«Կարծում եմ՝ պետք է հուսադրող բաներ լինեն, դրա համար պետք է ոչ թե սպասենք, այլ գործենք: Բայց նաեւ ուզում եմ նշել, որ եթե այսպես գնա, աստիճանաբար հեկտարներով, կիլոմետրերով, ապա մշակույթով ու տնտեսությամբ կարող է հանձնվենք հզոր, երիտասարդ ագրեսիվ պետություններին: Կյանքը պատմության էջերով ցույց է տալիս, որ հին պետություններն այդքան ագրեսիվ չեն, որքան նորերը»,- «Հայելի» ակումբում նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:
«Պարտության հաջորդ օրվանից նույնիսկ մինչեւ պարզելը` ով է մեղավոր, ով` անմեղ, առաջին հարցը պետք է լիներ` ի՞նչ ենք անելու, որպեսզի մոտ կամ թեկուզ հեռու ապագայում կարողանանք փոխել իրավիճակը, եւ ոչ թե մասամբ, այլ կտրուկ վերականգնելու առնվազն այն, ինչ-որ ունեինք: Դրա համար իմ ուղերձը հղեցի, որ պետք է համախմբվել, ղեկավարման ղեկը տալ արհեստավարժ մարդկանց` իրավաբանների, պատմաբանների, գիտնականների, արվեստի մարդկանց` ամեն մեկին իր ոլորտում»,-նշեց դիրիժորը:
Տիգրան Հեքեքյանի խոսքով, անընդհատ խոսվում է ազգային գաղափարախոսությունից, սակայն խոսողներից քչերը հազիվ կարողանան դրա ձեւակերպումը տալ. «Հարցրեք բոլոր խոսողներին, թող տան ձեւակերպումը, թե ինչ բան է ազգային գաղափարախոսությունը: Ես կասկածում եմ, որ փոքրաթիվ մարդիկ անգամ հազիվ կարողանան դրա բացատրությունը, մեկնաբանությունը տալ: Նախ դրա համար կան մասնագետներ, գիտնականներ, որոնք ատամները սեղմած, հիասթափված, տանը նստած են…»:
Նրա խոսքով, այսօր գտնվում ենք աղետալի վիճակում. «Հանրությունը, ժողովուրդը չունի ոչ նպատակ, ոչ տեսլական, ոչ գաղափարախոսություն, չունի մեկին, ում վստահում է, այնքան ամեն բան ջնջվել է, որ հարեւանին չենք վստահում, ընկերոջը չենք վստահում, մարդն իր եղբորը չի վստահում: Ընտանիքում 4-5 հոգով իրարամերժ մտքերով գաղափարներով իրար տալիս են, ընկերներով իրար հետ չեն շփվում, որովհետեւ տարբեր կարծիքներ ունեն… Բայց բոլորը թվացյալ խելոք ու կրթյալ մարդիկ են` գիտնականներ, մանկավարժներ, բժիշկներ… Ինչո՞ւ ենք մենք այսքան ջլատվել, մանրացել… Եվ երկրի առաջին դեմքերից մինչեւ հավաքարարը, ուսուցիչն ու գիտնականը մանր թեմաներ են քննարկում, փոխանակ խոշոր գաղափարների»:
Կարդացեք նաև
Տիգրան Հեքեքյանն ընդգծում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը երբեք էլ չեն թաքցրել իրենց նկրտումները. «Նման թշնամի աշխարհում ոչ ոք չունի: Այս մարդիկ ինչ ասում են, հետեւից գնում են ու անում: Թուրքերը դեռ 1900-ականների սկզբին մտադիր էին այս հատվածը իրենցով անել` կոտորելով, ցեղասպանելով, զավթելով…Ինչքան կարողացան՝ թույլ վիճակով արեցին, մինչեւ ռուսները հանուն կոմունիզմի պահեցին, փող տվեցին, զենք ու ոսկի, սրանք մեջքը ուղղեցին ասացին` մենք կանենք մնացածը… Ցավոք՝ հույսը միշտ աստծո վրա է դնում մեր ժողովուրդը փոխանակ ուրիշ հարաբերութուններ ունենա Աստծո հետ… Ինքս էլ ունեմ երաժշտագետ ընկեր, ասում է` ո՞վ է թողնելու Հայաստանի վրա հարձակվեն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