Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է զգուշավոր լինել. երկաթգծի կառուցումը հնարավոր է Հայաստանը կտրի, մեկուսացնի. Գագիկ Մակարյան

Ապրիլ 21,2021 17:04

Ճանապարհների ապաշրջափակումն ու երկաթգծի կառուցումը, որը նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով, Հայաստանին օգուտ չի բերելու: Այս համոզմանն է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսում պարոն Մակարյանը հորդորեց՝ հատկապես երկաթգծի կառուցման հարցում զգուշավոր լինել. «Այն ավելի շատ կնպաստի, որպեսզի Իրանը կապվի Ռուսաստանին, ԵԱՏՄ-ին, քան՝ Հայաստանին: Այդ երկաթգիծը նույնիսկ Ադրբեջանին այդքան օգուտ չի բերի: Տարածաշրջանում քաղաքական տնտեսական շահերը զարգացնելու տեսանկյունից Ադրբեջանի համար ավտոճանապարհներն ավելի գրավիչ են, եւ երկաթգիծը հարմար է, որպեսզի Հայաստանը բլոկադայի ենթարկի, կտրի ու մեկուսացնի»:

 

Գագիկ Մակարյանի խոսքով, պետք է ուսումնասիրել՝ երկաթգծի պարագայում արդյունաբերական ինչ ապրանքներ, հումքեր կարող ենք բերել կամ ինչ կարող ենք արտահանել: Այսօր այդպիսի ներուժ, ըստ միության նախագահի, չկա. «Ամենամեծ քանակի բերվող ապրանքը հացահատիկն է եւ անասնակերը, որոնք միասին՝ տարեկան կազմում են 480 հազար տոննա: Նաեւ շաքարավազն ու վառելիքը, որոնք մեքենաներով են ներկրվելու: Մնացածի պարագայում երկաթգծով բերելու կարիքը չկա եւ այդ պատճառով պետք է զգուշավոր լինենք: Այն մտքերը, որոնք ներկայացվում են՝ նոր գործարաններ կառուցել, որոնց համար կարեւոր են ճանապարհները, դա այն դեպքում կգործարկվի եւ այն դեպքում իմաստ կունենա, եթե մենք խոսենք արդյունաբերական որոշակի շղթաների մասին, որովհետեւ միայն գործարան ստեղծելով այդ խնդիրը չի կարգավորվի: Գործարան ստեղծելը պահանջում է տասնյակ հազար տոննաներով նյութերի ներմուծում, կամ թափոնների առաջացում, դրանք հարյուրավոր միլիոնների, անգամ մեկ միլիարդ դոլարի հասնող ներդրումներ են պահանջում: Չունենալով դա եւ խոսել ճանապարհները, երկաթգիծը բացելու մասին՝ անհեռատես քայլ է»:

Գագիկ Մակարյանն անդրադարձավ նաեւ թուրքական ապրանքների ներմուծման արգելքին, որի ժամկետը 2 ամսից լրանում է: Կարծիք հայտնեց, որ կառավարությունը կերկարացնի այն: Նրա խոսքով, պետք է լուրջ հիմքերի վրա դնել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը եւ թուրքական ապրանքների մի մասը փոխարինել իրանականով:

«Իրանի տնտեսական պոտենցիալը շատ հզոր է: Թուրքական 2200 ապրանքներ Հայաստանը պետք է փոխարինի տեղական արտադրություններով՝ Իրանի գործարանների հետ համատեղ կամ դրանց մի մասը կարող են ներմուծվել Իրանից»,-ասաց Գագիկ Մակարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Միության նախագահն ասաց, որ վերջերս է վերադարձել Իրանից, որտեղ հանդիպումներ է ունեցել պաշտոնական եւ գործարար շրջանակների հետ: Նրա խոսքով, Իրանի հետ ապրանքաշրջանառությունը 380 միլիոն դոլարի է, արտահանումը՝ 25-40 միլիոն: Թուրքիայի հետ 280 միլիոն դոլարի, բայց արտահանումը զրո է. «Հայաստանի արտաքին առեւտրում Թուրքիան գտնվել է առաջին հնգյակում, հիմա Թուրքիան մի քիչ դուրս է մղվել, Իրանն է առաջին հնգյակում: Թուրքիային պետք է որքան հնարավոր է հետ մղել: Իրանական գործարարները ցանկություն ունեն Հայաստանում հողատարածքներ գնել բուսաբուծություն ու անասնապահություն զարգացնել, սպանդանոցներ կառուցել»:

Ըստ պարոն Մակարյանի, Հայաստան օրական ներմուծվում մոտավոր 1000 տոննա բեռ. «Իրանը շահագրգռված է Հարավ-հյուսիս ճանապարհի կառուցումով: Հայաստանը պետք է շատ լավ գնահատի Իրանի այդ հնարավորությունները: Իրանը պատրաստ է իր ֆոնդերի, միջոցների հաշվին բազմաթիվ ներդրումներ կատարել՝ հանուն աշխարհաքաղաքական դիրքի լավացման եւ նաեւ Իրանը կարիք ունի տնտեսությունը ընդլայնել, որովհետեւ արգելքների պատճառով չի կարողանում իր տնտեսությունն ընդլայնել եւ Հայաստանը դիտում է որպես հարթակ: Հայաստանը պետք է խելամտություն, ճկունություն դրսեւորի բիզնեսի, կառավարչական տեսանկյունից, որպեսզի կարողանա այդ հնարավորությունները լավ օգտագործել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930