Կարինե Ջանջուղազյանի «Ճնճղուկ Էդիթը…» ներկայացումը իբրեւ հոգու մեներգ
Հայ բեմում ուկրաինացի դրամատուրգ, թատերագետ Նինա Մազուրի «Ես եմ՝ Էդիթ Պիաֆը» (թարգմանությունը՝ Կարինե Խոդիկյանի) մոնոդրաման առաջին անգամ բեմադրիչ Աննա Բայաթյանի ռեժիսուրայով, «Ճնճղուկ Էդիթը…» վերնագրով ներկայացվեց 2019թ. դեկտեմբերին, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Կարինե Ջանջուղազյանի մեկնաբանությամբ։ Հիշյալ ներկայացումն այս ընթացքում հասցրել են դիտել երեւանյան տարբեր բեմերում, Հայաստանի մարզերում ու մի շարք զորամասերում։ Համավարակի սահմանափակումներից եւ պատերազմի արհավիրքներից հետո ներկայացումը դարձյալ դերասանուհու խաղացանկում է, որը օրերս ներկայացվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։ «Առավոտը» չէր կարող անտարբեր անցնել այս իրողության կողքով, հասկանալու համար՝ ինչ հնչերանգներ են փոխվել քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող արվեստագետի խոսքում։
Ներկայացնում ենք թատերագետ, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյանի թատերախոսականը ներկայացման մասին։
Դեռեւս դահլիճ ոտք չդրած հանդիսատեսին թատրոնի նախասրահում դիմավորում են ֆրանսիական հոգեթով շանսոնի հարազատ հնչյունները՝ տեղափոխելով նախորդ դարասկզբի Փարիզ, միանգամից ստիպելով թոթափել արտաքին աշխարհի տրամադրությունները:
Կարդացեք նաև
Դժվար է մենաներկայացման մթնոլորտ ստեղծելը: Շատերն են ձգտում այս ժանրում հանդես գալ, քանզի թվում է՝ մեծ հնարավորություն է արտիստական բոլոր հավակնությունները բավարարելու համար: Սակայն քչերն են հաջողում, քանի որ մոնոդրամայի արտիստն ասես օպտիկական սարքի խոշորացնող ապակու դիմաց հայտնված՝ ո՛չ միայն պետք է պատմի պատմություն, այլեւ ստեղծի մենաներկայացման կյանքը, հանդիսատեսին գրավի դեպի բեմական այն տարածքը, որի լիիրավ ու միանձնյա տիրակալն է: Նման խիզախման ամենակայացածներն են գնում, եւ բոլորովին զարմանալի չէ, որ վերջին տարիներին դերասանուհի Կարինե Ջանջուղազյանին ավելի հաճախ կարելի է տեսնել առանձին մենաներկայացումներով հանդես գալիս (Խաչիկ Չալիկյան՝ «Ջայլամն ասֆալտի վրա», Կարինե Խոդիկյան՝ «Լույսը կբացվի», Նինա Մազուր՝ «Ճնճղուկ Էդիթը»): Զարմանալին այն է, որ Համազգային թատրոնում, որտեղ աշխատում է Ջանջուղազյանը, դերասանուհու հախուռն եւ դրամատիկական տաղանդը երեւացնող որեւէ դեր չենք տեսել վերջին շրջանում:
Դեռեւս 70-ականների վերջից հայ թատրոնում եւ կինոյում («Գոյ», «Համազգային» թատրոնների առաջին սերնդի դերասանուհի, «Փոսի», «Մետրո» թատրոններում՝ առաջիններից մեկը) հայտնված հախուռն տեմպերամենտով, վառ արտիստականությամբ, երգող եւ նվագող դերասանուհուն տարբերում են ինքնատիպ պլաստիկան ու ժեստը, ներքին դրամատիզմի հակվածությունը, փխրուն ու դյուրաբեկ մարմինը, նույնքան ճկուն ու հարուստ ձայնի դիապազոնը՝ ամենականացիից մինչեւ ամենաբացասական հերոսների ձայներ, մեծ ու խորաթափանց աչքերը, հոգեբանական խաղի եւ խաղարկային դպրոցի առանձնահատկությունների հավասարաչափ բաշխումը ցանկացած դերում: Դերասանուհու ահռելի ստեղծագործական ներուժը, սակայն, ո՛չ հայ թատրոնում, ո՛չ հայ կինոյում լիովին բացահայտված չեն:
