Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինա Դարբինյան. «Հայաստանում ամենից շատ բարգավաճում են գերեզմանները»

Ապրիլ 20,2021 22:30

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արմինա Դարբինյանի խոսքով՝ տարրական տրամաբանություն, բանականություն ունեցող ցանկացած մարդ այն, ինչ կատարվում է մեր երկրում, նմանեցնում է սարսափ ֆիլմի: «Ես այնպիսի տպավորություն ունեմ, թե մի խելահեղ ռեժիսոր, հոգեկան հիվանդ, գուցեեւ՝ խմած, մի ֆիլմ է ստեղծել, եւ ստիպողաբար մենք պիտի դա նայենք»,-ասում է նա:

Տիկին Դարբինյանը նաեւ խիստ կասկածում է, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններ կլինեն: «Գիտե՞ք, ես մեծ կասկածներ ունեմ, որ նա (Նիկոլ Փաշինյանը -Ա. Հ.), մի բան կհնարի ու կհրաժարվի: Չէ՞ որ տեսնում ենք, որ նա քողարկված ընտրարշավ է կազմակերպել՝ նաեւ փորձելով հասկանալ իրավիճակը: Տեսեք ինչ է կատարվում: Մարզեր հանդիպումների գնալիս, նա երեխաներին նվերներ է տանում, որովհետեւ արդեն գիտի, որ երեխաներն ավելի շատ են լինելու, քան չափահաս մարդիկ: Այսինքն, դա նախապատրաստված է:

Կամ ի՞նչ է նշանակում բանակի, այսպես կոչված, բարեփոխումները, որ առաջարկում է: Սա ի՞նչ է, եթե ոչ քողարկված կաշառք: Ինչո՞ւ ոչ: Ի դեպ, բանակաշինության մասին: Մեծն ռազմագետ տիկնոջ եւ «Էրատո» խմբի մասին իմ հարցազրույցներից մեկում ասել եմ՝ մարդ պետք է կատարյալ անհեթեթ լինի, որ 21-րդ դարում կանանց բաժանի գնդացիրներ եւ գետնին թավալ գա բայրաքթարների տակ: Կամ, որ առաջարկվում է հինգ տարին մեկ երեք ամսով ծառայել: Այդ գաղափարի հեղինակին առաջարկում եմ՝ ինքը վերցնի երեք ամսվա մայկա-տրուսիկ, մի երեք արկղ ելակ ու ինքը, կամ իրենք մեկնեն:

Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ էլ զարմացել էի, որ շատ լուրջ դեմքով հարց բարձրացրին ժամանակակից մեծ գերեզմաններ ստեղծելու մասին: Այսինքն, ի՞նչն է Հայաստանում ամենից շատ «բարգավաճում»: Գերեզմանները: Ու լուրջ դեմքով ասում էին, թե էկոհամակարգն է վտանգված ու ավելի ժամանակակից, անվտանգ գերեզմաններ են պետք: Տեսեք, թե ինչի մասին են մտածում երկրի ղեկավարները»,-ասաց Արմինա Դարբինյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930