Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սահմանին կանգնած զինվորն ամեն ինչի պատրաստ է հանուն հայրենիքի». կամավորագրված ապագա օրթոպեդ-վնասվածքաբանն օր ու գիշեր աշխատելով տեսել և սովորել է այն, ինչ հնարավոր չէր պատկերացնել

Ապրիլ 20,2021 17:06

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատերազմի ընթացքում ԵՊԲՀ սովորողների ներգրավվածությունը հայրենիքի պաշտպաններին բուժօգնություն ցույց տալու գործին ևս մեկ անգամ վերահաստատում է, որ բժիշկը կոչված է բուժել ու փրկել կյանքեր ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի ժամանակ:

Նրանցից շատերը կամավորագրվել են պատերազմի առաջին օրը` գիտակցելով՝ ուր են գնում, ինչ նպատակով: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա մասնագիտությամբ 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Գարիկ Բալայանն Արցախի դեմ սկսած պատերազմի մասին լուրն իմանալուն պես` առանց երկմտելու, կամավորագրվել է և սեպտեմբերի 27-ին մի խումբ բժիշկների հետ տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն: Քանի որ Գորիսի հիվանդանոցն արդեն համալրված էր մասնագետներով, նրանց առաջարկում են միանալ շտապօգնության թիմին և տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն: «Ամենադժվարը պատերազմի առաջին օրերն էին. միաժամանակ 60-ից 70 վիրավոր էին տեղափոխում, որոնց ըստ անհրաժեշտության ուղարկում էինք համապատասխան բաժանմունքներ: Նրանք այնպիսի վնասվածքներ ունեին, ինչպիսիք մենք նախկինում չէինք տեսել: Դրանք հիմնականում՝ բեկորային, բազմաբեկորային, ցածր արագություն ունեցող տրավմաներ էին:

Փամփուշտային վիրավորում, գրեթե, չենք հանդիպել»,- նշում է ապագա օրթոպեդ-վնասվածքաբանը` ավելացնելով, որ ամենածանր օրը Շուշի քաղաքի ռմբակոծության օրն էր, երբ հիվանդանոցը միաժամանակ ընդունել է 200-ից 300 վիրավոր: «Կատարում էինք ցանկացած հնարավոր գործ, որը կարող էր նպաստել աշխատանքի արագ և արդյունավետ կազմակերպմանը»,-հավելում է օրդինատորը:

Մասնագիտական կայացման ճանապարհին կանգնած սովորողը պատերազմի օրերին գտնվել է մի միջավայրում, որտեղ ականատես է եղել այնպիսի վնասվածքների և վիրավորումների, որոնց այլ պայմաններում դժվար թե երբևէ հանդիպեր: «Առանձնահատկությունն այն էր, որ բժիշկների աշխատանքը ոչ թե անհատական էր, այլ ցանկացած իրավիճակներում պահանջվում էր թիմային աշխատանք՝ տարբեր մասնագետների ներգրավվածությամբ»,-փաստում է կամավորագրված սովորողը` ընդգծելով` չնայած գերլարված աշխատանքին` անհրաժեշտություն էր առաջանում կարդալ մասնագիտական գրականություն՝ սխալներից ու բացթողումներից խուսափելու համար: «Ինչպես ասվում է՝ պատերազմում արագ են սովորում: Ցանկացած բան, ինչը չգիտեինք և հնարավոր չէր պատկերացնել, սովորեցինք օր ու գիշեր՝ 24 ժամ, աշխատելու արդյունքում»,-ավելացնում է նա:

Գարիկ Բալայանն ընտրել է բժշկի մասնագիտությունը` հետևելով ծնողների օրինակին: Թեպետ երազում էր ստոմատոլոգ դառնալու մասին, սակայն ընդունվելով Ընդհանուր բժշկության ֆակուլտետ` փոխել է որոշումը՝ հետագայում ընտրելով այնպիսի մասնագիտացում, որն օգնում է հիվանդին արագ ոտքի կանգնել:

Ապագա վնասվածքաբան-օրթոպեդին պատերազմի օրերին ամենից շատ տպավորել են 18-20 տարեկան զինվորները, որոնք, չնայած տարբեր աստիճանի ծանր վիրավորումներին, առանձնացել են խիզախությամբ: «Ես համոզվեցի, որ սահմանին կանգնած զինվորն ամեն ինչի պատրաստ է հանուն հայրենիքի»,-եզրափակում է կամավորագրված ԵՊԲՀ սովորողը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930