Վահե Ղարիբյանի մասին պատերազմի առաջին օրերին էի լսել: Համագյուղացիներն ասում էին՝ շատ բարի տղա է, օգնության ձեռք մեկնող, հիմա էլ առաջնագծում է իր գործն անում, բժիշկ է:
Որոշել էի, որ եթե անգամ մեկ ժամով գա տուն, հանդիպելու եմ ու գրեմ իր մասին: Սակայն Վահեին ճանաչել չհասցրի՝ առաջնագծից այդպես էլ չվերադարձավ:
Ու հիմա ես նրան փորձում եմ ճանաչել քրոջ՝ Լիլիթի եւ մոր՝ Նվարդի պատմելով։
Կարդացեք նաև
Վահեի նկարները գեղեցիկ դասավորված են տան՝ իր համար ստեղծված անկյունում։ Նա բարձրահասակ, հաղթանդամ, բաց դեղնականաչավուն աչքերով, ժպտադեմ տղամարդ էր: Ծնվել է Արագածոտն մարզի Կարբի գյուղում: Ընտանիքի կրտսերն էր, 4 քույրերից հետո է ծնվել Վահեն՝ ընտանիքի միակ արու զավակը: Տիկին Նվարդի զավակներից երկուսը բժիշկներ են, երկու քույրերը բուժքույր-մանկաբարձուհի, միայն ավագ դուստրն է այլ մասնագիտություն ընտրել:
«Սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Դեղագիտության ֆակուլտետում, դեղագետի բարձր որակավորում ստացավ: Ինտերնատուրա ընդունվելուն զուգահեռ արդեն սկսել էր նաև աշխատել «Ալֆա ֆարմ» դեղատնային ցանցում որպես վաճառող-դեղագետ: Հետագայում դարձավ տարածքային զարգացման մենեջեր, 20 դեղատուն էր ղեկավարում: Աշխատակիցներ ուներ, բայց չափազանց պարտաճանաչ էր, ամեն ինչ ինքն էր անում»,- ասում է տիկին Նվարդը:
Երազանքն էր սեփական դեղատնային ցանց ունենալը: Այդ մտադրությամբ էլ աշխատանքից դուրս եկավ և հարազատ գյուղում հիմնեց իր առաջին դեղատունը։
Վահեն ամուսնացած էր, մեկ որդի ունի: Հարսանիքից տասն ամիս անց՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին զորակոչվել է բանակ՝ որպես բժիշկ, լեյտենանտի կոչումով:
«Վահեն ժամկետային զինծառայող էր, օրենքով բժիշկները նույնպես ծառայում են, բայց հերթով են տանում՝ տարիքայինով, ինչքան բժիշկ որ պետք էր լինում զորամասերին: Դեռ իր ժամանակը չէր, բայց ստացվեց այնպես, որ բժիշկ-դեղագետներին՝ իր կուրսեցիներին էլ միանգամից զորակոչեցին»,- շարունակում է պատմել մայրը:
Եղել է Ագարակի զորամասի բուժկետի պետը: Մոր ասելով՝ հրամանատարները զարմացել էին, թե ինչպես է հասցնում սպասարկել ամբողջ զորամասին, քաղաքի բնակիչներին նույնպես: Բոլորի բժիշկն է եղել՝ սովորական քաղաքացուց մինչև զինվոր ու սպա: «Չափազանց մաքրասեր էր, կարգ ու կանոն էր հաստատել բուժկետում»,- շարունակում է տիկին Նվարդը:
Երեխայի ծնվելուց հետո Վահեն հաճախ կնոջն ու երեխային տարել է իր մոտ։ Նվարդն ասում է, որ 32-րդ անգամից հետո հաշիվը կորցրել է, թե Վահեն քանի անգամ է տարել ու հետ բերել ընտանիքին: Վախը սրտում է սպասել, թե երբ են տեղ հասնելու, բայց չի մտածել, որ որդին այսպես կհեռանա:
