Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ արտակարգ դրության ընթացքում «զանգվածային լրատվամիջոց» հասկացությունը փոխարինվեց «լրատվական գործունեություն իրականացնող»-ով

Ապրիլ 21,2021 14:30
helsinkyan

Հայաստանի Հելսնիկյան կոմիտեն (նախագահ՝ Ավետիք Իշխանյան) վերջերս ներկայացրեց «Մարդու իրավունքները Հայաստանում 2020 թվականին» տարեկան ամփոփիչ զեկույցը: Ըստ իրավապաշտպան կազմակերպության՝ անցյալ տարին Հայաստանի համար, թերեւս, ամենածանր տարիներից էր, ինչպես սոցիալական, հումանիտար, այնպես էլ մարդու հիմնարար իրավունքների համատարած խախտումների տեսանկյունից: Տարին սկսվեց Սաhմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի եւ այլ անդամների նկատմամբ ճնշումներով:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ երբ 2019 թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՍԴ անդամներին վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու մասին վիճահարույց օրենքը, ինչ տեղի ունեցավ դրանից հետո: ՍԴ անդամներից ոչ ոք չդիմեց այդ օրենքից օգտվելու համար:

«Մարտի 16-ից նոր կորոնավիրուսային հիվանդության համաճարակի կանխարգելման նպատակով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն: Սահմանափակվեցին մի շարք իրավունքներ, այդ թվում` խոսքի ազատության, խաղաղ հավաքների:
Սահմանափակումներն անհամաչափ էին, եւ պատիժներն իրականացվում էին ընտրովի: Մի դեպքում մեկ անձի կողմից բողոքը դիտվում էր որպես հավաք եւ անձը բերման էր ենթարկվում ոստիկանության կողմից, մեկ այլ դեպքում իշխանամետ ուժերի կողմից հավաքը նույն ոստիկանության կողմից չէր խոչընդոտվում: Անհամաչափ տուգանքեր էին կիրառվում ոչ իշխանական լրատվամիջոցների նկատմամբ: Արտակարգ դրության պայմաններում ԱԺ-ն առանց հանրային քննարկման ընդունում էր հանրային տարբեր շերտերի շահերին վերաբերող օրենքներ: Շարունակվում էին ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումները»-նշվել է զեկույցում:

Վերլուծելով 2018 թ. իշխանափոխությունից հետո իրավական համակարգը՝ իրավապաշտպան կազմակերպությունը արձանագրել էր. «Համակարգը չփոխվեց, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Քննչական կոմիտեն շարունակում են մնալ վարչապետին ու կառավարությանը ենթակա կառույց, կատարում են վերջիններիս հրահանգները: Այս հիմնավոր վարկածներն ապացուցվեց նոյեմբերի 12-ին ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի հայտարարությամբ»:

Անդրադառնանք զեկույցի «Խոսքի ազատության սահմանափակումները արտակարգ դրության ընթացքում» հատվածին:
Արտակարգ դրության հաստատման մարտյան որոշումը վերաբերում էր սահմանափակումներին, այդ թվում՝ «արգելքներ առանձին հրապարակումների եւ հաղորդումների նկատմամբ»:

Հելսինկյան կոմիտեն արձանագրել էր. «Ըստ որոշման՝ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում արգելվել էր հրապարակել «խուճապ» առաջացնող տեղեկություններ, իսկ կորոնավիրուսի թեմայով տեղեկատվության միակ աղբյուրը պետք է լիներ կառավարության կողմից ստեղծված պարետատունը»:

Մարտի 20-ին մի խումբ լրագրողական կազմակերպություններ եւ իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարեցին, որ որոշման դրույթների կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին եւ չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահի իրացմանը:

Այդ օրերին հիշենք, որ որոշ օգտատերեր, լրագրողներ ինչպես էին ենթարկվում արգելքների:

