Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում հեռավար կարգով ելույթի ժամանակ անդրադարձավ նաև ղարաբաղյան հակամարտությանը:
Նա, մասնավորապես հայտարարեց. «Իրավիճակը Բելառուսում, Ուկրաինայի արևելքում և Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում և, իհարկե, Սիրիայում և Լիբիայում, առավել քան անհանգստացնող է»:
Այնուհետև հավելեց. «Այս բոլոր տեղերում մենք տեսնում ենք, որ մարդու հիմնարար իրավունքները և նաև մամուլի ազատությունը ճնշումների են ենթարկվում»:
Ղրիմի հարցն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մեկ հարթության վրա դնելով՝ Անգելա Մերկելը հայտարարեց. «Մեր հիմնարար իրավունքներին հակասում է, երբ ինքնիշխանությունը և պետությունների տարածքային ամբողջականությունը հարցականի տակ են դրվում և արհամարհվում են, ինչը մենք տեսնում ենք Ղրիմում և Լեռնային Ղարաբաղում: Այս հարցում ԵԽ-ն կարող է որոշիչ դերակատարություն ունենալ, բայց միայն այն դեպքում, երբ եվրոպական ինստիտուտները սերտորեն համագործակցեն»:
Կարդացեք նաև
Նա նաև մտահոգություն հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված կամ շատ դանդաղ, կամ ընդհանրապես չեն իրագործվում:
Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին Անգելա Մերկելն ասաց՝ թեև տարաձայնություններին, պետք է Ռուսաստանի հետ պահպանել երկխոսությունը: Ու նշեց. «Գերմանիան և Ֆրանսիան Ուկրաինայի հետ կատարվածի առիթով և Ղրիմի բռնակցման հարցով ստեղծեցին Մինսկի ձևաչափը, որտեղ մենք պաշտպանում ենք Ուկրաինայի շահերը: Չէ՞ որ Ուկրաինայի հարավում իրավիճակը չափազանց լարված է, հատկապես, որ ՌԴ-ն զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանին: Բայց մենք ՌԴ-ի հետ պետք է մնանք երկխոսության մեջ»:
Գերմանիայի կանցլերը նաև կարևորեց ռուսական գազի համար Ուկրաինայի՝ որպես տարանցիկ գոտի պահպանելու անհրաժեշտությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