Eurasianet.org կայքում հրապարակվել է ադրբեջանցի լրագրող Բահրուզ Սամեդովի՝ «Ավտորիտարիզմն Ադրբեջանում և Բաքվի «Ռազմավարի պուրակը»» վերտառությամբ հոդվածը, որը որոշակի կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի հետ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ընդդիմության և քաղհասարակության շատ ներկայացուցիչներ լուռ հույսեր էին փայփայում, որ Ադրբեջանի հաղթանակից հետո ավտորիտար համակարգի ամբողջ տրամաբանությունը կփոխվի: Սատարելով իշխանությանը և անգամ հարձակումների ենթարկվելով այն քիչ քաղաքացիներին, որոնք դեմ էին հանդես գալիս պատերազմին` նրանք, կարծես թե, միաժամանակ ազգային հաշտության որոշակի հույսեր ունեին, թե եկել է ժամանակը, երբ հանրությունը կկարողանա սկսել առավել ակտիվ դերակատարություն ունենալ երկրի կառավարման գործում:
Բայց այդպես չեղավ: Նախագահ Իլհամ Ալիևը չդադարեց երկրի հիմնական ընդդիմության վրա հարձակումները և նրան ապալեգիտիմացնելու փորձերը, կիրառում է նույն ռեպրեսիվ մեթոդները և երկրի քաղաքական համակարգի վերակազմավորման որևէ նշան չի ցուցաբերում:
Օրերս Բաքվում բացված «Ռազմավարի պուրակը», որի մռայլ ցուցանմուշների շարքում ներառված են հայ զինվորների սաղավարտներ և նրանց սարկաստիկ մանեկեններ, շատերին է ցնցել: Այստեղ կատարվող թշնամու դեհումանիզացիան բացահայտում է այն օտարացման տրամաբանությունը, որն Ադրբեջանում տիրում էր տասնամյակներ շարունակ. թշնամին՝ ներքին, թե արտաքին, պետք է ոչնչացվի:
Կարդացեք նաև
Ըստ այդ տրամաբանության՝ եթե արտաքին թշնամին ֆիզիկական ոչնչացման է արժանի, ապա երկրի ընդդիմությունը (հատկապես դրա այն հատվածը, որը մերժում է իշխող կուսակցության լեգիտիմությունը) բախվում է ճնշումների ամեն անգամ, երբ փորձում է իր մասին հիշեցնել: Վերջերս նման բանի մենք ականատես եղանք, երբ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջամիլ Հասանլիի դուստրը համացանցում սեռական հետապնդման էր ենթարկվում: Կամ Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության առաջնորդի դեպքը. վերջին մեկ տարվա ընթացքում նրա մուտքը համացանց բազմիցս արգելափակվել է: Քաղհասարակության խմբերին արգելված է դրամաշնորհներ ստանալ արտասահմանից:
2014թ. Ադրբեջանի քաղհասարակության վրա դաժան բռնաճնշումների ալիք բարձրացավ՝ բազմաթիվ ակտիվ անդամներ բանտարկվեցին և ազատ արձակվեցին միայն 2-3 տարի հետո: Շատերը ռիսկային ու անտանելի էին համարում Ադրբեջանում մնալը և արտագաղթում էին: Նրանք, ովքեր մնացին, փոխեցին ուղղվածությունը դեպի առավել անվտանգ ծրագրեր, մասնավորապես խաղաղաշինության դաշտ: Այնուամենայնիվ, անցյալ տարի նրանցից շատերը խանդավառությամբ զբաղեցրին ռազմատենչ դիրքորոշում:
Նրանք անկեղծորեն վստահ էին, որ դա արդար պատերազմ է հանուն ազգի, և ոչ թե Ալիևի վարչակարգի: Դա զարմացրեց միջազգային դիտորդներին, քանի որ ի տարբերություն մշտապես ազգայնական տրամադրություններով քաղաքական ընդդիմության՝ քաղհասարակության այդ խմբերը հայտարարում էին, որ առաջնորդվում են լիբերալ արժեքներով: Նրանց մի մասը զուսպ պաշտպանում էր պատերազմը՝ պատճառաբանելով, որ դա է պնդում հասարակությունը, կամ որ Բաքուն այլ տարբերակ չունի՝ հայկական կողմի՝ զիջումների գնալու ցանկության բացակայության տասնամյակներից հետո: Իսկ ոմանք զբաղեցրին ագրեսիվ, ազգայնական դիրքորոշում և այնքան հեռու գնացին, որ սկսեցին խաղաղարար ակտիվիստների փոքրիկ խմբին մեղադրել նրանում, որ այդպիսով նրանք բավարարում են իրենց օտարերկրյա դրամաշնորհները:
Երկու դեպքերում էլ նրանք առաջնորդվում էին հասարակության մեջ գերիշխող այն գաղափարով, որը մեր մեջ ներարկվում է դպրոցում ուսուցման առաջին տարիներից՝ Լեռնային Ղարաբաղի մոլուցքը: Միամիտ կլիներ սպասել, որ հաղթանակը կփոխի իրավիճակը և վերջ կդնի թշնամությանն ու դեհումանիզացիային, որը և ծնել է այդ մոլուցքը:
