սերժ Սարգսյանից, հարձակողական զենքի բազմամիլիարդ մատակարարումներն Ադրբեջանին, շարունակական ճնշումները Երեւանի վրա, ակնհայտորեն Մոսկվայի կողմից հրահրված՝ 2016-ի Քառօրյա ապրիլյան պատերազմը, իսկ դրանից հետո՝ շարունակվող ճնշումները Երեւանի վրա «Լավրովյան պլանով», Վիենայի պայմանավորվածությունների ակտիվ վիժեցումը՝ ահա Մոսկվայի «արժանիքների» ամենեւին էլ ոչ ամբողջական զինանոցը, որը կար Մոսկվայի «ակտիվում» մինչեւ 44-օրյա պատերազմը…

Այո, սուլթան Ռեջեպը նույնպես կարող է «դանակով թափահարել աչքերի դիմաց», Մոսկվայում լավ «ուսուցիչներ» ունի, հետեւաբար պետք են գործուն միջոցներ, որ հանկարծ գործը չհասնի ուղիղ առճակատման։ Մոսկովյան պայմանագրի հարյուրամյակի կապակցությամբ ռուս դեսպանի՝ ստորաքարշ ելույթն Անկարայում եւս «չհամոզեց» սուլթանին։ Արեւմուտքում տեսնում են Մոսկվայի մտահոգությունները եւ ընդառաջում մոսկովյան՝ հանկարծահաս «կառուցողականությանը»։ Սակայն, միայն ազդակները եւ հայտարարությունները բավարար չեն։

Մոսկվան, իհարկե, ինչպես Դուգինն է խոստովանում, արել է իր անելիքը, բայց Մոսկվան նաեւ անելիք ունի. ի վերջո, Ղարաբաղի հարցը լուծված չէ, որքան էլ որ Ալիեւը թութակի նման դա երեք օրը մեկ կրկնում է, եւ Արցախի վերջնական կարգավիճակը ե՛ւս՝ որոշված չէ, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը միայն հայտարարություն է, ոչ ավելին, որքան էլ որ ռուսները փորձում են եռակողմ ձեւաչափով, նույնիսկ գերիների հարցը լուծելու սեփական «անկարողության» պայմաններում՝ տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր լուծել։

Մենք եւս անելիք ունենք։ Ամերիկյան դիվանագիտությունը շրջանառության մեջ է դրել մի առաջարկություն, որը շարադրված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցչի հոդվածում` Foreign Affairs պարբերականում։ Դենիել Բեերն առաջարկում է չորս քայլ։ Առաջինը, կրակի դադարեցման ռեժիմը պետք է ամրապնդվի, եւ բոլոր կողմերը պետք է հաշվետու լինեն այն պահպանելու համար. նոյեմբերի 9-ի հայտարարությունն իդեալական չէ, սակայն տվյալ պահին դա այլընտրանք չունի, եւ պետք է խստորեն կատարվի, այդ թվում՝ գերիների հարցում, որոնց վերադարձը պետք է լինի որպես առաջնահերթություն։ Երկրորդը, հումանիտար աշխատանք եւ վերաբնակեցմանն ուղղված գործունեությունը։ Բեերը շեշտում է, որ Բաքվի կոռումպացված իշխանությունը չի կարող պատասխանատու որոշումներ ընդունել, իսկ տեղահանված հայերը մտահոգված են հայկական կրոնա-մշակութային ժառանգության ճակատագրով, եւ այդ հարցով չի կարելի հույս դնել ոչ Ռուսաստանի, ոչ էլ Թուրքիայի վրա, ուստի Միացյալ Նահանգները պետք է աշխատեն եվրոպացիների եւ այլոց հետ միասին՝ սատարելու ՀԿ-ներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք կարող են տեղական միջոցներ ձեռնարկել, ուղղված վստահության ամրապնդմանը։

