Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան Բաքվին Անկարայից պոկելու փորձեր կանի

Ապրիլ 21,2021 12:00

Նոր նախազգուշացում Թուրքիային

Ռուսաստանի կողմից հետխորհրդային տարածքի երկրներում իր շահը ցուցադրելու առումով վերջին մի քանի օրերը բավական ակտիվ էին:
Ուկրաինային սպառազինության, այդ թվում թուրքական անօդաչուների մատակարարումը չի նպաստում այդ երկրում իրավիճակի կարգավորմանը, անցյալ շաբաթ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ նաեւ հույս հայտնելով, որ Թուրքիայում ականջալուր կլինեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կոչին՝ վերլուծել Կիեւի հայտարարությունները եւ չկլանել Ուկրաինայի իշխանությունների միլիտարիստական տրամադրությունները: Միեւնույն ժամանակ նա շեշտել էր, որ Ռուսաստանը պարբերաբար կարծիքներ է փոխանակում Թուրքիայի գործընկերների հետ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հարցերով:

Նկատենք, որ ավելի վաղ Սերգեյ Լավրովը խորհուրդ էր տվել բոլոր պատասխանատու երկրներին, այդ թվում Թուրքիային, վերլուծել Կիեւի ռազմատենչ հայտարարությունները: Այս կոչը հնչեց տարածված տեղեկությունների ֆոնին, թե Ուկրաինան ձեռք է բերել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչուներ:

Անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի առնչությամբ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքն ու գործողություններն, իհարկե, պայմանավորված էին այդ երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերություններով:

Հիմա թե՛ ԵՄ անդամ պետությունները, թե՛ Հայաստանի դաշնակից պետությունները շարունակելով զուգահեռել իրենց փոխհարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, երբեմն նաեւ հանդես են գալիս ավելի կտրուկ հայտարարություններով: Մոսկվան այս առումով՝ զուսպ, համբերատար պահվածքից, դժվար թե, մոտ ապագայում անցնի ավելի կոշտ հռետորաբանության, սակայն գործողությունների առումով կարող է դիմել պատասխան քայլերի, երբ արդեն Թուրքիայի գործողությունները հարվածեն ռուսական շահին:

Հայաստանն Անդրկովկասում ՌԴ-ի առանցքային դաշնակիցն է

Անցյալ շաբաթ Մոսկվան ողջունեց Երեւանի եւ Բաքվի միջեւ բարիդրացիական հարաբերությունների hաստատման նախաձեռնությունը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի կնքման հարցում, նշել է. «Հուսալի հիմք է 2020թ. նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների կողմից ձեռքբերված համաձայնությունները: Մենք պատրաստ ենք հետագայում աջակցել այդ գործընթացին: Դեռ պետք է հաղթահարել շատ դժվարություններ, խոչընդոտներ: Շեշտը դնում ենք կայունության, ամուր տնտեսական զարգացման վրա: Հուսով ենք, որ կշարժվենք հարաբերությունների կարգավորման, վստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ»:

Մոսկվան ընդգծել է, որ պատրաստ է հետագայում եւս ամեն կերպ աջակցել նման գործընթացներին, թեեւ բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակ չկա։

Նկատենք, որ Մոսկվան անցյալ շաբաթ շեշտեց, որ Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է: Հայաստանը եւ Ռուսաստանը շարունակում են ամրապնդել համագործակցությունն ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ միջազգային կառույցների, նախեւառաջ ՀԱՊԿ-ի շրջանակներում, Մոսկվայում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ բանակցությունների ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։ Ռուսաստանցի զինվորականի խոսքով. «Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է։ Հայաստանի տարածքում 102-րդ ռազմակայանի գործունեությունը երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն է»։

Իսկ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն անցյալ շաբաթ քննարկում էին երկկողմ ռազմական համագործակցությանը, Ռուսաստանի տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, ըստ ՀՀ ՊՆ-ի մամլո հաղորդագրության՝ Վ.Հարությունյանը կարեւորել է Ռուսաստանի դերակատարումն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, կրկին անդրադարձել է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարեւորությանը եւ խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը:

Ավելի վաղ դեսպան Կոպիրկինն արձանագրել էր, որ հայ գերիների հարցը Ռուսաստանի առաջնահերթություններից է: Նա լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ այդ ուղղությամբ համառ աշխատանք է իրականացվում. «Գիտեք, այդ մասին խոսում է մեր ղեկավարությունը։ Հարցը մեր առաջնահերթություններից է՝ ե՛ւ Ռուսաստանի ղեկավարության, ե՛ւ խաղաղապահ կոնտինգենտի։ Համառ աշխատանք է տարվում, կան որոշակի առաջխաղացումներ, դուք գիտեք։ Մի քանի անգամ գերիներ վերադարձվեցին։ Աշխատանքը շարունակվում է»:

