Ռուսաստանի Դաշնությունը խստացնում է իր երկրի միգրացիոն քաղաքականությունը։ ՌԴ-ում անօրինական գտնվող քաղաքացիները պետք լքեն այդ երկրի տարածքը մինչեւ հունիսի 15-ը, հակառակ դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն։ Այս խստացումները տարածվելու են ՌԴ-ում գտնվող 61 հազար ՀՀ քաղաքացու վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարությունը։
Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանն ասաց, որ կան նաեւ ավելի կոշտ խստացումներ, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 7-ից․ օտարերկրյա փոխադրողը կամ նրա ներկայացուցիչը այդ երկրի սահմանը հատելիս, եթե ունենա տուգանքներ, ապա այն պետք վճարի երեք ժամում, հակառակ դեպքում նրա մուտքը կարգելվի այդ երկիր։
Կարդացեք նաև
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացայի ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանն էլ նշեց, որ ՌԴ-ում կատարվող այս քաղաքականության մեջ կան նաեւ որոշակի դրական փոփոխություններ, սակայն հիմնականը կոշտ փոփոխություններ են։ Նա չբացառեց, որ 61 հազարից ավելի ՀՀ քաղաքացու վրա ազդեն այս խիստ կարգավորումները․ «Իմ կարծիքով՝ այդ թիվը երկու-երեք անգամ ավելի կարող է լինել: Նրանք այն քաղաքացիներն են, որոնք ունեն միգրացիոն հաշվառման ժամկետի, միգուցե մուտքի հետ կապված խախտում: Հնարավոր է՝ չունեն աշխատանքային պայմանագիր եւ բազայում երեւում է, որ անօրինական են գտնվում: Ենթադրվում է, որ այդ քաղաքացիներն այս կամ այն խախտումների համար ձեռք են բերել մուտքի արգելք: Եվ եթե ժամանակին չեն բողոքարկել դա, ապա նշանակում է, որ անօրինական են գտնվում ՌԴ-ում: Մնում է ՌԴ տարածքը լքելը»։
Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ ըստ այդ խստացումների, տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա մեջ ՌԴ-ում ԱՊՀ երկրների քաղաքացիներն առանց թույլտվության փաստաթղթերի կարող են գտնվել 90 օր, այս ժամկետը նոր կարգավորումներով կրճատվում է վեց անգամ, այսինքն` ընդամենը 30 օր կարող են ՌԴ-ում առանց թույլտվության գտնվել։ Եթե օտարերկրացին գործուղման պետք է մեկնի տարվա մեջ 30 օրից ավելի ժամկետով, նրա վրա չի տարածվում այս մեթոդը, եւ նա ստիպված է լինելու անցնել կարճաժամկետ գտնվելու ռեժիմին, այսինքն, նա պետք է անցնի բուժզննում, թողնի մատնահետք, ունենա կամավոր բժշկական ապահովագրություն, հանձնի ռուսաց լեզվի, պատմության եւ մշակույթի քննություն, ձեւակերպի ID քարտ չիպով, որին պետք է հետեւեն գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգով։
Իսկ դրական փոփոխությունն այն է, ինչպես տիկին Բեժանյանն ասաց, որ երկարաժամկետ գտնվելը կլինի առանց ժամկետի սահմանափակման եւ սահմանահատման կետում միգրացիոն քարտի այցի նպատակը բաժնում կատարել փոփոխություն․ «Ներկայումս, եթե մուտք ենք գործում ՌԴ, սահմանին միգրացիոն քարտ են տալիս, որտեղ այցի նպատակը բաժնում, եթե չենք լրացնում աշխատանք բառը, օրինակ` լրացնում ենք մասնավոր այց կամ այլ բան, այս դեպքում որեւէ կերպ չենք կարող աշխատել, որեւէ մեկը աշխատանքային պայմանագիր չի կնքի ու աշխատանքային միգրանտ չեն դիտարկի։ Այս փոփոխությամբ կարելի է առանց սահմանը հատելու՝ երկրի ներսում այցի նպատակը բաժնում լրացնել աշխատանք։ Բայց, միգրանտն անպայման պետք է ձեւակերպի ID քարտ եւ ստորագրի լոյալության մասին համաձայնագիր, հակառակ դեպքում թույլ չեն տա մուտք գործել կամ գործունեություն ծավալել այդ երկրում։ Սա նշանակում է, որ լոյալության համաձայնագիր են ստորագրելու ՌԴ վարած քաղաքականության նկատմամբ»։
