Il Foglio իտալական պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում բացված «ռազմավարի պուրակին»
Ներկայացնում ենք «Նախագահ Ալիևի նոր պուրակը» հոդվածը:
Պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվեց չորս ամիս առաջ՝ երեք հաղթողներով և մեկ պարտվողով, որը Հայաստանն է: Հաղթողների մարդաշատ դաշտում ադրբեջանցիներն են, որոնց դեմ կռվում էին հայերը, թուրքերը, որոնք աջակցում էին ադրբեջանցիներին, և ռուսները: Ինչպես միշտ, սպասվում էր, որ այս անգամ ևս ռուսները կաջակցեն Երևանին և հայկական բանակին, բայց Կրեմլը մտադիր չէր մեռնել Երևանի համար․ Հայաստանին զենք տրամադրեց, մինչդեռ մյուսների հետ Մոսկվան համաձայնության եկավ: Բոլորից շատ շահեց Ադրբեջանը, որն առանց Թուրքիայի և Ռուսաստանի, որն այդքան անտարբեր էր հայկական խնդրի նկատմամբ, երբեք չէր հաղթի: Լեռնային Ղարաբաղը, որը մեծ մասամբ հայերով բնակեցված շրջան է Ադրբեջանի տարածքում, երկար ժամանակ հակամարտության առարկա էր երկու ժողովուրդների միջև, բայց վերջին համաձայնագրերին հանգեցրած պատերազմը տևեց վեց շաբաթ՝ մեծաքանակ կորուստներով, ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի շրջանում, որոնց ճշգրիտ տվյալները դեռևս բացակայում են:
Հայերը պատմում են շատ երիտասարդ զինվորների կորած սերնդի մասին, ովքեր մեկնել են կռվելու: Առաջնագծում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, ով, երբ ամուսինը ստորագրեց համաձայնագիրը, չէր ցանկանում հեռանալ, լքել այն հողերը, որտեղից այդքան շատ հայեր են վտարվել: Պատերազմը պարտված է․ վարչապետ Փաշինյանը ստիպված էր հայտարարել արտահերթ ընտրություններ։ Նա խորհրդանշում է երկու տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխության հզոր փոփոխությունը, որի մասին հայերը դեռ շատ են խոսում, սակայն այժմ համաձայնագրի պատճառով նրա կողմից շատերն իրենց դավաճանված են զգում:
Կարդացեք նաև
Հայոց պատմության մեջ Լեռնային Ղարաբաղը մեծ վերքի նման է, և այն ոչ մի կերպ չի բուժվում: Ադրբեջանցիները, մշտապես զինվորական համազգեստով իրենց նախագահ Իլհամ Ալիևի հետ, նշում են, որ իրենք հոգ կտանեն այդ տարածքների մասին, սակայն այժմ տեղի է ունենում հակառակը. նրանք վտարել են հայերին և ցանկանում են ազատվել նաև նրանց խորհրդանիշներից: Ալիևը, ով հաճախ է խոսում հաշտեցման մասին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բացել է զբոսայգի՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի սաղավարտները ցուցադրելու համար, սակայն բացի ադրբեջանական հաղթանակի ցուցադրությունից, այն հանդիսանում է նաև հայկական պարտության ցուցահանդես (առգրավված զենքեր, հայ զինվորների համազգեստ հագած մանեկեններ՝ փախչելիս, մահանալիս, գերի ընկնելիս):
Ալիևը լուսանկարվել է թանգարան այցելելիս: Կադրերից մեկում երևում է, որ պատերին սաղավարտներով լի սենյակ է մտնում: Հայ զինվորների սաղավարտներն են ցուցադրվում որպես ավար, որոնք խորհրդանշում են հաղթանակը, չարաշահումը, պատերազմի ավարտը, որը Երևանը թողեց առանց խաղաղության: Հայերի աճյուններն են, որոնք առավել արժեզրկված են, քան հաղթած Ադրբեջանի մեդալները:
Այգին նվաստացուցիչ պատերազմի ամենացավոտ խորհրդանիշն է, երբ հաղթողը գոհ չէ հաղթանակից, բայց ամբարտավանությամբ կարող է ցույց տալ նրանց, ովքեր մնացել են առանց հողի, առանց զինվորների՝ հաշվելով մահացածներին և աջակցելով շատ երիտասարդ ժողովրդավարությանը, որը կարիք ունի խնամքի, ուշադրության, խաղաղության, որպեսզի չտուժի:
Պատերազմներում հաղթում են և պարտվում, բայց հետո, առավելապես հաղթողների խնդիրն է ամեն ինչ իր տեղը դնելը և դա չի արվում ցուցահանդեսի միջոցով: Հակառակ պարագայում դա ոչ թե հաղթանակ է, այլ միայն պարտության չարաշահում: