Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները Սյունիքի ուղղությամբ կրակոցներ են արձակում ու ահաբեկում մարդկանց․ Արման Թաթոյան

Ապրիլ 20,2021 23:03

ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել (Ագարակ, Եղվարդ և այլ գյուղեր):

Այս մասին երեկ և այսօր Սյունիքի մարզի համայնքներ այցերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրին խաղաղ բնակիչները, ինչպես նաև համայնքային մարմինները: Ըստ բնակիչների՝ կրակոցներն արձակվում են օրվա ինչպես ցերեկային, այնպես էլ գիշեր ժամանակ, պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին ու կանանց:

Կրակոցներից բացի, ՀՀ Սյունիքի մարզի Կապանից Ճակատեն ու մյուս գյուղեր, Գորիսից Շուռնուխ ու Որոտան և այլ համայնքներ միավորող ճանապարհներին ադրբեջանական զինվորականների ներկայությունը լրջորեն խաթարել է խաղաղ բնակիչների, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Այս ամենի պատճառով գյուղացիներն անգամ կենսական կարիքների համար (օրինակ՝ աշխատանքի կամ բժշկական հաստատություն մեկնելը կամ վերադարձը) ստիպված են ձեռնպահ մնալ երեկոյան ժամերին այդ ճանապարհով երթևեկելուց՝ իրենց ու ընտանիքների անվտանգության նկատառումներից ելնելով:

Ադրբեջանական զինվորականների ներկայությունը սպառնում է գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը:

Ֆիզիկական սնձեռնմխելիությունից բացի, դա ոտնահարում է հոգեկան անձեռնմխելիությունը: Այդ ճանապարհին արհեստական հիմքերով տեղադրված են ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ, որն էլ պատրվակ է ծառայում ադրբեջանական զինվորականների տեղակայման համար` դրանց իբր պահպանության համար:

Գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Որոտան, Խնածախ, Շիկահող, Ճակատեն և այլն) բնակիչները այս անգամ ևս նշեցին, որ գյուղերի հարևանությամբ նրանց ներկայության պատճառով անհնարին է դարձել խոտհարքներից, արոտավայրերից ու մասնավոր հողատարածքներից օգտվելը (որպես եկամտի աղբյուր), այդ թվում` կադաստրային օրինական փաստաթղթերի առկայության պայմաններում: Օրինակ` Սրաշեն գյուղում բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ կրակոցներ են արձակվել անգամ տեսնելով անզեն աչքով գյուղացուն հողամասում աշխատելիս:

Ակնհայտ է, որ Սյունիքի մարզում խաղաղ բնակիչների իրավունքների պաշտպանությունը պահանջում է անվտանգության գոտու հրատապ ստեղծում:

Ադրբեջանական զինվորականների տեղակայումները ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն այդ վայրերից:

 

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930