Տիկին Բեժանյանի խոսքով՝ մեկ այլ առաջարկվող փոփոխությամբ, աշխատանքային միգրանտի համար շատ բարդ է լինելու է տեղում աշխատանքը փոխելը, օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են լինելու գրանցվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեեստրում, իսկ գործատուն պարտավոր է գրանցվել գործատուների եւ ձեռնարկատերերի էլեկտրոնային ռեեստրում եւ ահա այդ ճանապարհով հնարավոր կլինի աշխատանքի անցնել․ «Ու եթե, օրինակ, շինարարությունում աշխատող բանվորը խնդիրներ ունի՝ չեն վճարում, պայմանները լավը չեն ու ցանկանում է տեղում փոխել աշխատանքը, ապա դա շատ բարդ է լինելու: Նա չի կարողանալու հարեւանությամբ գտնվող հացի փռում անցնել աշխատանքի որպես հացթուխ, որովհետեւ ռեեստրում չի գրանցվել այդ գործի համար: Այսինքն՝ անհնարինության է հասնում աշխատանքը, անգամ տարածաշրջանը փոխելը»։
Տաթեւիկ Բեժանյանի ներկայացմամբ՝ այսօր ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացին կացության կարգավիճակով, եթե իր իրական բնակության վայրից յոթ օրից ավել բացակայի, հայտնաբերման դեպքում մուտքի արգելք կունենա, իր գտնվելու վայրից իրավունք չունի յոթ օրից ավել բացակայել․ «Հիմա դա դժվար է բացահայտելը, բայց ակնկալվում է, որ նոր օրենսդրությամբ արբանյակային համակարգով վերահսկելու են՝ հյուր գնալ չի կարելի ութ օրով, ամեն ինչ պետք է անի յոթ օրվա մեջ»։
ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ունենում են կացության կարգավիճակ կամ ժամանակավոր գտնվելու ռեժիմ, այսօր նրանք ունեն որոշակի արտոնություններ․ «Այսինքն, կացության դեպքում մեկ անգամ եւ անժամկետ է տրվում, ժամանակավորը՝ երեք տարով։ Նոր փոփոխությամբ այս ամենն ամեն տարի պիտի ձեւակերպեն։ Կացության դեպքում անձինք սոցիալական որոշակի իրավունքներից են օգտվում, կարող են 180 օր բացակայել երկրից, իսկ նոր փոփոխությամբ ոչ միայն սահմանափակված են լինելու փաստաթղթի տրամադրման տարածքով, այլեւ՝ երկիրը լքելուց հետո շարունակելու են վճարել հարկերը։ Սա վերաբերում է նաեւ երկարաժամկետ գտնվելու եւ կացություն ունեցող անձանց, որոնք աշխատելու նպատակով են ՌԴ-ում»։
Բացի այս, հանրային քննարկումների մեջ գտնվող մի շարք այլ փոփոխություններ նախատեսող փաթեթն առաջիկայում կմտնի ՌԴ օրենսդիր մարմին: Ըստ տիկին Բեժանյանի, այս փաթեթով առաջարկվող փոփոխություններով ավելի խիստ պայմաններ են սահմանվում, ինչի հետեւանքով միգրանտները շատ լուրջ դժվարությունների առաջ են կանգնելու:
Բանախոսներն ասացին, որ մեր քաղաքացիները կարող են դիմել ՀՀ միգրացիոն ծառայություն ու «Հայկական Կարիտաս» ՀԿ՝ ցանկացած խորհրդատվություն ստանալու։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