Իրավապաշտպան կազմակերպությունը օրինակներ էր բերել, մասնավորապես, «168.am» կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից, երբ պահանջել էին հեռացնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ՖԲ գրառման արտատպումը, երբ «Փաստինֆո» լրատվական գործակալությունից ոստիկանությունը պահանջել էր հեռացնել «Էջմիածնի տարեց բնակչուհու մոտ ախտորոշվել է թոքաբորբ, սակայն թեստ չի հանձնել, չի հոսպիտալացվել» տեղեկությունը, ոստիկաններն այցելել էին ճանաչված բժիշկ Արտավազդ Սահակյանի տուն՝ նրա ՖԲ գրառման կապակցությամբ, ով ընդամենը ուշադրություն էր հրավիրել քաղաքի կենտրոնում մարդկանց կուտակումների վրա, գրելով, թե կուտակումը կարող է համավարակի տարածման աղբուր դառնալ…

Մարտի 23-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների փաթեթը, ըստ որի՝ «զանգվածային լրատվմիջոց» հասկացությունը փոխարինվեց «լրատվական գործունեություն իրականացնող» հասկացությամբ. «Փոփոխության ենթարկվեց նաեւ տուգանքի չափը, եթե մինչ այդ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու դեպքում տուգանքի չափը սահմանված էր նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով, ապա ըստ լրացման` նշված տույժին ենթարկվելուց հետո` մեկ օրվա ընթացքում, կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը առաջացնում է եւ մեկ այլ տուգանքի նշանակում, արդեն՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով»:

Մարտի 23-ին ոստիկանապետի տեղակալը հայտարարեց, որ 22 լրատվամիջոցի նկատմամբ պահանջ է ներկայացվել հեռացնել հրապարակումները:

Ուշագրավ սպառնալիքի օրինակ է հիշեցնում իրավապաշտպան կազմակերպությունը. ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը զանգում է «Պոլիտիկ» կայքի խմբագրին եւ սպառնում՝ նյութը չհեռացնելու դեպքում հինգ հարյուր հազար դրամի չափով տուգանել, իսկ երբ խմբագիրը հակադարձել էր, թե՝ խոսնակը նման իրավասություն չունի, հետեւել էր. «Ուրեմն ձեզ մոտ կգան ոստիկաններ»: Իսկ հիշո՞ւմ եք հրապարակումն ինչի մասին էր. Գյումրիում 70-ամյա քաղաքացին կորոնավիրուսից մահացել էր, եւ այդ մասին լուր էր տարածել կայքը:
Հելսինկյաններն արձանագրել էին. «Արտակարգ դրության ժամանակահատվածում արձանագրվեցին դեպքեր, երբ ոստիկաններն ընտրողաբար այցելում էին հեռուստաընկերություններ ու հաղորդումների ժամանակ դիմակ չկրելու համար վարույթ հարուցում:

Ոստիկանները հուլիսի 3-ին այցելել են «Արմնյուզ» եւ «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ` նպատակ ունենալով վարչական վարույթ հարուցել հեռուստաեթերում դիմակ չկրելու համար: Մի շարք լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպություններ այն գնահատեցին որպես լիազորությունների չարաշահում` նշելով. «Եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով՝ քննարկումների, պարզաբանումների եւ փոխհամաձայնեցումների միջոցով»:

Տարեկան ամփոփիչ զեկույցում չէր մոռացվել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների միջադեպը նախկին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ:

«Օգոստոսի 8-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում Սեւանա լճի ափամերձ գոտում կառուցված շինությունների վերաբերյալ: Նկատելով, որ լրագրողները նկարահանում են նաեւ իր առանձնատունը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, վարել է մեքենան նրանց ուղղությամբ, սպառնալով վրաերթի ենթարկել եւ ֆիզիկապես ոչնչացնել՝ «գյուլլել», «սատկացնել», ապա, հայհոյանքներ հնչեցնելով, պահանջել է չհրապարակել տեսագրությունը: Ոստիկանությունում միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հիմքով, իսկ սեպտեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել Վ. Գասպարյանին` խափանման միջոց ընտրելով ստորագրություն` չհեռանալու մասին»:

Լրատվամիջոցներին սպասվում էին նոր սահմանափակումներ ռազմական դրության ընթացքում: Առջեւում սեպտեմբերի 27-ը՝ պատերազմն իր բոլոր դրսեւորումներով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930