Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրաժարվել հուզական մոտեցումներից

Ապրիլ 21,2021 10:00

Հայկական ֆեյսբուքում երեկ կրքեր էին բորբոքվել 20-րդ դարի նշանավոր քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի արձանը Երեւանում դնելու կապակցությամբ: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ եթե որեւէ արձանի տեղադրումը վեճեր է առաջացնում, ապա ավելի լավ է ձեռնպահ մնալ այդ քայլից կրքեր չբորբոքելու համար՝ մանավանդ մեր այս անհանգիստ ժամանակաշրջանում:

Պարզ է, որ Գանդին ամենեւին սուրբ չէր, հրեշտակ չէր, բավականին պրագմատիկ քաղաքական գործիչ էր, եւ նրա քայլերը պայմանավորված էին Բրիտանական կայսրության դեմ իր պայքարով, հանուն իր երկրի անկախության: Իսկ այդ շահերը որոշակի ժամանակահատվածում համընկնում էին Օսմանյան կայսրության, իսկ այնուհետեւ՝ քեմալական Թուրքիայի շահերի հետ, եւ, հետեւաբար՝ հակասում էին մեր՝ հայերիս, շահերին:

Երեկ մի քանի տեղ գրվել է, իբր Գանդին ողջունել է Հայոց ցեղասպանությունը, սակայն, կարծում եմ, դա քարոզչական չափազանցություն է. որեւէ նման տեքստ ինձ չհաջողվեց հայտնաբերել: Նրա փիլիսոփայությունն անձամբ ինձ սրտամոտ է, բայց դա ամենեւին փաստարկ չէ արձան դնելու օգտին՝ չարժեր այս լարված պահին հասարակությանը զբաղեցնել նման երկրորդական խնդրով:

Բայց ինքը՝ քննարկումը, բացահայտում է մեր քաղաքական մշակույթի որոշակի առանձնահատկությունները, մասնավորապես, այն, որ մենք աշխարհի նախկին եւ ներկա առաջնորդներից պահանջում ենք, որ նրանք առաջնորդվեն մեր՝ հայերիս շահերով՝ միայն այն պատճառով, որ արդարությունն ու ճշմարտությունը մեր կողմն են: Եվ երբ Գանդին, Չերչիլը, Թրամփը, Լենինը, Ստալինը կամ Պուտինը գործում են իրե՛նց երկրների շահերից ելնելով, մենք մի տեսակ նեղվում ենք եւ սկսում ենք բողոքել աշխարհից ու մեր դառը ճակատագրից: (Ենթադրենք, ԵԽԽՎ-ում ռուսաստանյան պատվիրակության ներկայացուցիչների մի մասը դեմ էր, որ մեր գերիների հարցը մտներ լիագումար նիստի օրակարգ: Նեղանալու փոխարեն, թերեւս, արժե փորձել հասկանալ նրանց, ինչպես նաեւ բոլոր մնացած պատվիրակների մոտիվացիան):

Մեր այս «զարկված» վիճակում թերեւս ճիշտ ժամանակն է հրաժարվել հուզական մոտեցումներից, ուսումնասիրել մեր վիճակում հայտնված ազգերի, պետությունների (օրինակ, Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտում պարտվածների) փորձը՝ «ռեալ քաղաքականությունից» ելնելով ի՞նչ քայլեր են ձեռնարկել, ո՞ր ոլորտներն էին զարգացնում, ի՞նչ բարեկամներ էին փորձում ձեռք բերել: Թե չէ մեր հասարակության կեցվածքն է՝ աշխարհից նեղանալը, իսկ մեր իշխանությունների կեցվածքը (ի հեճուկս հոխորտալից հռետորաբանության)՝ «դե, սա է, ուրիշ ճար չկա»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Արդարացի հիմունքներով, կամ ոչ (իրականութիւնը միշտ, շատ աւելի բարդ է, քան հեքիաթները, առասպելները…)՝ Մահաթմա Գանդին կը մարմնաւորէ Խաղաղապաշտութեան գաղափարը:

    Հետեւաբար, այս պահին, նրա արձանը կանգնեցնելը Հայաստանի մէջ, կամ՝ յետին, մթին ծրագրի մը կը վերաբերի, կամ էլ՝ կատարեալ յիմարութիւն է:

    Ամէն դէպքում, տակաւին կանուխ է, անջատուելու համար «հուզական մոտեցումներից»… (Ներառեալ, վստահաբար, այդ – թէկուզ իմաստուն – խորհուրդը արտայայտող Խմբագրին համար իսկ…)
    Նամանաւանդ որ, Հայոց Մեծ Աղէտից շուտով կէս տարի անց, ներազգային տեւական բախումների պատճառով, տակաւին չէ սկսած անգամ՝ գոնէ բնականի նմանող, սուգի գործընթացը: Որու ծանօթ հինգ կամ եօթը հանգրուաններից, տակաւին առաջինին մէջ կը գտնուի համայն Հայութիւնը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930