«Խաղաղասեր» Ալիեւի եւ «Բատկայի» բարեկամությունը

Մոսկվան շարունակում է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հիմնական միջնորդ՝ հիշեցնել, որ ակնկալում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատում: Այստեղ ոչ միայն Մոսկվայի, այսպես ասած՝ հեղինակության հարցն է՝ եռակողմ հայտարարության կյանքի կոչման ճանապարհին, այլեւ, ըստ ամենայնի՝ Մոսկվան առաջիկայում կարող է Բաքվին Անկարայից փոքր-ինչ պոկելու փորձեր ձեռնարկել:

Անցյալ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բաքու կատարած այցից հետո կրկին ակտիվացան ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ քննարկումները։ «Անկասկած մոտ ժամանակներս մենք կտեսնենք Ադրբեջանի ավելի խորը համագործակցությունը ԵԱՏՄ-ի եւ Մաքսային միության հետ», -նշել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Սավինիխը։

Հայտնի է, որ Բաքու այցից հետո Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել նախ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ, Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, նրանք քննարկել են նաեւ Ղարաբաղում եւ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այնուհետեւ նա խոսել է Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ։

Այսպես, Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ երկօրյա բանակցություններից հետո Բելառուսի նախագահը Մինսկ վերադառնալուն պես զանգահարել է Ռուսաստանի նախագահին եւ այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել նաեւ Ղարաբաղի խնդիրը:

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահը հայտարարել էր, որ ուզում է շնորհավորել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդներին հրադադարի կապակցությամբ: Իլհամ Ալիեւն էլ իր հերթին Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսին ասել էր, թե Բաքուն ուզում է ամրապնդել վստահության միջոցառումները Հայաստանի հետ եւ առաջարկել էր Լուկաշենկոյին ակտիվ դերակատարություն ունենալ այս գործում, քանի որ, Ալիեւի խոսքով, Բելառուսը ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ եւ Հայաստանի դաշնակիցն է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում:

Նույն ասուլիսի ընթացքսում Լուկաշնեկոն նաեւ խոստացավ, որ երբ թողնի նախագահի պաշտոնը, հետաքրքիր բաներ կպատմի ղարաբաղյան գործընթացից, իսկ մինչ այդ անկեղծացել է, որ տարիներ առաջ Ադրբեջանի նախագահն առաջարկել էր, որպեսզի նա խոսի Հայաստանի ղեկավարության հետ եւ համոզի ղարաբաղյան խնդիրը խաղաղ կարգավորել: «Ես, իհարկե, երբ արդեն չլինեմ նախագահ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե ինչեր է առաջարկել Իլհամ Հեյդարովիչը Հայաստանի ղեկավարներին, հայ ժողովրդին՝ «լսիր, դու լավ հարաբերություններ ունես հայերի հետ, փոխանցիր նրանց, որ ես պատրաստ եմ ոչ միայն վերականգնել Ղարաբաղը, այլ նաեւ զարգացնել Հայաստանը», – Բաքվում անկեղծացել էր Բելառուսի նախագահը:

Ինչեւէ, ռուսական մամուլն էլ իր հերթին անցյալ շաբաթ ակտիվորեն քննարկում էր թեման, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաշտեցմանն ավելի դյուրին կլինի հասնել հենց ԵԱՏՄ-ի շրջանակում, անգամ նշում էին, թե՝ Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ինտեգրման գործընթաց սկսել Բելառուսի միջնորդությամբ, իսկ պաշտոնական Բաքուն կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ։ Ռուս փորձագետների ձեւակերպմամբ՝ Ադրբեջանի հիմնական առեւտրական գործընկերներն են Թուրքիան եւ Եվրամիությունը, եւ ԵԱՏՄ-ն, ռուսական շուկան կարող է հետաքրքրել Ադրբեջանին։

Ավելի վաղ ՌԲԿ-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե ԵԱՏՄ երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը, իսկ այդպիսի մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այսինքն՝ նաեւ Հայաստանի համաձայնությունը։

Նկատենք, որ վերջին տարիներին՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը պարբերաբար քննարկվել է, նույնիսկ եղել են պաշտոնական մակարդակով հայտարարություններ ռուսական կողմից, որ դեմ չեն լինի, եթե Ադրբեջանն անդամակցի, սակայն պաշտոնական Բաքուն մշտապես նախընտրել է հստակ պատասխան չտալ: Ավելին, մեկ անգամ Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարն անգամ ակնարկել էր, թե ի՞նչ կստանա այդ անդամակցությունից Ադրբեջանն օրինակ՝ ԼՂ հարցում… Ի դեպ, ԼՂ-ում պատերազմից հետո Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը նկատել է, թե ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հիմնական խոչընդոտը ղարաբաղյան հակամարտությունն էր, եւ այսօր, երբ այդ խոչընդոտը, ըստ նրա՝ արդեն չկա, անդամակցության մասին կարելի է լուրջ խոսել։

