Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լայնածավալ հարցազրույց է տվել թուրքական «Habertürk» լրատվականին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը:
Այս թեմայի առնչությամբ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումներն է արել. «Ապրիլի 24-ի հարցում ԱՄՆ-ն ինքն էլ պետք է հարգի միջազգային իրավունքը, օրենքները: Ցեղասպանության սահմանումը տրված է ՄԱԿ-ի որոշումներում և պարզ կերպով նկարագրված է: ՄԻԵԴ-ն էլ այս հարցի վերաբերյալ որոշումներ ունի: Կան նաև տարբեր երկրների ՍԴ-ների որոշումները»:
Նրա պնդմամբ՝ եթե ԱՄՆ-ն հարգում է միջազգային օրենքը, ապա իրենք չպետք է ամեն օր քնեն-արթնանան այս մասին մտածելով:
«Մենք պետք է ձերբազատվենք մեր որոշ վախերից ու բարդույթներից: Ի՜նչ է՝ ամեն գիշեր պետք է մեռնենք, կամ վախից դողդողանք (այդ մտածմունքից): Սա չեմ ասում այն իմաստով, թե «Ամերիկա, եղբա՛յր, ինչ ասում ես՝ ասա»: Սակայն մենք, որպես մի պետություն, որը գիտի իր պատմությունը, պետք է մեզ վրա վստահ լինենք: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել մեր հարաբերությունները, ընտրությունն իրենցն է»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը: