Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մամուլն ազատ է, բայց բևեռացված. «Լրագրողներ առանց սահմանների»-ն հրապարակել է 2021թ. համաթիվը

Ապրիլ 20,2021 17:41

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության 2021թ. համաթիվը, որում Հայաստանը նահանջել է երկու հորիզոնականով:

Այսպես, վարկանիշային աղյուսակով 180 երկրների շարքում Հայաստանը 28.83 միավորով զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը, այն դեպքում, երբ նախորդ տարվա աղյուսակում Հայաստանը 61-րդ տեղում էր: Հատկանշական է, որ 61-րդ հորիզոնականում (28.60 միավոր) Հայաստանը եղել է նաև 2019թ. զեկույցում:

Հայաստանի հարևան երկրներից առավել բարձր՝60-րդ հորիզոնականում Վրաստանն է՝ 28.64 միավորով: Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը 167-րդ տեղում է (58.77 միավոր), Ռուսաստանը 150-րդ տեղում (48.71 միավոր), Թուրքիան՝ 153-րդ (49.79):

Զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ հատվածում նշվում է, որ Հայաստանում մամուլը բազմազան է, բայց «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած կառավարությունը չի կարողացել նվազեցնել մամուլի բևեռացումը: Հայաստանում հիմնական հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությունը համընկնում է նրանց սեփականատերերի շահերի հետ: Առայժմ որևէ ձևով չի հաջողվել հասնել մամուլի սեփականատիրության կարգավորմանը և լրատվական անկախության, ինչն ավելի է խստացվել 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված արտակարգ դրության ընթացքում:

Մյուս կողմից, լրագրողները շարունակում են թիրախավորվել որոշակի քաղաքական խմբերի կողմից: Մասնավորապես, զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ նոյեմբերի 10-ին հրադադարի հաստատումից կարճ ժամանակ անց հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանը: Մտահոգությունների տեղիք է տալիս նաև լրագրողների դեմ ընթացող դատական գործընթացների ծավալը, ինչպես նաև մեծ չափերի հասնող կեղծ լուրերը:

Անհանգստության տեղիք է տալիս անվտանգության ծառայությունների ներգրավվածությունը ապատեղեկատվության դեմ պայքարում և այդ ոլորտում օրենքներ ընդունելու փորձերը՝ առանց գաղափարականության և լրագրողների հետ նախնական քննարկումների: Բայց առցանց տիրույթում հետաքննական լրագրությունը ծաղկում է, և դա կարող է մեծ դերակատարություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարում, կարծում են զեկույցի հեղինակները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930