Պատերազմի ընթացքում Ալիևը բացահայտորեն հայ զինվորներին անվանում էր «շներ», իսկ «մենք նրանց կվտարենք, ինչպես շների» արտահայտությունը խանդավառությամբ ընդունվեց քաղհասարակության կողմից և ընդդիմադիր շրջանակներում: Իսկ հիմա նույն մականունն օգտագործվում է հենց իրենց նկատմամբ: Ապրիլի 12-ին պուրակի բացման արարողությանը Ալիևը 1990-ականների պաշտոնյաներին անվանեց «շներ», որոնք «պատասխանատվություն են կրում Շուշիի և Լաչինի օկուպացման համար»:
Պատերազմից հետո մի իրավիճակում, որտեղ տեղ չունեն այլախոհությանը և գերիշխող ազգայնական թեզերի հետ անհամաձայնությունը, ընդդիմությանը և քաղհասարակությունը մնացել են միայն երկրորդական հարցեր, որոնց շուրջ նրանք կարող են իրենց կարծիքը հայտնել: Թեմաներից մեկը, որից նրանք կառչել են, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հետ անհամաձայնությունն է: Բայց Բաքվում ռուսական դեսպանատան դիմաց ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կազմակերպած վերջին բողոքի ակցիային ցածր մասնակցությունը ցույց է տալիս, թե որքան ոչ արդիական է այդ հարցը ադրբեջանցիների մեծամասնության համար:
Հայերի նկատմամբ ատելությունը բնական կամ գենետիկորեն ժառանգված չէ, այլ ստեղծվում է, մշտապես թեժացվում և խրախուսվում երկրի էլիտաների կողմից: Ոչ վաղ անցյալում՝ 2010թ., հայերի կաթողիկոս Գարեգին 2-րդը ժամանել էր Բաքու, հանդիպել Ալիևի հետ և աղոթել հայկական լքված եկեղեցում:
Հայաստանի և Ադրբեջանի հանրային մտավորականները բացահայտ կերպով պարբերաբար այցելում էին միմյանց մայրաքաղաքներ, բայց այդպիսի վերջին այցը 2009թ-ին էր:
Այս պահին իշխող վարչակազմը, առավել շատ, քան երբևէ, կարիք չունի հաշտության ո՛չ իր լեգիտիմությունը մերժող ընդդիմադիր կուսակցությունների և քաղհասարակության խմբերի հետ, ո՛չ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ: Վերջինը պահանջում է գոնե որոշակի աստիճանի ժողովրդավարացում և բարեփոխումների անցկացում, իսկ դա իր հերթին ենթադրում է քաղհասարակության առավել լայն ներգրավվածություն և ակտիվացում: Կա ռիսկ, որ դա վրդովմունք առաջ կբերի մարդկանց շրջանում, որոնք ադրբեջանական ազգային ինքնության գաղափարի հիմքում դրել են հայերի նկատմամբ թշնամանքը և նրանց դեհումանիզացիան: Իսկ իշխանությունների ինչի՞ն է դա պետք:
Որոշ կեղծ ընդդիմադիր խմբեր օգուտներ քաղեցին ստեղծված իրավիճակից և զբաղեցրին գաղափարական նշաձողը՝ կասկածի տակ չդնելով կառավարության լեգիտիմությունը: Ամենավառ օրինակներից մեկը Թուրալ Աբասլին էր AG կուսակցությունից, որը ստեղծվել է Թուրքիայի ԱԶԿ կուսակցության նմանությամբ, որի ղեկավարը Ռեջեբ Թայիփ Էրդողանն է: 38-ամյա Աբասլին ընդօրինակել է Էրդողանի աջ, ազգային պոպուլիստական մոդելը՝ իրեն հայտարարելով «անձայնների ձայնը»: Նա արագ հայտնի դարձավ՝ շնորհիվ Facebook-ում ու TikTok-ում տեղադրված մի տեսանյութի, որում խիստ քննադատում էր պետական պաշտոնյաներին կոռուպցիայի համար և սոցիալական արդարություն պահանջում նրանց համար, ում նա համարում է «հասարակ մարդիկ»:
Եվս մեկ ընդդիմադիր խումբ՝ «Հանրապետական այլընտրանքային կուսակցությունը» (ReAl) հրաժարվեց նախկինում որդեգրած առաջադիմական, արևմտամետ կերպարից և զբաղեցրեց բացահայտ աջ դիրքորոշում: Կուսակցության առաջնորդ Իլղար Մամեդովը Աբասլիի հետ անգամ ավելի հեռու գնացին, քան իշխանությունները. նրանք իրրեդենտիկ հայտարարություններ արեցին Հայաստանի հարավային Սյունիքի մարզի մասին:
Համեմատության համար տեսեք, թե ինչ տեղի ունեցավ, երբ ադրբեջանցի ֆեմինիստների մի խումբ փորձեց կազմակերպել երթ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Բացի ոստիկանության նախազգուշացումներից, որ իրենց չի թույլատրվի անցկացնել այդ երթը, նրանք սպառնալիքներ ստացան նաև ծայրահեղ ազգայնականներից, ինչի հետևանքով ցույցը զգալիորեն ավելի փոքր էր, քան անցյալ տարվա միջոցառումը: Ոստիկանությունը բերման ենթարկեց մոտ 30 մասնակիցների:
Այս ամենի ֆոնին «Ռազմավարի պուրակի» բացումը չպետք է մեզ մոտ զարմանք առաջացնի: Դրա ստեղծումը միանգամային տեղավորվում է ադրբեջանական պետության մեջ գերիշխող տրամաբանության շրջանակում. ավտորիտարիզմ ներսում և դրսում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