Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ընթացիկ հարցերի ընթացակարգով տեղի ունեցավ հայ ռազմագերիների հարցով քննարկում:
Եվրոպացի պատվիրակները պահանջեցին Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Ադրբեջանցիները փորձում էին արդարանալ՝ տարբեր պատճառաբանություններ բերելով, թե հայերը նման քննարկման կազմակերպումը նախաձեռնելով հետապնդում են քաղաքական նպատակ, քանի որ շուտով ընտրություններ են Հայաստանում և այլն:
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Քամալ Ջաֆարովը ցույց տվեց Նաիրա Զոհրաբյանի՝ Շուշիում արված լուսանկարը և ֆեյսբուքյան գրառումը, որով նա կոչ էր անում ռմբակոծել Մինգեչաուրի ջրամբարը: Նա դիմելով ԵԽԽՎ-ին՝ հայտարարեց, թե Նաիրա Զոհրաբյանն ահաբեկիչ է ու կոչ արեց այդ ֆեյսբուքյան գրառմանը տալ գնահատական՝ որպես ահաբեկչական ակտի:
Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ փաստորեն տարիներ շարունակ Հայաստանում ահաբեկիչներ փնտրելու՝ Ադրբեջանի ջանքերն արդյունք տվեցին. Քամալ Ջաֆարովը գտավ ահաբեկչին: Նաիրա Զոհրաբյանը շարունակեց. «Քանի որ հայ ռազմագերիների հարցով քննարկման ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը որևէ առարկայական հակափաստարկ չէր կարող ներկայացնել, թե ինչու են իրենք համառորեն հրաժարվում ազատ արձակել հայ ռազմագերիներին, ուստի պիտի խոսեին ամեն ինչից, այդ թվում Շուշիում արված իմ նկարից` բացի ռազմագերիների խնդիրներից: Առնվազն զավեշտ է, երբ ահաբեկիչ պետությունը, ռազմագերիներ խոշտանգող պետությունը հայտարարում է, որ Նաիրա Զոհրաբյանն ահաբեկիչ է: Ես շատ զավեշտներ եմ լսել ադրբեջանական պատվիրակներից իմ հասցեին, ուստի մի զավեշտ ավել, մի զավեշտ պակաս, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության նկարագիրը չի փոխում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