Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետերին ազատելուց հետո վարչապետը գալի՞ս է Սյունիք

Ապրիլ 20,2021 21:00

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով այսօր՝ ապրիլի 20-ին, կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Սյունիքի մարզի վարչությունում եւ բաժանմունքներում։  Միանգամից աշխատանքից ազատվել են մարզային վարչության պետը, պետի տեղակալը, Գորիսի, Սիսիանի, Կապանի բաժինների պետերը։

Նույն օրն էլ նոր նշանակումներ են եղել։ Այսպես, ՀՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության գնդապետ Ալիկ Հակոբյանն ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը։

Սերգո Մարկոսյանն ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետի պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ։ Ոստիկանության փոխգնդապետ Ալեն Կարապետյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ գտնվում էր ոստիկանության կադրերի ռեզերվում։

Գնդապետ Զորի Վարդանյանն ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը։ Դավիթ Հովհաննիսյանն էլ  ազատվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից:

Ըստ մեր աղբյուրների՝ ազատման պատճառը աշխատանքում թերացումներ են։

Ի դեպ, ոստիկանության Սյունիքի մարզային նախկին պետ  Ալիկ Հակոբյանը, երբ նշանակվեց պաշտոնում, իր հետ բերեց յուրայիններին, այդ իսկ պատճառով նրա թիմը միանգամից նրա հետ հեռացավ։

Ազատումների այս ֆոնին հետաքրքիր է այն, որ աշխատանքային այցով Սյունիքում է ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանը, իսկ վաղը Սյունիքի մարզում կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի այցը դեռեւս պաշտոնական աղբյուրները գաղտնի են պահում։

Ի դեպ, վարչապետի այցից առաջ, Սյունիքի Ներքին Հանդ ու Կաղնուտ համայնքների բնակիչներին  ՀՀ կառավարության կողմից անհատույց 3 տարի օգտագործման պայմանով տրամադրվեց 25 մոտոբլոկ՝ կցորդիչներով։

Դրանք հատկացվել են  այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են այդ գյուղերում եւ ունեն անդամներ, որոնք կարող են օգտագործել տեխնիկան․, իսկ նրանք պարտավորվել են ստացածը կիրառել նաեւ գյուղի մյուս տնտեսությունների հողերը մշակելիս։ Այս մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930