«Օրերն ու ժամերն էինք հաշվում, թե երբ է գալու: Սկզբում իրեն ճանապարհելուց էի լացում, թոռանս ծնվելուց հետո արդեն նույն ձև երեխայի համար, պտտվում նորից գալիս համբուրում էր, ասում էր՝ մամ ջան, մի լացի, հետ եմ բերելու: Ասում էի՝ հիմա էլ թոռանս եմ ուղարկում ծառայության»,- պատմում է տիկին Նվարդը:
Սեպտեմբերի 27-ին կնոջն ու երեխային հետ է ուղարկել գյուղ, իսկ ինքը տեղափոխվել է Ջրական (Ջաբրայիլ): Ծնողներին չի ասել, որ պատերազմի ամենաթեժ կետերից մեկում է: Ամեն օր զանգել է տուն, խոսել է «ՈւԱԶ»-ի միջից, որպեսզի կողքից ձայներ չլսվեն: Ասել է՝ Կապանում է, սպասում են հրամանի, որ իրենք էլ գնան առաջնագիծ, ապահով տեղում է:
Պատերազմի օրերին կարող էր մնալ ու հոսպիտալում օգնություն ցույց տալ, բայց պատրաստակամորեն, առանց հապաղելու, բժշկական պայուսակը ձեռքին շտապել է մարտի դաշտ՝ անմիջապես տեղում օգնություն ցույց տալու: Առաջին 3 օրերին բացարձակ չի քնել, անգամ սնվելու ժամանակ չի ունեցել: Ասել է՝ 18 տարեկան երեխաներ են, ինչքան հնարավոր է շատերին պիտի հասցնեմ օգնել:
«Անընդհատ զանգում էր, ոչ մի րոպե մտքներովս չի անցել, թե որտեղ է եղել: Մենք չէինք զանգում՝ հասկանալով, որ զանգը կարող է խնդիրներ առաջացնի, սպասում էինք իր զանգելուն»,- շարունակում է մայրը:
«ՈւԱԶ»-ի վարորդը՝ Գագիկը, որը Վահեի հետ է եղել, հարազատներին պատմել է, որ իրեն էլ էր սովորեցրել ամեն ինչ, թե որ տուփի մեջ ինչն է դրված, որտեղ են դեղերը, ասեղները, երբ ինչ ուզի, արագ փոխանցի: Վարորդն է օգնել Վահեին, կարելի է ասել՝ բուժեղբոր դեր է կատարել:
«Վարորդը պատմել է նաև, որ ճանապարհն անցնելիս Վահեն լքված շինություն է տեսել ու մտածել, որ հրամանատարին ասի, վիրավոր զինվորներին բերեն այդտեղ առաջին բուժօգնություն ցույց տալու, ոչ թե բաց դաշտերում»,- ասում է Լիլիթը:
Հոկտեմբերի 5-ի կեսօրին Վահեն հերթական անգամ զանգում է հարազատներին։ Դա նրա վերջին հեռախոսազրույցն էր:
«Մի պահ դադարել են կրակոցները, խմբից մի փոքր առանձնացել է ու ասել, որ մի վիրավոր էլ կա, օգնեմ, հետո գնանք: Հենց այդ ժամանակ էլ, երբ գնացել է օգնություն ցույց տալու, կրկին սկսել են կրակոցները և հերթական արկը պայթել է իրենից քիչ հեռու: Վնասվել է ազդրի գլխավոր անոթը, կողքին էլ մարդ չի եղել, որպեսզի օգնի, արնաքամ է եղել,- ասում է տիկին Նվարդը:- Խելագարվում եմ, երբ մտածում եմ, որ չեմ տեսնելու Վահեին, անգամ երազումս չեմ տեսնում: Որ հեռվում է ծառայել, անընդհատ թվում է, թե գալու է դեռ: Մտածում եմ՝ արդյոք երկնքում կհանդիպե՞մ Վահեիս»:
Սվետլանա ԴԱՎԹՅԱՆ