Ջանջուղազյանը խարակտերային դերերի գտնված դերասանուհի է, նրա անգամ փոքրիկ մուտքը որեւէ ներկայացման որեւէ դրվագում մթնոլորտ ու տրամադրություն է ստեղծում: Եվ որ ամենակարեւորն է՝ մտածող, ստեղծագործող եւ ո՛չ զուտ կատարող դերասանի հազվագյուտ տեսակ է, ինչն էլ հավանաբար վախեցնում է թատրոնում «միապետ» ռեժիսորներին: Դերասանուհի՝ ի դեմս որի հայ կինոն եւ թատերարվեստը կունենար իր Ալիսա Ֆրեյնդլիխին: Եվ այսօր մեր բեմադրիչները մտածելու առիթ ունեն այս առումով: Սեփական վառ ու տարբերվող ձեռագրով դերասանի հետ ճիշտ ընտրված դերի շնորհիվ կշահեն առաջին հերթին թատրոնն ու բեմադրիչը:
Կիսախավար բեմում ետնավարագույրին՝ կամարի հետեւից երեւացող էկրանից 30, 40-ականների փարիզյան վերհուշն է արթնանում, սահում է դեպի աջ, դեպի բեմի այն անկյունը, որտեղ մի հին հեծանիվ է դրված, թափքին՝ տուփ-սնդուկ, տուփ-պահարան, եւ կամ՝ տուփ-տնակ արկղիկով՝ լեցուն մի քանի աղքատիկ իրերով, լուսանկարներով, խունացած նամակներով եւ գիրք դարձած կյանքի օրագրով (նկարիչ՝ Սեւակն Բաղդասարյան): Սա այն ամենն է, ինչ ունի հերոսուհին, մի կյանք ճանապարհներին եւ մի ճամպրուկ անցյալ, որի բեռի տակ կքած հերոսը դուրս է գալիս դեպի ճակատագրի քմահաճույքին ընդառաջ, սակայն անսպասելիորեն հայտնվում համամարդկայինի ու հավերժականի ծիրերում, դառնում լեգենդ:
Հեծանիվի տակից բոլորովին անսպասելիորեն հայտնվածը հենց նա է, հյուծված ու կծկված. ալկոհոլից ու թմրադեղերից պարբերաբար կախվածության մեջ ընկածը, չորս ավտովթարների ենթարկվածը (որոնցից երկուսը Ազնավուրի հետ՝ շեշտում է հերոսուհին), փողոցում մեծացածը, նորածին երեխա ու կյանքի սերեր կորցրած տարաբախտ Էդիթը, որ փոքրամարմին է ու քաղցած քաղաքային ճնճղուկի պես (այստեղից էլ Պիաֆ՝ ճնճղուկ մականունը): Ի զարմանս մեզ՝ Ազնավուրի հետ նրա կյանքի դրվագներ պիեսում չկան (մի քանի տող հիշատակություն), մինչդեռ դրանց անհամբեր է սպասում հայ հանդիսատեսն ու պակասը զգում է ներկայացման մեջ: Դերասանուհին հանդիսատեսին միանգամից համարձակ հայտով է ներկայանում՝ կերպարի գերխտացած խաղի մատուցումներով մի պահ խրտնեցնում նրան, ստիպում հոգեբանորեն պատսպարվել որտեղից որտեղ իր վրա հանկարծակի թափված այդքան դառն իրադարձություններից:
Հիշողությունների ցավից, թե դեռ օրորոցից իրեն հրամցված ու կյանքի մշտական ուղեկիցը դարձած ալկոհոլից արբած (ալկոհոլի շիշը գրեթե միշտ հերոսուհու ձեռքին է գործողությունների ողջ ընթացքում), ծռմռված ու կքած այս հերոսուհին թե՛ կերպարի նախատիպից, թե՛ իր տարիքից ծեր է երեւում, այնինչ երգչուհին 48 տարեկանում է մահացել: Իր կերպարի հոգեֆիզիկական վիճակը դերասանուհին արտահայտում է գրոտեսկի հասցված չափազանցումնեով՝ հաստատելով, որ տարիքն առաջին հերթին հոգեվիճակ է: Ջանջուղազյանի Էդիթը ավելի շուտ ճակատագրի անիվի տակ է ջախջախված, քան հարբած է: Նա «հատակի մարդն» է, ինդուստրիալ աշխարհի բերանն ընկած միայնակ «փոքր մարդը», որին, սակայն, վիճակված չէր հատակում մնալ:
