Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի դաշտում ընկած քամանչահարի հիշատակը կհավերժանա մշակույթով

Ապրիլ 21,2021 13:00

«Մհեր Փոթոյան» ՀԿ-ն լուրջ գործունեություն է սկսել Արցախյան պատերազմից հետո

Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ հերթական հետաքրքիր միջոցառումը: Այս անգամ յուրահատուկ մշակութային ծրագրով ներկայացել էին «Մհեր Փոթոյան» ՀԿ-ն եւ նկարչուհի Անահիտ Ըռքոյանը։ «Մհեր Փոթոյան» ՀԿ-ն ստեղծվել է Արցախյան պատերազմից հետո` Մհեր Փոթոյանի պատվին, որը տաղանդավոր քամանչահար է եղել եւ իմ փոքր եղբայրը։ Ցավոք, նա զոհվել է պատերազմի դաշտում։ Ես էլ մասնագիտությամբ երաժիշտ եմ։ ՀԿ-ն ստեղծվել է իր անունով, որպեսզի տարատեսակ մշակութային միջոցառումներ իրականացվեն, նոր զարկ տանք հայկական մշակույթին։ Արդեն տեղի է ունեցել մոտ 12 համերգ, 2 ցուցահանդես, իսկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ցուցահանդեսը թվով 3-րդն է։ Նշեմ, որ մեր ցուցահանդեսներն ուղեկցվում են երաժշտությամբ, այսինքն` ցուցահանդես-համերգ մեկ վայրում»,- մեզ հետ զրույցում նշեց «Մհեր Փոթոյան» ՀԿ-ի հիմնադիր-տնօրեն Նարեկ Փոթոյանը։

Նրա խոսքով` այս տարի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նախատեսել են մոտ 40 ցուցահանդես-համերգ։ Կարող են մասնակցել եւ անհատ երաժիշտներ, եւ երաժշտական խմբեր։ Ապրիլի 13-ին ունեին մեկ այլ ցուցադրություն, իսկ մայիսին նախատեսել են ասեղնագործությունների ցուցահանդես։

«Ամեն ցուցահանդեսին ներկայանում է նոր նկարիչ, նոր երաժշտություն, այլ խոսքով` ամեն բան նորովի է ներկայացվում։ Ապրիլի 15-ից հետո Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում սկսվել են մաստեր կլասներ`թվով 5-6, յուրաքանչյուրի ժամանակ ներկայանալու է 3 երաժիշտ կատարող՝ ամբողջը ժողովրդական գործիքների ուղեկցությամբ։ Հուսով եմ՝ հանրությանը դուր կգա, որովհետեւ նման մաստեր կլասներ քիչ են լինում։ Փորձելու ենք ներկայացնել բոլոր գործիքները»,-հայտնեց մեր զրուցակիցը։

Եղբոր խոսքով Մհերի մասին շատ բան կա պատմելու։ ՀԿ-ի ստեղծումից հետո սկսել է նրան նորովի ճանաչել։ Նա ավարտել էր Կոմիտասի անվան կոնսերվատորիան, դասավանդում էր, աշխատում, ակտիվ գործունեություն ծավալում։ Հասցրել էր եվրոպական մի շարք երկրներում համերգներ ունենալ ՝«Նարեկացի» նվագախմբի հետ։ Հայաստանի ամեն անկյունում եղել էր, համերգներ տվել, մոտ 35 մրցույթների դափնեկիր էր: «Այս տարի պատրաստվում ենք ժողովրդական գործիքների մրցույթ-փառատոնի։ Մրցույթի մասին գաղտնիքներ չեմ բացի, միայն կնշեմ, որ ամեն մարզ մասնակցելու է եւ մենք էլ փորձելու ենք գտնել տաղանդավոր երեխաների` նոր Մհերներ»,-ասաց Նարեկ Փոթոյանը։

«10 տարուց ավելի է՝ այս ոլորտում եմ, աշխատանքս շատ եմ սիրում։ Թեմաներս շատ տարբեր են, վերջին շրջանում հիմնականում երաժշտության մասին են։ Բնանկարներ եւս անում եմ, որոնք նվիրված են Արցախին, օգտագործում եմ հետաքրքիր եւ աչքին հաճելի գույներ։ Երբ գնում էի Արցախ` այնտեղի բնությունն ինքն էր ստիպում նկարել»,- ասում է նկարչուհի Անահիտ Ըռքոյանը։ Մհեր Փոթոյանի մասին պատերազմից հետո է լսել` ծանոթանալով նրա եղբոր` Նարեկի հետ, այդպես էլ ստեղծվել է համագործակցությունը։ Շատ ցուցահանդեսների է մասնակցել, ունեցել է նաեւ անհատական ցուցահանդեսներ` Բեյրութում, Արցախում, Երեւանում։ Առաջարկ ունի նաեւ աշխատանքները կրկին Բեյրութում ցուցադրելու։ «Ստեղծագործություններիս թիվը 80-ից անցնում է, շատերը վաճառվել են։ Ոգեշնչումս գալիս է ցանկացած տեղից, հատկապես հայկական մշակույթից։ Մեր հասարակությունը պետք է բարձրակարգ արվեստը տարբերի վատից։ Պետք է ուսումնասիրել ու շատ սիրել մեր մշակույթը, որը խորն արմատներ ունի, կուզեի ճանաչեին մեր ազգայինն ու այդպիսով էլ ավելի սիրեին ու գնահատեին այն»,-նշեց նկարչուհին։

Զրուցեցինք նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի հետ։ «Շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդները ձեռնամուխ են լինում նման գաղափարների իրականացմանը, մեր թանգարանն էլ նման ծրագրերի համար միշտ բաց է։ Հակված եմ այն մտքին, որ մշակույթով կարող ենք ներկայանալ ամբողջ աշխարհին եւ հաղթել։ Առաջին հերթին պետք է ճանաչենք եւ գնահատենք այն ու դրա ներկայացուցիչներին, որից հետո աշխարհին ցույց տանք։ Նման ծրագրերը հրաշալի առիթ են արվեստագետների համար, հատկապես նորեկների, որոնց հնարավորություն է ընձեռվում ներկայանալու հանրությանը մեր թանգարանում, որի լսարանը մեծ է։ Երեքշբաթին ուզում ենք ավանդական դարձնել նման ծրագրերի համար` նկարչության եւ երաժշտության համատեղմամբ, նշեմ, որ սա մեր առաջին փորձն է»,-հայտնեց նա։ Տնօրենը հավելեց, որ վերսկսել են իրենց երաժշտական հինգշաբթիները։ Լուրջ ծրագրեր ունեն նաեւ ամռան համար, իսկ հունիս ամիսը Խաչատրյանական է, քանի որ ամեն տարի հունիսի 6-ին տոնում են կոմպոզիտորի ծննդյան օրը:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ


«Առավոտ» օրաթերթ

20.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930