Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն վեց տարի անց էլ միասնական, ասել կուզի մեկ տնտեսական տարածությունում կա աշխատանքային միգրացիայի խնդիր, կան զանազան սահմանափակումներ. «Ժամանակ»

Ապրիլ 21,2021 10:41

Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել է անօրինական միգրանտների դեմ պայքարի խստացումների մասին՝ սպառնալով, որ այդ հարցը չլուծելու դեպքում այն երկրները, որոնց քաղաքացի են ապօրինի միգրանտները, կպատժվեն ընդհուպ սահմանների փակմամբ: Այդ թեմայի շրջանակում հայտնի է դարձել, որ խոսք է գնում նաև Հայաստանից մոտ 60 հազար ապօրինի միգրանտների մասին: Հարցը ԱՊՀ երկրների առաջ բարձրացրել է ՌԴ ներքին գործերի փոխնախարարը ԱՊՀ շրջանակում հավաքի ժամանակ

Այստեղ, սակայն, դիտարկենք Հայաստանի հանգամանքը առանձին: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է: ԵԱՏՄ-ն, ինչպես հայտնի է, միասնական տնտեսական տարածք է, որի կազմում է հինգ երկիր՝ ՌԴ, Ղրղզստան, Ղազախստան, Բելառուս և Հայաստան: Այդ միությունը գործում է մոտ վեց տարի, բայց փաստորեն վեց տարի անց էլ այդ միասնական, ասել կուզի մեկ տնտեսական տարածությունում կա աշխատանքային միգրացիայի խնդիր, կան զանազան սահմանափակումներ, ու փաստորեն կա ապօրինի միգրանտների հարց: Այդ ամենը վկայում է, որ պարզապես չկա ԵԱՏՄ, կամ ավելի շուտ՝ Ռուսաստանի համար չկա նպատակահարմարություն ԵԱՏՄ-ն վերածել իրական տնտեսական միասնական տարածության, որովհետև այդ դեպքում անդամ մյուս երկրները կարող են որոշակիորեն զգալ տնտեսական էֆեկտը, իսկ Ռուսաստանը՝ կորցնել քաղաքական ճնշման որոշակի լծակներ կամ, այլ կերպ ասած՝ կարճանա Ռուսաստանի տնտեսա-քաղաքական մահակը: Դրա համար է նաև, որ Մոսկվան համառորեն դիմադրում է, օրինակ, ռազմավարական ապրանքների առևտրային հաշվարկը փոխադարձ արժույթներով իրականացնելուն, միասնական գազի գնագոյացման մեխանիզմ ձևավորելուն: Սա, իհարկե, Ռուսաստանի շահն է, և Մոսկվան փորձում է այն պաշտպանել և պահպանել լծակները որքան հնարավոր է երկար: Այլ հարց է, որ այդ ամենը հերթական անգամ ի ցույց է դնում, թե ինչ է իրականում Եվրասիական միություն ասվածը՝ առնվազն իր ներկայիս տեսքով: Եվ այդ համատեքստում նաև հատկանշական է, որ Հայաստանում, օրինակ, ներքաղաքական շրջանառության մեջ է փորձ արվում դնել ոչ թե եվրասիական ինտեգրացիան խորացնելու, այլ Ռուսաստանի հետ ինտեգրացիան խորացնելու գաղափար: Մինչդեռ դրանք տարբեր բաներ են, որքան էլ կարող է թվալ, թե նույնն են: Բանն այն է, որ ԵԱՏՄ ընդհանուր բնույթի հանդեպ վերաբերմունքով հանդերձ, եվրասիական ինտեգրացիայի խորացումը նշանակելու է հենց Ռուսաստանի առանձին տնտեսա-քաղաքական լծակների չեզոքացում կամ ազդեցիկության էական նվազեցում: Իսկ Ռուսաստանի հետ խոր ինտեգրացիա նշանակելու է հենց ՌԴ գերակայությամբ առկա անհավասարության խորացում:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930