Ապրիլի 20-ի երեկոյան ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք է այցելել, եղել Շուռնուխում։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ Շուռնուխից լուսանկարներ էր հրապարակել՝ գրելով․ «Վարչապետի հետ հյուրընկալվեցինք Շուռնուխի մի քանի տներում եւ եղանք գյուղամիջում։ Չէին սպասում»։ Aravot.am-ն այս այցի հետ կապված փորձեց մանրամասներ իմանալ Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանից։
-Պարոն Արշակյան, տեղեկացրեք խնդրում եմ, վարչապետն ինչո՞ւ էր ձեր համայնք եկել։
-Ինչո՞վ էր եկել, թե ինչու էր եկել․․․(ծիծաղում է)
-Երկուսն էլ․․․
Կարդացեք նաև
-Չգիտեմ, աղջիկ ջան։
-Ձեզ հետ չեն պայմանավորվե՞լ։
-Ոչ մի բան, այդ հարցով իրեն դիմեք։ Ինքը կիմանա, թե ինչու է եղել։ Ես չգիտեմ։
-Գյուղում որեւէ մեկի հետ չի հանդիպե՞լ։
-Չէ, չէ, երբ ես հասկացել եմ, որ ինքը գյուղում է, քայլելով մտնելիս է եղել մի տուն ու դուրս է եկել, նստել ավտոն ու գնացել։
-Իսկ ի՞նչ նպատակով էր գնացել բնակչի տուն։
-Տոպրակ էր տարել։
-Ի՞նչ տոպրակ։ Տոպրակ փոխանցելու համա՞ր էր գնացել։
-Չգիտեմ (ծիծաղում է)։
-Տեղյա՞կ եք, առհասարակ, ինչո՞ւ է Սյունիք եկել եւ ձեր համայնք էլ գնացել։
-Չի ասել, չգիտեմ․․․նույն օրը եկել է նախագահը, ՄԻՊ Թաթոյանը․․․երկու առաջ ինձ ասել էինք, որ գալու են, հանդիպեն։ Բարով խերով եկել են, մենք էլ բարի ճանապարհ ենք ասել։ Լսել են ժողովրդին։
-Բնակիչներն ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնել։
-Հիմնականում անվտանգության հետ կապված։
-Պարոն Արշակյան, իսկ Շուռնուխի հետ կապված որեւէ նոր մտահոգություն կա՞։ Երեկվանից նման լուրեր են պտտվում։
-Չգիտենք, ժողովրդին էլ չեմ կարողանում այդ հարցի պատասխանը տալ։
-Իսկ ճի՞շտ է, որ բնակիչները բարկացել են վարչապետի այցից ու ցանկացել նրան հեռացնել գյուղից։
-Ասում են, որ նման բան է եղել, անձամբ չեմ տեսել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Նիկոլ Փաշինյանի այցի լուսանկարները՝ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից