Ա1+. Դեռևս անցյալ տարի՝ մայիս-հունիս ամիսներին՝ կորոնավիրուսային համավարակի առաջին ալիքի ժամանակ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետազոտություն է իրականացրել ընդհանուր բնակչության հոգեկան առողջության վերաբերյալ։
«Բավականին հետաքրքիր և անհանգստացնող տվյալներ հայտնաբերեցինք։ Մարդկանց 40%-ը գտնվում էր միջին և ծանր սթրեսի ազդեցության տակ, 35%-ի մոտ առկա էր դեպրեսիա, 20%-ի մոտ առկա էր արդեն հոգեմարմնական մեխանիզմներով առաջացած խանգարումներ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 5-ից մեկի մոտ, ում մոտ առկա էին մարմնական գանգատներ, պատճառը հոգեբանական էր։ Եվ դա այն ժամանակ, երբ չկար պատերազմն ու մեզ համար ոչ ցանկալի ավարտը, դրա համար հիմա վստահաբար կարող ենք փաստել, որ 50%-ը գտնվում են միջին և ծանր սթրեսի ազդեցության տակ», – ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։
Հայկական հոգեբուժական ասոցիացիան եւս 7 կազմակերպության հետ աջակցություն է ցուցաբերում՝ պատերազմի հոգեբանական ազդեցությունը նվազեցնելու նպատակով։ Սկզբում հոգեկան առողջության ոլորտի մասնագետներն ու կազմակերպություններն ամեն ինչ անում էին կամավոր։ Սակայն պատերազմից հետո շուրջ 200-ից ավելի կազմակերպություններից մնացին 13-ը և, Արմեն Սողոյանի խոսքով, պատրաստ էին աշխատանքները շարունակել անկախ ֆինանսավորումից. «Բայց շատ ողջունելի է, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը որոշեց գումար հատկացնել մարդկանց հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար։ Հոգեբուժական օգնությունը պետական պատվեր է, իսկ հոգեբանական օգնությունը չի կանոնակարգվում։ Սա շատ կարևոր քայլ էր», – ասաց նա։