Լրահոս
Օրվա լրահոսը

«Որքան էլ Էրդողանն ու Չավուշօղլուն հոխորտում են, թե դա իրենց վրա որեւէ կերպ չի ազդում, ստում են՝ շատ է ազդում»․ Արմեն Մարուքյան

Ապրիլ 20,2021 17:02

 «Ամենավատ իրականության մեջ կարող էի պատկերացնել, որ հայ իրականության մեջ կարող է քննարկվել, թե հայոց ցեղասպանության ճանաչումն ինչ է մեզ տալու, բայց, ցավոք, այդ վատ երազն իրականություն է»,-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած՝ «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը։

«Կարծիք է հնչում, թե հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը շահարկում են գերտերությունները, մենք էլ շահարկման զոհ ենք դառնում։ Այս կարծիքներին պարզ պատասխան պետք է տրվի՝ իսկ ի՞նչ էիք ուզում․ իհարկե, պետք է շահարկվի։ Այն շահարկվում է Բեռլինի կոնգրեսից սկսած։ Այսինքն, խնդիրը մշտապես է շահարկվել է եւ շահարկվում է, պետք է գիտակցենք դա»,-նշեց նա։

Արմեն Մարուքյանի գնահատմամբ՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ ավելանում է ճնշումը հանցավոր պետության հանդեպ․ «Որքան էլ Էրդողանն ու Չավուշօղլուն հոխորտում են, թե դա իրենց վրա որեւէ կերպ չի ազդում, ստում են՝ շատ է ազդում։ Եթե չազդեր, այսօր իրենք գիտաժողով չէին հրավիրի։ Եթե չազդեր, Էրդողանի խորհրդականը Ջո Բայդենի անվտանգության հարցերով խորհրդականի հետ հանդիպում չէր ունենա ու չէր ներկայացնի թուրքական հակափաստարկներն այն մասին, որ Ջո Բայդենն ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չպետք է արտասանի։ Թուրք գործընկերներին հիշեցնեմ, որ թուրքական պետությունը փաստացի ճանաչել է հայոց ցեղասպանությունը 1918թ․ նոյեմբերին, երբ Օսմանյան խորհրդարանի դահլիճում ընդունվել են կարեւոր որոշումներ։ Չեղարկվել է տեղահանության մասին օրենքը, որը ցեղասպանական քաղաքականությանն իրավական տեսք տալու փաստաթուղթ էր։ Այնուհետեւ նոր թուրքական կառավարությունը վստահության քվե չի ստացել խորհրդարանից, որովհետեւ հստակ դիրքորոշում չի հայտնել հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ։ Այս բոլոր փաստաթղթերը հետագայում փոխանցվել են թուրքական ռազմական տրիբունալին»։

Ապա Արմեն Մարուքյանը ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ արեց «ցեղասպանության ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգում է» բնույթի հերթապահ հայտարարության անելու փոխարեն նաեւ կատարել հետեւյալ կարեւոր նորամուծությունը քարոզչական դաշտում եւ տեղեկատվական պատերազմում՝ մենք պայքարում ենք ոչ թե Թուրքիայի կողմի հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, այլ Թուրքիայի կողմից նախկին ճանաչումները վերահաստատելու համար։ «Երբ կատարում ենք նման շեշտադրում, Էրդողանին հարկադրում ենք վերադառնալ Օսմանյան Թուրքիայի ժամանակներ եւ պարզաբանումներ տալ Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի որոշումներին։ Սա ուղերձ է նաեւ միջազգային հանրությանը, որ թուրքական պետությունը գործնականում կատարել է ճանաչում, եւ հիմա խոսքը վերահաստատման մասին է»,-շեշտեց պատմաբանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930