Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ի եվրոպացի պատվիրակները կոչ արեցին Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. ռուսները լուռ էին

Ապրիլ 20,2021 21:10

Քիչ առաջ ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ընթացիկ հարցերի քննարկման ընթացակարգով հայ ռազմագերիների հարցով քննարկումը:

Այն տևեց շուրջ 50 րոպե: Ելույթներով հանդես եկան ԵԽԽՎ քաղաքական խմբերի ներկայացուցիչները, եվրոպացի պատվիրակներ: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության յոթ անդամներ գրանցվել էին ելույթի համար, իսկ ռուս պատվիրակներից ոչ մեկը չէր գրանցվել:

Հիշեցնենք՝ ԵԽԽՎ կայքում տեղադրված քվեարկության արդյունքներից պարզ էր դարձել, որ հայ ռազմագերիների հարցով ընթացիկ քննարկում կազմակերպելու առաջարկին ռուսական պատվիրակության անդամները կամ «դեմ» էին քվեարկել, կամ «ձեռնպահ»:

Քննարկման ընթացքում ԵԽԽՎ Բյուրոյի անունից ելույթ ունեցավ Ալան Միլոնը: Նա հավաստիացրեց՝ այս քննարկումը կազմակերպելով իրենց նպատակը չէ խոչընդոտներ ստեղծել խաղաղության հաստատման հարցում, այլ ԵԽԽՎ-ն իր մանդատի շրջանակներում պարտավոր էր նման քննարկում կազմակերպել, քանի որ գերիների վերադարձի հարցն առաջին հերթին մարդասիրական իրավունքի առարկա է: Նա նաև հիշեցրեց, որ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ պահանջները:

ԵԽԽՎ բոլոր խմբերի ներկայացուցիչները միաձայն պահանջեցին, որ Ադրբեջանն անհապաղ վերադարձնի հայ ռազմագերիներին և կատարի ՄԻԵԴ պահանջը:

Նրանք հայտարարեցին՝ արդեն հաստատված է այն փաստը, որ այդ անձինք ռազմագերիներ են, դա վկայող բազում տեսանյութեր կան, որոնցում երևում է, թե ինչպես են նրանք արժանանում վատ վերաբերմունքի Ադրբեջանի կողմից:

Եվրոպացի պատվիրակների քննադատություններին  ակտիվորեն ընդդիմանում էին ադրբեջանցիները, նշելով, թե իբր ՀՀ-ի Շիրակի մարզից ահաբեկիչներ են գնացել Արցախ ու կռվել իրենց դեմ, նաեւ բողոքում էին, թե ինչու էր ԵԽԽՎ-ն լուռ ադրբեջանցի միլիոնավոր փախստականների հարցով:

Ադրբեջանցի պատվիրակներից Քամալ Ջաֆարովն էլ ասաց՝ հիասթափված է, որ Վեհաժողովը կողմ քվեարկեց այս թեմայով քննարկում կազմակերպելու առաջարկին ու նշեց. «Կարծում եմ այս թեման վեհաժողովի օրակարգ բերելով՝ հայկական պատվիրակությունը քաղաքական նպատակ է հետապնդում: Հայաստանում շուտով կլինեն ընտրություններ, և նրանք ուզում են ցույց տալ, թե իբր դեռ կարող են օգտակար լինել, մինչդեռ օգտագործում են այս հարթակը և մարդկային ճակատագրերը»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ և վերջում, դիմելով Ադրբեջանին, ասաց. «Դուք ագրեսո՞ր եք, թե ԵԽ անդամ»:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, դիմելով ԵԽԽՎ գործընկերներին, հայտարարեց. «Երբևէ ձեզ կոչե՞լ են շուն, ինձ ու իմ գործընկերներին՝ այո: Մի քանի ամիս առաջ Իլհամ Ալիևն ասում էր, որ իրենք հայերին շղթայում են, ինչպես շներին: Երբևէ ձեզ մտավոր հիվանդ կոչե՞լ են, մեզ՝ այո: Նորից Ալիևը հայտարարեց, որ հայ հասարակությունը հիվանդ է: Երբևէ տեսե՞լ եք, որ ձեր կրոնական ժառանգությունն ուղիղ եթերում ոչնչացվի: Մենք տեսել ենք, տեսել ենք նաև Մադամ Տյուսոյի՝ ռասիստական մոտեցմամբ ցուցադրություն, որը Բաքվում բացեց Իլհամ Ալիևը և որտեղ հայ զինվորների մանեկենները ներկայացված էին շղթայված, դեմքի սարսափելի արտահայտությամբ»:

Նշենք, որ հայ ռազմագերիների հարցով քննարկումից հետո որևէ փաստաթուղթ կամ բանաձև չընդունվեց:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930