Աստիճանաբար դերասանուհին ոչ միայն կյանքի հուզիչ պատմությամբ, այլեւ դերասանական մեծ վարպետությամբ գերում է հանդիսատեսի սիրտը: Ինչպես որ մարդու կյանքը կազմված է վերելքներից ու վայրէջքներից, ցավի ու երջանկության հերթագայումից, այնպես էլ դերասանուհին հմտորեն մի հոգեվիճակից հայտնվում է մյուսում, արցունքները հաջորդում են ծիծաղին: Պիաֆ-Ջանջուղազյանը մարդու մասին է պատմում, ավելի առատ խոսքով, ավելի պակաս գործողությամբ, սակայն մեկ ժամ անընդմեջ հանդիսատեսի անքթիթ հայացքը գամած պահում բեմին: Ժամանակակից թատրոնում հազար ու մի էքսպերիմենտների այս շրջանում հասկանում ես հանկարծ, որ պարզ, մարդկային լեզվով խոսքի ու հոգեբանական խաղի պահանջը միշտ զգալու է հանդիսատեսը, քանզի հենց այսպես է կայանում դերասանի եւ հանդիսատեսի սրտերի հպումը, որն անխզելի է:
Բեմադրիչ Աննա Բայաթյանը հաճախ է շեղվել պիեսից, այս պատճառով ազդագրի վրա ընդգծված է՝ ըստ Նինա Մազուրի պիեսի տողը: Ելնելով ստեղծագործողի իր գեղագիտական ընկալումներից՝ ստեղծել է այն անհրաժեշտ միջավայրը, որում առանց յուրահատուկ ռեժիսորական հնարանքների, առանց զարմացնելու միտման՝ դերասանուհուն մեկնակերպ ու հնարավորություն է տվել լիուլի արարելու, ստեղծելու փյունիկի պես անվերջ մոխրացած ու վերածնված երգչուհու կերպարը: Դերասանուհին ինքն էլ ասես բեմում հրդեհվում ու մոխրանում, հետո նորից վեր է հառնում այդ մոխիրներից՝ ամեն անգամ սարսուռ ու զարմանք պատճառելով հանդիսատեսին: Մտքում սեփական կյանքի ցա՞վն է արդյոք, որ որոշ կետերում զուգահեռ է մարմնավորած հերոսուհու ճակատագրին, այլապես ինչպե՞ս կկարողանար հանդիսատեսին ստիպել մի քանի անգամ իր հետ զգացմունքային վերելքներ ունենալ: Առաջին էմոցիոնալ պահը հասունանում է վաղաժամ ամուսնության, ծայրահեղ թշվառության պատճառով վրա հասած ծանր հիվանդության եւ երեխայի կորստյան պատմության տեսարանում, որտեղ դերասանուհին չի զսպում իր դրամատիկ, բուռն ապրումները (չէ՞ որ երիտասարդ էր), երկրորդը՝ Մարսել Սերդանի մահվան բոթը, ներկայացման կուլմինացիան է դառնում. Մարսելն իր խորհրդով էր ինքնաթիռով Նյու Յորք գալիս, որն այդպես էլ տեղ չի հասնում:
Դերասանուհին հոգեբանական խաղի եւ վերապրումի հարուստ գունապնակով է արտահայտում իր արդեն հասուն սիրո կորուստը. տենդով բռնված փխրուն մարմինը թվում է՝ չի դիմանա: Այստեղ թե՛ կիսատոներ կան, թե՛ կիսատ ասված խոսք, թե՛ սկսած ու չավարտված նախադասություններ, թե՛ շեղված շեշտեր, որոնք հաճախ արտասովոր են, բեմական խոսքի օրինաչափությունների տեսակետից՝ անընդունելի, սակայն այս անհատականության պարագայում լիովին արդարացված են, քանի որ խաղի ներքին տարերքն է իր բոլոր օրինաչափություններով գլուխ բարձրացնում Ջանջուղազյանի