«Առաջիկայում կներկայացնենք մեր դիրքորոշումը», անցյալ շաբաթ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությանը ապրիլի 29-30-ին Կազանում սպասվող ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին։ Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ-ն «վետո» դնի, նա պատասխանել էր. «Իհարկե, հնարավոր է»։ Գալով ռուսական մամուլի տեղեկություններին այն մասին, որ ՀՀ-ն որպես Ադրբեջանի մասնակցության նախապայման առաջ է քաշելու հայ ռազմագերիների վերադարձի եւ ապաշրջափակման հարցերը՝ Մհեր Գրիգորյանը նշել էր. «Երկու բաղադրիչ եք առանձնացնում մի հարցից, որը բազմաշերտ է։ Եկեք առանձին բաղադրիչներով դիրքորոշում չձեւավորենք։ Իհարկե, բոլոր բաղադրիչները քննարկվում են։ Նախ, դա «վետո» չի, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է։ Համաձայնեցնելու խնդիրն օրերս կավարտվի։ Պարզ ասեմ մի բան, որ այս գործընթացը ենթադրում է այլ երկրի՝ նիստին մասնակցելը համաձայնեցնելը, որը որեւէ բովանդակային գործընթաց չի ենթադրում։ Ամսաթիվը գալու է, ասենք՝ այո կամ ոչ։ Ինչ վերաբերում է նախապայման դնել-չդնելուն, պետք է հայտնեք՝ ո՞ւմ առջեւ ենք դնելու։ Ես կարծում եմ՝ Մոսկվայի հետ, այդ թվում գերիների հարցը, քննարկվում է կառուցողական ձեւաչափով։ Հուսամ՝ լուծումներ կլինեն։ Իսկ եթե սա դուք համարում եք եւս մեկ առիթ, ապա այն կօգտագործվի»։

Բելառուսի նախագահը չի բացառվում, որ որոշակի դեր ստանձնի՝ Ադրբեջանի ԵԱՏՄ-ացման գործընթացում: Այստեղ առավել կարեւոր է հարցը, թե ինչ դիրքորոշում ունեն Հայաստանի իշխանությունները մի պետության ղեկավարի միջնորդական հնարավոր «ջանքերի» վերաբերյալ, որը լինելով Հայաստանի ՀԱՊԿ-ական դաշնակիցը՝ զինել է Ադրբեջանին, ժամանակ առ ժամանակ հանդես է եկել բացահայտ ադրբեջանանպաստ դիրքորոշմամբ, ավելին, չի էլ թաքցնում, որ ստանձնել է «միջնորդի» դեր՝ փորձելով Ադրբեջանի նախագահի ցանկությունները իրականացնել, իբր՝ «ի շահ Հայաստանի զարգացման»:

Նկատենք, որ Բելառուսի նախագահը Բաքվում երկօրյա բանակցությունների ֆոնին կրկին շեշտեց, որ Բելառուսն ու Ադրբեջանը պետք է խորացնեն համագործակցությունը էներգակիրների մատակարարման հարցում։ Քաղաքական հարաբերությունների առնչությամբ էլ Լուկաշենկոն եւ Ալիեւը հայտարարեցին, թե երկու երկրներն այսօր ունեն փայլուն հարաբերություններ եւ չունեն որեւէ խնդիր։ «Ինչ վերաբերում է մեր քաղաքական հարաբերություններին՝ դրանք փայլուն են, ինչի համար ես շատ հպարտ եմ։ Մենք վերականգնել ենք մեր ջերմ հարաբերությունները, որ ունեցել ենք խորհրդային տարիներին», – ընդգծել է Լուկաշենկոն։ Ալիեւը նույնպես գոհունակություն է հայտնել ադրբեջանա-բելառուսական հարաբերություններից. «Մեր հարաբերություններում իսպառ բացակայում են խնդիրները, իսկ մեր հանդիպումները թույլ են տալիս առաջ շարժվել»։

«Խաղաղասեր» Ալիեւի եւ «Բատկայի» բարեկամությունը չի կարելի բացառել, որ ինչ-որ պահից Ռուսաստանին ձեռնտու լինի՝ Ադրբեջանին դեպի ԵԱՏՄ «գրավելու» համատեքստում: Առաջիկայում նման գործընթացները հնարավոր է ավելի արտահայտիչ դառնան:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.04.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930