Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համավարակի օրերին աշխատանքային վեճը գործատուի «հեռավար» պահանջների թերությունները բացահայտեց

Ապրիլ 21,2021 14:00

2020 թվականի սեպտեմբերի 8-ին Սիմոնյան կրթական հիմնադրամի աշխատակից Անդրանիկ Պապոյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դիմել է դատարան՝ իր աշխատանքային իրավունքների վերականգնման հարցով՝ նրա դեմ անհիմն կարգապահական տույժ էր սահմանվել։

Դատարան ներկայացրած հիմնավորումների ժամանակ պարզվել է, որ 2017 թվականին Անդրանիկ Պապոյանի եւ Սիմոնյան կրթական հիմնադրամի միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով նա նշանակվել էր սպորտային միջոցառումների համակարգող, ինչպես նաեւ կատարել անմիջական ղեկավարի գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային եղանակով տրված հանձնարարությունները։

Հանրապետությունում արտակարգ դրություն սահմանվելուց հետո Հիմնադրամը իր աշխատանքները կազմակերպել է հեռավար։ Սիմոնյան կրթական հիմնադրամի Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարը Անդրանիկին էլեկտրոնային եղանակով հանձնարարել է «Թումո» կենտրոնի անդամների ծնողներին զանգեր կատարել, նրանցից մի շարք տվյալներ ճշտել եւ դրանք առցանց հարցման համակարգում գրանցել։

Պատասխանող Հիմնադրամի տեղեկացմամբ՝ Ա.Պապոյանը չի իրականացրել անմիջական ղեկավարի հանձնարարությունները, իսկ Google առցանց հարցման համակարգում գրանցել է «կեղծ տվյալներ եւ աշխատանքային հեռախոսահամարից կատարել է անձնական զանգեր, որի պատճառով էլ ստացել է գրավոր բացատրություն ներկայացնելու մասին ծանուցում»։

Հայցվոր Ա. Պապոյանն էլ ըստ ՀՔԱՎ կայքի, առարկել էր: «Հնարավոր է՝ որեւէ տեղ սխալված լինեմ իմ աշխատանքում, ինչը չեմ բացառում, սակայն, երբ առաջարկել եմ քննարկել, նրանք չեն ցանկացել, հրաժարվել են՝ ասելով, որ դա իրենց վերջնական որոշումն է, եւ որ իրենք քննարկելու ոչինչ չունեն: Ինձ առաջարկել են կամավոր դուրս գալ աշխատանքից, սակայն երբ ՀՔԱՎ-ի փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո հրաժարվեցի, ինձ նույն օրվա մեջ պարապուրդի են ուղարկել, ծանուցել են, որ ես աշխատանքից ազատված եմ, եւ իմ նկատմամբ նկատողություն է կիրառվել»,-ասել է Անդրանիկը։

Ա. Պապոյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր սահմանվել, ապա՝ խիստ նկատողություն տրվել:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հօգուտ Անդրանիկ Պապոյանի դատական ակտ էր կայացրել, իսկ Սիմոնյան կրթական հիմնադրամն էլ վճռի դեմ 2021թ. հունվարի 29-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Սակայն վերաքննիչ դատարանը փետրվարի 23-ին բողոքը վերադարձրել է՝ փաստաթղթերի բացակայության պատճառով։

Վերաքննիչ դատարանը գործը ստացել է փետրվարի 11-ին, հաջորդ օրն այն հանձնվել է դատական կազմին:

Վերաքննիչ դատարանն արձանագրել էր. «Սիմոնյան կրթական հիմնադրամի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է Վահագն Բալաբեկյանը՝ ներկայանալով որպես փաստաբան: Սակայն վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել Բալաբեկյանի անունով տրված փաստաբանական գործունեության արտոնագիր: Այդպիսի փաստաթղթեր չկան նաեւ քաղաքացիական գործում: Նման պայմաններում վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է դրա լիազորությունը չունեցող անձ, որի հետեւանքով չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները»:

«Առավոտի» տեղեկություններով՝ բողոքաբերը շտկել է դատարանի նշված թերությունները, իսկ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգից էլ երեւում է, որ մարտի տասներկուսին առկա է անդորրագիրը, սակայն բողոքի քննությունը դեռ չի նշանակվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930