Լրահոս
Օրվա լրահոսը

Տալիս են անսահման խոստումներ, որոնք օր առաջ սպասված են, ոգևորող և ի վերջո՝ առավելագույն քվեներ բերող. Հայրենիքի՛ փրկություն, թե՞ կրկին խաբվելու և հայրենազրկվելու ընտրություն. Թադևոս Ավետիսյան

Ապրիլ 21,2021 11:54

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, եթե իհարկե կայանան, ունեն ակնհայտ և իրարամերժ երկու ելքեր․

փրկել մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ մնացած հատվածը՝ հակադրվելով պատերազմում տարած խայտառակ պարտության և դրա անդառնալի հետևանքների համար թիվ մեկ պատասխանատուին և մեղավորին, թշնամու առջև ծնկած և երկրի ներսում աջ ու ձախ հոխորտացողին, ապազգային ու դավաճանական վարքագծին, անսահման պոպուլիզմին, ստին ու կեղծիքին, գաղափարական հենք և համակարգային մտածողություն չունեցողին, հանրային կառավարման ապաշնորհությանն ու անպատասխանատվությանը, ակնհայտ ձախողումների համար ինքն իրեն պարգևատրողին, հանրային ու պետական շահերն իրենց նեղ քաղաքական ու անձնական շահերին ստորադասողին, «ջրից միշտ չոր դուրս եկողին»՝ սեփական սխալները երբեք չընդունող և ամեն գնով այլոց վրա բարդողին, հանրության ներուժը ջլատողին և համախմբումը պառակտողին, կամ՝

բռնել հայրենազրկման անդառնալի ու կարճ ճանապարհը՝ նորից խաբվելով և «քաղցր» պոպուլիզմի դառը պտուղները, այն է՝ ՀԱՅ ժողովրդի գոյատևման հիմնական սպառնալիքն անտեսելով և երկրի ներսում դրա հետևողական կյանքի կոչողին վերարտադրելով։

Երկրորդ ճանապարհի պարզունակ բանաձևը նույնն է։ Օրվա իշխանություններն ընդամենը կրկնապատկում, իսկ առանձին դեպքերում՝ տասնապատկում են դրա գործադրման ինտենսիվությունը։ Սա էլ է պարզ։ Օր-օրի իրենց իրական դեմքը բացահայտվում է՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած ձախողումների, դրանց կոնկրետ հետևանքների ու անդառնալի կորուստների, մեր երկրի գոյատևման ահագնացող և իրական սպառնալիքների ֆոնին։

Լայն իմաստով այդ բանաձևն ունի հետևյալ բովանդակությունը.

Տալիս են անսահման խոստումներ, որոնք օր առաջ սպասված են, հաճելի են, ոգևորող և ի վերջո՝ առավելագույն քվեներ բերող: Սակայն միևնույն ժամանակ՝ կատարման տեսանկյունից այդ խոստումները մինչև վերջ պատկերացված ու հաշվարկված չեն։ Միևնույն է ի սկզբանե գիտեն՝ չեն իրականացնելու։ Այդ խոստումները չեն բխում իշխող քաղաքական ուժի գաղափարական հենքից, քանի որ այդպիսին չկա: Պահի թելադրանքով դրանց իրականացման համար կեղծ օրակարգ են բերվում կիսատ-պռատ, իրարամերժ «առաջարկներ»: Այդ «առաջարկները» չունեն ազդեցության գնահատում, ակնկալվող արդյունքի հստակ թիրախավորում, իրականացման ժամկետների որոշակիություն: Ինչ խոսք, ընտրողի քվեն ստանալուց հետո նմանատիպ խոստումներ տվողը կունենա «մեծ հնարավորություն»՝ մանևրելու, խոստման կատարումը հետաձգելու, չիրականացման դեպքում արդարացումներ գտնելու համար: Եթե սա էլ բավարար չի, ապա փնտրում և գտնում են հերթական «մեղավորին»: Ձևավորում են «մեղավորին» պատժելու կեղծ օրակարգ: Մի քանի ամիս էլ հանրությանը զբաղեցնում են դրանով և շեղում են ահագնացող խնդիրներից։

Հիմա արդեն «կռուտիտի» բանաձևն այլևս լուծում չի։ Եվ ուրեմն՝ նորից նախընտրական գործընթացներ, բանաձևի «վերաիմաստավորում» և խոստումներ, զուգահեռաբար՝ կոռուպցիայի դեմ պայքարի նոր իմիտացիան, դատավարությունների բեմականացումները, «հների» և երևակայական հակահերոսների հնարավոր վերադարձի կեղծ սպառնալիքների հնչեցումը, հանրությանը սիրո անճաշակ խոստովանությունները և այլն:

Միաժամանակ, հանրության գիտակցության մեջ արդեն անթաքույց ներշնչում են՝ իշխանական ակնհայտ ձախողումները բոլորի ձախողումն են:

Իհարկե, այսպիսի ընթացքով ժամ առ ժամ ավելանում և խորանում են կենսական խնդիրները՝ դառնալով հայ ժողովրդի գոյատևման և հայրենազրկման իրական սպառնալիքներ:

Շատերի համար արդեն վաղուց բացահայտված այս բանաձևը որևէ կապ չունի նաև ժողովրդավարության ամրապնդման հետ և՝ ընդհակառակը:

Այս ճանապարհի վերջում իշխանությունը հեծնած քաղաքական այս խմբակը մեղադրելու է քաղաքացուն, որն այդպես էլ չկարողացավ վերափոխվել, աղքատությունը չհանեց իր գլխից և չլուծեց իր սոցիալական խնդիրները, չապահովեց տնտեսական երկնիշ աճ երկրում, լավ չկռվեց և չհաղթեց պատերազմում, ի վերջո՝ կանգնեց գոյատևման սպառնալիքի առջև, որից հետո էլ՝ այլևս չհավատած իրնեց առաջնորդությանը և(կամ) ․․․

Ժամանակն է՝ վերականգնեք վարչապետի կողմից ամսական պարբերականությամբ հնչեցվող 100 «փաստեր և ձեռքբերումներ» ձևաչափը, բայց այս անգամ առաջնային խոսեք՝

հայ գերիների վերադարձից, Արցախի Հայաստան լինելուց, կորցված հայրենիքի վերադարձից, «բոլորի տները երջանկություն բերելուց», Հայաստանի 5 միլիոն բնակչությունից, ՀՆԱ-ի 15-ապատկումից, միջին աշխատավարձի 7-ապատկումից, աղքատության շեշտակի նվազեցումից, ծայրահեղ աղքատության վերացումից, արտագաղթից, օտարերկրյա ուղղակի ներդրումներից, օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար՝ COVID-19-ի ստեղծած հնարավորությունից (չափը գնահատել էիք 2020թ․ մարտին, երբ ծաղրում էիք նոր համավարակը), ՀՀ դրամի փոխարժեքից և գնաճից, ձեր քաղաքական խմբակից՝ ՄԵՐ ԵՐԿՐԻ անվտանգության և ՀԱՅ ժողովրդի գոյատևման սպառնալիքներից։

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930