Լրահոս
Օրվա լրահոսը

Սարդարապատից վատ վիճակում չենք, բայց այդ ժամանակ եղավ հաղթանակ, քանի որ եղավ միասնություն. Տիգրան Բալոյան

Ապրիլ 21,2021 16:14

«Հիմա ամենակարևորն այն է, որ ժողովուրդը պետք է գա համերաշխության: Որքան էլ վատ վիճակում լինենք, Սարդարապատից վատ վիճակում չենք, երբ սոված և անօգնական էինք, բայց այդ ժամանակ եղավ հաղթանակ, քանի որ եղավ միասնություն, հիմա պառակտումը խորանում է, ես տեսնում եմ, որ դա ուղղորդված միտում է, ինչը նշանակում է, որ ինչոր մեկը մեզ պատերազմ է հայտարարել ներքին պառակտման միջոցով: Պառակտումը հայ ազգի համար քաղցկեղի նման մի բան է». Հայաստանի ներկա բարդ իրավիճակի և լուծման ճանապարհների վերաբերյալ այսպիսի մոտեցում ունի Տիգրան Բալոյանը։ 

Նա «Ստատուս հոլդինգի» համահիմնադիրն է, քաղցկեղով հիվանդ երեխաների փրկությանն ուղղված «FUND 100» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս և Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի տնօրենը։ Տիգրան Բալոյանը մինչ օրս քաղաքական բոլոր զարգացումներին հետևել է կողքից, քանի որ հայոց բանակում ծառայությունից հետո սկսել է հիմնականում բիզնես ոլորտում գործունեություն ծավալել՝ սկզբում հիմնել է ուղևորափոխադրող ընկերություն, որից հետո՝ երկար տարիներ սիրելի աշխատանք գովազդի ոլորտում: Նրա եռանդն ու հայրենասիրությունը տեսնելով՝ շատերն են միշտ զարմացել, թե Տիգրանն ինչո՞ւ չի զբաղվում քաղաքականությամբ, բայց ինչպես ինքն է նշում. «Ամեն բան իր ժամանակն ունի»:

«Ես չէի զբաղվում քաղաքականությամբ, բայց միշտ հետաքրքրված եմ եղել, անհանգստացել եմ իմ երկրի համար, միշտ ունեցել եմ դիրքորոշումներ, որոնք, երբեմն, ճիշտ, որոշ դեպքերում նաև սխալ են եղել, բայց ես անուշադիր և երկրի հարցերին կողքից նայողի կարգավիճակում երբեք չեմ եղել: Տարբեր կուսակցություններում միշտ ունեցել եմ և ունեմ լավ ընկերներ, բայց քաղաքականությունից դուրս էի, և հենց այդպես էլ կմնար, եթե չհասունանար պահն առ այն, որ ես պետք է մասնակիցը լինեմ երկրի ապագայի կառուցման գործընթացում: Այս պահին իմ և շատերիս մասնակցությունն արդեն դարձել է անհերքելի անհրաժեշտություն»,-նշում է նա և հավելում, որ բիզնեսից հետո հեշտ չէ միանգամից փոխել ծանոթ ու հարազատ միջավայրը: Քաղաքականության մեջ ամեն քայլի համար պետք է կրկնակի մտածել, քանի որ հետևանքը բոլորինն է՝ դու պատասխանատվություն ես կրում մարդկանց համար:

Տիգրան Բալոյանն անդրադառնալով 2018-ի հեղափոխությունից իր և բոլորի սպասումներին՝ նշում է. «Ոգեշնչված էինք, որ կգան նոր փոփոխություններ, որոնք դեպի ապագան միտված կլինեն, բայց հեղափոխությունից հետո մենք պտտվեցինք և սկսեցինք նայել դեպի ետ: Ես չեմ ասում, որ նախորդիվ եղած հարցերով պետք չէր զբաղվել, բայց դա չպետք է դառնար քաղաքական գլխավոր օրակարգ: Փաստացի մեր օրակարգը դարձավ ոչ թե մեր ապագան, այլ՝ անցյալը: Նախկինների թերացումները հարկավոր էր ինստիտուցիոնալ ձևով քննել, այլ ոչ՝ քաղաքական, դրանով պետք է զբաղվեին համապատասխան մարմինները, եթե դատական մարմինն այդ պահին պատրաստ չէր, ապա պետք է զբաղվեին այն ժամանակ, երբ պատրաստ կլինեին: Մենք ետ նայելով քայլում էինք առաջ և դրա համար «ընկանք ձորը»:

Նրա խոսքով՝ Հայաստանի զարգացման համար գլխավոր խնդիրը կրթության, արժեհամակարգերի և մշակույթի պակասն է: Ինքն էլ երևանյան մշակութային, հայրենասեր և քաղաքակիրթ ընտանիքում է ծնվել: Հայրը՝ Սամվել Բալոյանը, երաժիշտ, մշակութային գործիչ է, մայրը՝ հոգեբան-մանկավարժ, քույրը ևս մշակույթի ոլորտում է աշխատում: Հոր նախաձեռնությամբ ստեղծվել և գործունեություն են ծավալել մի շարք խմբեր, որոնցից են «Գանձասար» ժողովրդական երգի-պարի համույթը, «Մարաթուկ» համույթը, «Արարատ» փողային նվագախումբը, «Երևան» կանանց երգչախումբը: Հայրենասիրական ոգով լի ընտանիքի մոդելն աչքի առաջ ունենալով՝ ստեղծել է իր ընտանիքը, ունի տղա և աղջիկ: Հայաստանից դուրս լավ կյանք դասավորելու բազմաթիվ հնարավորություններն անտեսելով՝ Տիգրան Բալոյանը հիմա սեփական երկրում իրենից կախվածն անելու և համընդհանուր հաջողությունների մասնիկը դառնալու ցանկություն ունի:

Այն հարցին, թե ո՞ւմ է տեսնում Հայաստանի ղեկավարի պաշտոնում, նա շեշտում է, որ չի ուզում մեկ անձից կախված լինի երկրի ճակատագիրը, քանի որ մարդը խոցելի է, ունի իր թուլությունները:

«Ցանկացած մարդ կարող է գայթակղությունների չդիմանալ՝ փառք, իշխանություն և փող, այդ իսկ պատճառով պետք է համակարգային լուծում տրվի, և իշխանության գա կուսակցություն, որտեղ կան անհատականություններ, առողջ խմորումներ և միասնական որոշումներ: Անձի պաշտամունքից Հայաստանը մի օր, վերջապես, պետք է դուրս գա, քանի որ ամենալավ անձն էլ կարող է ճանապարհից շեղվել: Եթե լինի համակարգ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետներ հավաքվեն ու որոշումներ կայացնեն հանուն Հայաստանի լավ ապագայի, հանուն մեր մշակույթի և ժողովրդի, ապա արդյունքը կդառնա շոշափելի»,- եզրափակում է նա:

Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930