Երրորդը, ընդհանուր տարածաշրջանային ռազմավարության ներդրումը։ Դենիել Բեերը համարում է, որ առավել հավանական լծակը ապագա սահմանային համագործակցության համար՝ նոր տարածաշրջանային ռազմավարությունն է, ենթակառուցվածների զարգացումը ներառյալ, ինչը կարող է միջազգային ներդրումներ ներգրավել, ուղղված Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի տնտեսությունների ամրապնդմանը։ Դրա հետ կապված, ԱՄՆ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելլենին հեղինակը կոչ է անում տարածաշրջանը ներառել ԱՄՀ եւ ՀԲ ամենամյա քննարկումների օրակարգ եւ խորհուրդ է տալիս ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին Հարավային Կովկասի երեք կառավարությունների հետ համատեղ մշակել հիմք՝ տարածաշրջանային զարգացման համար։ Բեերը նշում է, որ ցանկացած ֆինանսական օժանդակություն պետք է ուղեկցվի տոտալ կոռուպցիայի դեմ պայքարով։

Եվ չորրորդը, ակտիվացնել դիվանագիտությունը։ Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ԱՄՆ ներկայացուցիչը պետք է ունենա դեսպանի կարգավիճակ, իսկ Վաշինգթոնը պետք է եռանդուն կերպով դրդի համանախագահներին կանոնավոր հանդիպումների՝ գրգռիչ հանգամանքները վերացնելու ռազմավարություն մշակելու համար։ Բացի դրանից, Վաշինգթոնը պետք է բանակցություններ սկսի Մոսկվայի հետ, ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությունը վավերացնող, ամբողջական խաղաղության համաձայնագիր կնքելուն կոչ անող բանաձեւ ընդունելուն։ Բեերը նշում է, որ ռուսները պետք է ողջունեն ՄԱԿ ԱԽ-ի կողմից Պուտինի՝ հապշտապ կազմած մեկ էջանոց հայտարարության վավերացումը, ինչի դիմաց նման բանաձեւը պետք է միջազգային հավանություն տա տարածաշրջանային զարգացման պլանին, որը կներառի Հարավային Կովկասի երեք երկրները։ Դա կարող է վերահաստատել կողմերի ինքնիշխանությունը, ներառյալ նրանց իրավունքը՝ դադարեցնել ռուս խաղաղապահների տեղակայումը հինգ տարի հետո։

Սա ամենը չէ, ինչ ասել է Դենիել Բեերը, եւ սա այն ամենը չէ, ինչը կա ամերիկյան դիվանագիտական զինանոցում, եւ այստեղ ամբողջությամբ «հալած յուղ» չէ, ինչը հայկական շահերից բխող կարելի է համարել ապրիորի։ Սակայն, սա լուրջ հիմք կարող է հանդիսանալ, որպեսզի հայկական կողմերը կարողանան «տեղավորել» իրենց առաջնահերթությունները։ Մանավանդ, առաջիկա օրերին պաշտոնավարման է անցնելու որպես ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ 2016-ին Վիենայի պայմանավորվածությունների փաստացի ճարտարապետ՝ Վիկտորիա Նուլանդը…

Երեւանն ունի իր «տնային աշխատանքը», որը պետք է փայլուն կատարի։ Նախ, դա արտահերթ ընտրություններն են, ինչը կբերի նոր՝ լեգիտիմ իշխանության ձեւավորմանը, որն էլ եւ պետք է նոր իրողություններում նոր տեսլականներ սահմանի իր համար։ Բոլոր դեպքերում, ակնհայտ է մի բան. միակողմանի կախվածությունը Ռուսաստանի բարեհաճությունից բացարձակ չարիք է, իսկ այդ արատավոր իրավիճակի բալանսավորումը բոլոր առումներով՝ բացարձակ առաջնահերթություն։ Վարչապետ Փաշինյանը փորձում է հանրությանը բացատրել, որ, այո, Ռուսաստանը մեր «դաշնակիցն» է, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի թշնամին չէ։ Դեհ, մենք էլ կրակը չենք ընկել այդ «բարեկամության» ձեռքը, եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները եւս՝ մեր թշնամիները չեն, որքան էլ որ, ասենք, պարոն Դուգինն ընկնի ցնցումների մեջ այդ փաստից, եւ թող գրողի ծոցը գնան բոլորն իրենց՝ «ավելի սերտ ինտեգրացիայով» կամ «միութենական պետությունով»։ Իսկ ո՞վ է ասել, որ մենք ենք թշնամի ԵԱՀԿ Մինսկի Խմբի մյուս երկու համանախագահ երկրներին։ Ի վերջո, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեզ որեւէ կերպ չեն վերաբերվում եւ չպետք է վերաբերվեն, մենք մե՛ր օրակարգն ունենք, իսկ դրանից բխող եւ դրանից հետեւող անելիքն՝ արդեն մերն է։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930