Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գրիգոր Բեքմեզյան. Հույս ունենք, որ Ռուբեն Վարդազարյանը կվերադառնա, որ նրան առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվի. «Հրապարակ»

Ապրիլ 21,2021 11:45

ԲԴԽ նախագահի աշխատասենյակի կապարակնիքը հեռացվել է, եւ Գագիկ Ջհանգիրյանը բազմել է Ռուբեն Վարդազարյանի աշխատասենյակում։ Վարդազարյանին հատկացված Toyota Prado-ն էլ նրան է սպասարկում։ Աշխատասենյակը «վերցնելու» օպերացիան «օրենքի տառին համապատասխան» գլուխ բերելու համար Ջհանգիրյանը 7 անձից բաղկացած հանձնաժողով է կազմել, որոնց թվում է ԲԴԽ 2 անդամ՝ Գրիգոր Բեքմեզյանն ու Ստեփան Միքայելյանը։ Նրանք «քավոր են կանգնել» եւ պահանջվող ծառայությունը մատուցել Ջհանգիրյանին։

Ի դեպ, Գրիգոր Բեքմեզյանն այն 6 անդամներից է, որոնք կողմ են քվեարկել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցմանը։

Նա մեզ հետ զրույցում այսպես մեկնաբանեց․ «Որեւէ կոտրում-մոտրում չի եղել, եղել է բանալի, սենյակը բացվել է, գույքագրում է կատարվել, տեսանկարահանվել է ամեն ինչ, հանձնաժողով է կազմված եղել»։

– Իրավաչա՞փ եք գնահատում Ջհանգիրյանի գործողությունները։

– Եթե ես դա գնահատեի ոչ իրավաչափ, չէի մասնակցի այդ գործընթացին։

– Բայց կապարակնքված էր աշխատասենյակը, ԲԴԽ նախագահի լիազորություններն առժամանակ կասեցված են, պարզապես ինչ-որ գործընթացի բերումով Ռուբեն Վարդազարյանը չի զբաղեցնում այդ պաշտոնը, բայց նրան ոչ ոք չի ազատել այդ պաշտոնից։

– Չի ազատել այդ պաշտոնից, իհարկե, ու շատ հավանական է, եւ հույս ունենք, որ պարոն Վարդազարյանը կվերադառնա եւ կշարունակի իր պարտականությունները կատարել։

– Դուք հույս ունեք, որ Վարդազարյանը կվերադառնա՞։

– Իհարկե, ես հույս ունեմ, որ պարոն Վարդազարյանին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվի։

Այդ դեպքում ինչո՞ւ եք մասնակցում այդ գործընթացին։

– Իսկ ի՞նչ գործընթաց է։

Վարդազարյանի աշխատասենյակը Գագիկ Ջհանգիրյանի կողմից վերցնելու՝ ասենք, պաշտոնը զավթելու գործընթացին։

– Դուք կարող եք մեկնաբանել, ես չեմ ցանկանում մեկնաբանել, թե ինչ է տեղի ունեցել։ Ես գտնում եմ, որ եթե կա խորհրդի նախագահի պաշտոնակատար էս դեպքում, որն անհասկանալի է, թե դեռ որքան ժամանակ է իրականացնելու իր պարտականությունները, ենթադրում եմ, որ այդ նախագահն ընդունելու է նաեւ պատվիրակություններ, օգտվելու է հատուկ կապից, որը գտնվում է ԲԴԽ նախագահի աշխատասենյակում, եւ կարծում եմ, որ տրամաբանական է, որ նախագահի պաշտոնակատարը՝ լիազորություններն իրականացնողը, կարողանա ըստ պատշաճի ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդն այլ մարմինների հետ հարաբերություններում։

Տրամաբանական է, նաեւ բարոյական եւ օրինակա՞ն է այս ամենը։

– Եթե գտնեի, որ ոչ օրինական բան կար, չէի մասնակցի։ Մասնակցել եմ, որպեսզի ավելի օրինական լինի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930