Հինգշաբթի օրը, ս.թ. ապրիլի 15-ին, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (SFRC) հաստատման լսումների ժամանակ SFRC-ի նախագահ Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) դեսպան Վիկտորիա Նուլանդին՝ որպես ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի թեկնածուին, բարձրաձայնեց հայ ժողովրդի հետ կապված հիմնահարցեր, ներառյալ՝ հայ ռազմագերիների խնդիրը, որոնք դեռ անարդարացիորեն գտնվում են Ադրբեջանի գերության մեջ և հիմնավոր մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը, հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից, Թուրքիայի լիակատար ու բացահայտ աջակցությամբ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայ ժողովրդի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմին՝ որպես «անասելի ողբերգություն» և Միացյալ Նահանգների բարձրաստիճան դիվանագիտության «աններելի» բացակայությանը պատերազմի ողջ ընթացքում, հանձնաժողովի նախագահ Մենենդեզը հայտարարեց, որ «ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի իր մոտ պահվող ռազմագերիներին, որը (Ադրբեջանը) հրաժարվում է նրանց ազատ արձակել՝ խախտելով միջազգային օրենքը»:
Դեսպան Նուլանդը հաստատեց, որ ԱՄՆ-ն պետք է «հասնի գերիների ազատ արձակմանը»:
«Շուրջ 25 տարի ես աշխատել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի խնդիրների վրա, և այն, թե ինչպես իրավիճակը վատթարացավ անցյալ տարի՝ բացարձակապես ողբերգական էր տարածաշրջանում շատերի համար»,– շարունակեց դեսպան Նուլանդը:
Կարդացեք նաև
Կեսօրվա լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Մենենդեզը խոսեց նաև ԱՄՆ-ից Արցախին մարդասիրական օգնության տրամադրման կարևորության ու հրատապության մասին և «Լեռնային Ղարաբաղի իրենց տներից տեղահանված հայերի համար իրենց անհրաժեշտ օգնության ստացումն ապահովելու» կարևորության մասին:
Դեսպան Նուլանդը լիարժեք համաձայնությամբ պատասխանեց հիմնավոր մարդասիրական աջակցություն տրամադրելու պարտավորությանը, ներառյալ՝ ականազերծմանն ուղղված ֆինանսական միջոցներ տրամադրելուն, և ապահովել «Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և որ այն կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել»:
Ի պատասխան հանձնաժողովի նախագահ Մենենդեզի այն հարցին, թե ինչպես ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ առավել կայուն խաղաղ գործընթաց ստեղծելու համար, դեսպան Նուլանդը քննարկեց Թուրքիայի հետ զրույցներ ունենալը:
«Պետքարտուղարը (Էնթոնի Բլինկենը) խոսել է Թուրքիայում տիրող միտումների վերաբերյալ իրատեսական լինելու անհրաժեշտության մասին»,– ասաց դեսպան Նուլանդը: «Այնտեղ մենք մեծ աշխատանք ունենք կատարելու մեր երկկողմ հարաբերություններում` հստակեցնելու մեր մտահոգություններն ոչ միայն նրա վերաբերյալ, թե ինչ է անում Թուրքիան իր երկրից դուրս, այլ նաև նրա՝ թե ինչ է անում իր երկրի ներսում»:
Դեսպան Նուլանդն ընդգծեց «Կովկասի երկրներին ուժգին աջակցություն ցուցաբերելու, այնտեղ դիվանագիտորեն ակտիվ լինելու, բարձրաստիճան առաջնորդներին Հայաստան հասցնելու և մեր բոլոր տնտեսական և հումանիտար գործիքները կիրառելու» կարևորությունը:
«Մենք ողջունում ենք հանձնաժողովի նախագահ Մենենդեզի շարունակական առաջնորդությունը»,– հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Գերիների ազատ արձակումը գերակա խնդիր է, ինչպիսին են նաև հայ ժողովրդի մարդասիրական կարիքները: Մենք շարունակում ենք առաջ մղվել բոլոր ճակատներում»,– հավելեց Արդունին:
Համագումարն ուժգին աջակցում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական օրինագծին, որը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել և հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c)(3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:
Ամերիկայի հայկական համագումար