խաղում, իսկ սա ամենակարեւորն է: Երբեմն թվում է՝ ուր որ է կերգի, սակայն բեմում անվերջ հնչող Պիաֆի ձայնի ներքո (երաժշտական ձեւավորումը Նարեկ Բարսեղյանի) դերասանուհու աչքերն ու հոգին են երգում, թեւատարած պտույտները անպարագիծ են դառնում, քանի որ ինչ էլ որ պատմի՝ ցավի, թե փառքի ու վերելքների մասին, սիրո՛ մասին է՝ ո՛չ միայն անձնական ու հանդիսատեսի հանդեպ, այլեւ հայրենիքի հանդեպ: Սիրո գերագույն դրսեւորում է Էդիթ Պիաֆի կենսագրության ամենահերոսական դրվագը՝ 1944 թ. Գերմանիայում գտնվող 120 ֆրանսիացի ռազմագերիների կյանքը փրկելու նրա անձնազոհ քայլը:
Արկղիկում եղած իրերից զատ նա ունի եւս մեկ հենարան, դա իր գլխարկն է, որը տարբեր տեսարաններում բազում անգամներ դնում ու հանում է: Հնաոճ, շագանակագույն վերարկուն եւս գալիս է ամբողջացնելու սեւ, էլեգանտ զգեստի եւ գործված գլխարկի համադրությունը (զգեստի ձեւավորումը՝ Գայանե Սարիբեկյանի): Եվ ամեն անգամ, երբ Էդիթ-Ջանջուղազյանը դիմում է այս իրերի խաղարկմանը, ասես հոգով, սրտով ամբողջովին մերկ ու գլխաբաց կանգնում է հանդիսատեսի դատի առջեւ ու ամեն անգամ շահում վերջինիս համակրանքն ու փոխըմբռնումը: Ռեժիսորական մտահղացումներն ու դերասանի աշխատանքն այնքան համաձույլ են, որ դժվար է սահմանը նշմարել:
Պետք է նշել, որ սա Աննա Բայաթյանի ռեժիսորական դեբյուտն է թատրոնում, մասնագիտությամբ կինոռեժիսոր է, հինգ ֆիլմի հեղինակ:
Բեմադրիչի կինոմտածողությունն արտահայտվում է նաեւ էկրանով անվերջ ընթացող 30-40-ականները վերստեղծող ինքնատիպ քրոնիկոնով, զուգահեռ ընթացող կադրերը նրբորեն լրացնում եւ երբեք չեն խանգարում բեմական գործողությանը: Կինոյի խոշոր պլանի սկզբունքով է բեմադրիչը ընդգծել դերասանուհու մենախոսությունների մի քանի դրվագ: Մենախոսություն մենախաղում՝ չլսված բան է, սակայն այն, ինչ անում է դերասանուհին, այլ կերպ չես անվանի: Հանկարծակի նստելով ուղիղ հանդիսասրահից բեմ տանող աստիճաններին, հոգին սողոսկող հայացքով նա երկխոսության մեջ է մտնում հանդիսասրահի հետ՝ անկեղծանալով բեմի ապրեցնող ուժի, արտիստի ու հանդիսատեսի սիրո, երգի ամոքող բնույթի մասին: Դերասանուհին իր կերպարի հետ վաղուց նույնացել է, եւ Էդիթի կողմից հնչող խոսքերն ասես նաեւ Ջանջուղազյանի հոգու արձագանքը լինեն: Այսպես սիրային նամակ են գրում, այսպես միայնակ հոգիները գտնում են մեկ այլ միայնակ հոգու:
Չէ, Ճնճղուկ Էդիթը ոչ մի բանի համար չի ափսոսում, որովհետեւ հարյուր տոկոսով է սիրել, հարյուր տոկոսով է այրվել ու ապրել իր կյանքը:
Շատ տպավորիչ է ներկայացման ավարտը, պարզվում է՝ հեծանիվը ուղղակի բեմական ատրիբուտ չէր: Դերասանուհին դրանով շարժվում է դեպի կուլիսներ եւ անհետանում, մեկ էլ հանդիսատեսին երեւում է արդեն էկրանից՝ դառնալով վերհուշ ու երգ: Նա գնում է դեպի հորիզոնը՝ հաստատելու համար հանճարեղ Պիաֆի խոսքերը, թե՝ վերջիվերջո մենք իշխանություն չունենք մեր կյանքի վրա, բայց եւ առանց սիրո մենք ոչինչ ենք…
«Առավոտ» օրաթերթ
20.04.2021