Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյանը՝ Ցեղասպանության ճանաչման եւ «պաշտոնական» տգիտության մասին

Ապրիլ 21,2021 14:52
hakob avetiqyan

«Մեր միջին քաղաքացին անգամ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, էլ չեմ խոսում մյուս խավերի մասին, երբ հարց են տալիս, թե ինչ է տալու , երբ ԱՄՆ նախագահը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կամ ընդհանրապես հարցի հետապնդումն ինչ է տալու: Սա նաեւ հնչում է պետական, պաշտոնական կոչված դեմքերի կողմից»,- «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում նշեց «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Ապա հավելեց. «Ոմանց մոտ տգիտությունն է՝ պաշտոնյաների մասին է խոսքը, մյուսների մոտ՝ քամահրական կեցվածք կա ամեն բանի նկատմամբ, ինչն ազգային է: Մինչդեռ մի քիչ խորանալու դեպքում տեսնում ենք դրա առավելությունները: Իհարկե, դա կունենա նաեւ իր անպատեհ կողմերը եւս, բայց, անշուշտ, առավելությունները գերազանցում են: Առաջին հերթին, երբ աշխարհի գերհզոր պետությունը ճանաչում է Ցեղասպանությունը, նշանակում է՝ մյուս երկրները, որոնք 1965 թվականից սկսյալ արդեն իսկ ճանաչել են, ընդ որում առաջին ճանաչողը եղել է Ուրուգվայը, իրենց ճանաչման ակտը կհամարեն իսկապես կայացած, արդար եւ տեղին: Եվ ԱՄՆ-ին կհետեւեն այլ երկրներ եւս»:

Հակոբ Ավետիքյանի ձեւակերպմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի հետեւյալ առավելությունը. «Տարբեր մարդիկ ամերիկահայերի շրջանակում տարբեր տարիների ընթացքում փորձել են ձեռքին ունենալով Թուրքիայում գտնվող իրենց պապերի կալվածաթղթերը՝ ներկայացնել դատարան եւ պահանջել: Դատարանը մերժել է վարույթ ընդունել նրանց այդ գործերը, որովհետեւ ասել են՝ ինչո՞ւ դուք հարյուր-հարյուր հիսուն տարի առաջվա փաստաթղթի հիման վրա ձեր շահերը չեք պաշտպանել տեղում: Սա օտարի հայացքով, մանավանդ իրավական գետնի վրա՝ հարց է:

Այստեղ առաջ է գալիս հետեւյալ պարագան: Եթե Միացյալ Նահանգները ճանաչի Հայերի ցեղասպանությունը, հայերի բռնագաղթը, նրանց կալվածքների, անշարժ եւ շարժական գույքի, հարստությունների յուրացումը, արդեն ամերիկյան որեւէ դատարան չի կարող մերժել՝ ասելով, որ մեզ անհասկանալի է, թե ինչ իրավական հիմքի վրա, որպես ԱՄՆ քաղաքացիներ, դուք պահանջում եք մի բան, որը 150 տարի առաջ ձեր նախահայրերն են ունեցել եւ որոնց հետապնդումը չի կատարվել»:

Հակոբ Ավետիքյանը բերեց մեկ այլ օրինակ եւս. «Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մի քանի տարի առաջ նախաձեռնեց Սիսի կաթողիկոսության վերադարձի հարցը; Ըստ էտապների՝ նախ դա ուղարկեց Թուրքիայի Սահմանադրական դատարան, որտեղ մերժեցին ընդունել բողոքը, այնուհետեւ հարցը սառեց, որովհետեւ անհրաժեշտ էր միջազգային դատարանների դիմել, որի արդյունքը կասկածելի կլիներ՝ կամ չէին ընդունի կամ 50/50 կլիներ: Ընդ որում, եթե մի բան փորձում ես, եւ դատարանը մերժում է, այդ պարագայում շատ ավելի ծանր վիճակում ես հայտնվում: Իսկ եթե Միացյալ Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Անթիլիասի կաթողիկոսությունը կարող է իր միջնորդական ներկայացուցչությունների միջոցով հենց Միացյալ Նահանգներում ամերիկյան դատարանում նման հարց բարձրացնել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930